Հոդված 27. Նոտարի գույքային պատասխանատվությունը
Հոդված 27. Նոտարի գույքային պատասխանատվությունը
1. Նոտարը Քաղաքացիական օրենսգրքով սահմանված գույքային պատասխանատվություն է կրում միայն իր կողմից դիտավորությամբ թույլ տրված խախտումների հետևանքով նոտարական գործողությունների համար դիմած անձանց պատճառված վնասի համար:
Նոտարի կողմից իր ծառայողական պարտականությունների խախտման հետևանքով պատճառված վնասի համար Հայաստանի Հանրապետությունը պատասխանատվություն չի կրում:
2. Նոտարը պարտավոր է օրենքով սահմանված կարգով ապահովագրել իր պատասխանատվության ռիսկը, որի չափը չպետք է պակաս լինի նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկից:
(10.05.16 ՍԴՈ-1271 որոշմամբ 27-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունը և դրա հետ համակարգային առումով փոխկապակցված նույն հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերությունը ճանաչել ՀՀ Սահմանադրությանը հակասող:
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի անվտանգությունը չխաթարելու անհրաժեշտությունը` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 3-րդ մասի և «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ մասի հիման վրա սույն որոշմամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմերի ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանել 2016 թվականի հոկտեմբերի 31-ը՝ հնարավորություն տալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին և Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ իրենց իրավասության շրջանակներում «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իրավակարգավորումները համապատասխանեցնելու սույն որոշման պահանջներին)