Հոդված 10. Նոտարի պաշտոնում նշանակելը
Հոդված 10. Նոտարի պաշտոնում նշանակելը
1. Սույն օրենքով նախատեսված կարգով նոտարի պաշտոնում կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության գործունակ 25 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացի, որն ունի իրավաբան բակալավրի կամ իրավաբան դիպլոմավորված մասնագետի որակավորում, չունի դատվածություն, անցել է նոտարական գործունեության առնվազն մեկ տարվա ստաժավորում, իսկ 3 տարվա իրավաբանի մասնագիտական աշխատանքային ստաժի կամ գիտական աստիճանի առկայության դեպքում` առնվազն 3 ամսվա ստաժավորում և որակավորման քննական հանձնաժողովին հանձնել է նոտարի որակավորման քննությունները:
Արդարադատության նախարարը նոտարի պաշտոնում կարող է նշանակել նաև նոտարական գործունեության ստաժավորում չանցած և որակավորման քննություն չհանձնած այն անձին, որը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում կամ նոտարական պալատում իրականացրել է նոտարիատի բնագավառում վերջին հինգ տարվա ընթացքում մասնագիտական ոչ պակաս, քան երեք տարվա աշխատանքային գործունեություն:
Նոտարի թեկնածուների որակավորման ստուգմանը կարող է մասնակցել և նոտարի պաշտոնում նշանակվել նաև իրավաբանի առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ գիտական աստիճան ունեցող` Հայաստանի Հանրապետության գործունակ քաղաքացին` անկախ ստաժավորման հանգամանքից: Որակավորման ստուգումը հանձնած նման անձինք նոտարի պաշտոնում նշանակվում են կառավարության սահմանած կարգով նոտարական գործունեության իրականացման հմտությունների ուսուցմանն ուղղված եռամսյա դասընթացը ավարտելուց հետո:
2. Որակավորման քննական հանձնաժողովի կազմը հաստատում է արդարադատության նախարարը: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են հավասար թվով նախարարության աշխատակիցներ և նոտարական պալատի կողմից առաջադրված նոտարներ:
3. Նոտարի պաշտոնում նշանակումները կատարում է արդարադատության նախարարը` հաշվի առնելով նոտարական պալատի եզրակացությունը, որը պետք է լինի պատճառաբանված և հիմնավորված:
Պաշտոնում նշանակելուց հետո արդարադատության նախարարությունը նոտարին տալիս է ծառայողական վկայական:
(10-րդ հոդվածը փոփ., լրաց. 25.05.11 ՀՕ-176-Ն, 19.10.16 ՀՕ-180-Ն)