Հոդված 12. Նոտարի հաստիքների քանակը և աշխատանքի տեղամասը
Հոդված 12. Նոտարի հաստիքների քանակը և աշխատանքի տեղամասը
1. Նոտարն իր գործունեությունն իրականացնում է նոտարական գրասենյակում, որը պետք է գտնվի նրա համար սահմանված նոտարական տարածքում: Նոտարական տարածքը այն վարչատարածքային միավորն է, որի սահմաններում նոտարն իրականացնում է իր գործունեությունը: Նոտարական տարածքները, նոտարական գրասենյակներին առաջադրվող նվազագույն պահանջները և գտնվելու վայրերի չափանիշները սահմանում է արդարադատության նախարարը: Նոտարական տարածքները սահմանվում են գործարքների, հաճախորդների ակտիվության վրա հիմնված տարածքային բաժանման սկզբունքի, իսկ նոտարական գրասենյակներին առաջադրվող նվազագույն պահանջները և գտնվելու վայրերի չափանիշները՝ քաղաքացիների հարմարավետության, հերթերի արդյունավետ կառավարման, անվտանգության ապահովման, ժամանակի արդյունավետության սկզբունքների հիման վրա:
Մեկ նոտարական տարածքում կարող է գործել մեկ կամ մի քանի նոտարական գրասենյակ: Մեկ նոտարական գրասենյակում կարող են աշխատել նույն նոտարական տարածքում գործունեություն իրականացնող մեկ կամ ավելի նոտարներ:
Նոտարական գործողություններ կատարելու համար նոտարին կարող է դիմել ցանկացած անձ, անկախ նրա բնակության կամ գտնվելու վայրից, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
2. Նոտարների հաստիքների քանակը սահմանում է արդարադատության նախարարը՝ հաշվի առնելով նոտարական պալատի կարծիքը:
3. Եթե շահագրգիռ անձի՝ տեղաշարժի հնարավորությունը սահմանափակող հիվանդության կամ անօգնական վիճակի պատճառով նոտարական գրասենյակում նոտարական գործողությունների կատարումն անհնարին է դառնում, ապա շահագրգիռ անձի դիմումի հիման վրա նոտարը պարտավոր է դիմումը ներկայացնելու օրը կամ դրան հաջորդող աշխատանքային օրը նոտարական գործողություններ կատարել նոտարական գրասենյակից դուրս՝ նոտարական տարածքում։
Նոտարական գործողությունները կարող են կատարվել նոտարական գրասենյակից դուրս նաև սույն օրենքի 59-րդ, 61-րդ, 80-րդ, 82-րդ հոդվածներով սահմանված դեպքերում:
Այս դեպքերում նոտարը պարտավոր է վավերացման մակագրության մեջ և գրանցամատյանում նշել նոտարական գործողության կատարման վայրը (հասցեն):
(12-րդ հոդվածը խմբ., լրաց. 19.10.16 ՀՕ-180-Ն)