Հոդված 40. Նոտարական գործողություն կատարելու համար դիմած անձի ինքնությունը, իրավունակությունը կամ գործունակությունը պարզելը
Հոդված 40. Նոտարական գործողություն կատարելու համար դիմած անձի ինքնությունը, իրավունակությունը կամ գործունակությունը պարզելը
1. Նոտարական գործողություններ կատարելիս նոտարը պարտավոր է ստուգել նոտարական գործողություններ կատարելու համար դիմած ֆիզիկական անձանց, նրանց ներկայացուցիչների կամ կազմակերպության ներկայացուցիչների ինքնությունն ու գործունակությունը, ինչպես նաև կազմակերպությունների իրավունակությունը, բացառությամբ խորհրդատվությունների կամ նոտարական գործողություններ չհամարվող այլ նոտարական ծառայություններ մատուցելու, ինչպես նաև սույն օրենքի 36-րդ հոդվածի 1-ին կետի 5-7-րդ ենթակետերով նախատեսված նոտարական գործողություններ կատարելու համար դիմելու դեպքերի:
Լիազորագրերի հիման վրա նոտարական գործողություններ կատարելիս նոտարը պարտավոր է ստուգել լիազորված կողմերի լիազորությունները:
2. Ֆիզիկական անձի ինքնությունը և գործունակությունը որոշվում է անձը հաստատող փաստաթղթերով, իսկ էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի վավերացման դեպքում՝ վավերական էլեկտրոնային ստորագրության առկայությամբ:
Կազմակերպության իրավունակությունը որոշվում է՝ ելնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության և իրավաբանական անձի կանոնադրության պահանջներից:
Պետության կամ համայնքի անունից հանդես եկող պետական կամ համայնքային մարմինների իրավունակությունը որոշվում է՝ ելնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության և պետության կամ համայնքի անունից հանդես եկող մարմինների կամ հիմնարկների կանոնադրության պահանջներից:
(40-րդ հոդվածը փոփ. 19.10.16 ՀՕ-180-Ն, լրաց. 13.12.17 ՀՕ-316-Ն)