Հոդված 30.4. Փախստականի նույնականացման քարտը կամ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը վերցնելը
Հոդված 30.4. Փախստականի նույնականացման քարտը կամ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը վերցնելը
1. Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց վերապահված լիազորություններն իրականացնելիս պարտավոր են վերցնել փախստականի նույնականացման քարտը կամ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը, եթե առկա են դրանք անվավեր ճանաչելու` սույն օրենքի 30.3-րդ հոդվածի 1-ին մասի 1-2-րդ և 6-7-րդ կետերով նախատեսված հիմքերը, կամ անձն օգտագործում է այլ անձի պատկանող փախստականի նույնականացման քարտ կամ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ: Փախստականի նույնականացման քարտը կամ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը վերցնելուց հետո անմիջապես անձին տրվում է վերցնելու փաստը հավաստող տեղեկանք: Տեղեկանքի ձևը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում օտարերկրյա պետությունում գտնվող անձանց կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը վերցնում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հիմնարկը:
3. Փախստականի վերցված նույնականացման քարտը կամ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը փոխանցվում է Ոստիկանություն, բացի սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերից:
4. Կասկածյալի կամ մեղադրյալի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը ժամանակավորապես վերցնում է հետաքննության կամ նախաքննության մարմինը: Կասկածյալի կամ մեղադրյալի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը պահվում է վարույթ իրականացնող պաշտոնատար անձանց մոտ և վերադարձվում է հարուցված քրեական հետապնդումը դադարեցվելուց հետո` անմիջապես: Ազատազրկման դատապարտված անձի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը պահվում է պատիժը կատարող մարմնում և անձին վերադարձվում է պատիժը կրելուց հետո՝ անմիջապես:
5. Արգելվում է փախստականի նույնականացման քարտը կամ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը վերցնելը (բացառությամբ սույն հոդվածում նշված դեպքերի) կամ գրավ ընդունելը:»: