Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2.

Օրենքի 10-րդ հոդվածում`

1) 6-րդ մասի «է» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«է) սույն մասի «թ» կետով սահմանված կշռային ցուցանիշները չգերազանցող ծանրաքաշ և (կամ) մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների երթևեկությունը առանց ճանապարհը տնօրինողի թույլտվության, իսկ սույն մասի «թ» կետով սահմանված կշռային ցուցանիշները գերազանցող չմասնատվող բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցների երթևեկությունն առանց հատուկ թույլտվության.».

2) 6-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «թ» կետով.

«թ) այն ծանրաքաշ տրանսպորտային միջոցների երթևեկությունը Հայաստանի Հանրապետության տարածքում, որոնց առավելագույն ընդհանուր զանգվածը գերազանցում է 44 տոննան, իսկ տրանսպորտային միջոցի մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը՝ 11.5 տոննան:».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1- 6.6-րդ մասերով.

«6.1. Սույն հոդվածի 6-րդ մասի «թ» կետում նշված ցուցանիշները գերազանցող չմասնատվող բեռներ փոխադրող ծանրաքաշ տրանսպորտային միջոցների երթևեկությունը իրականացվում է փոխադրումների իրականացման հատուկ թույլտվության առկայությամբ, որի տրամադրման համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:

6.2. Չմասնատվող բեռներ փոխադրող ծանրաքաշ տրանսպորտային միջոցներով փոխադրումների իրականացման հատուկ թույլտվության տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6.3. Հատուկ թույլտվության տրամադրումը մերժվում է, եթե՝

ա) փոխադրողի կողմից ներկայացված փաստաթղթերը թերի են, և մատնանշված թերությունները երեք աշխատանքային օրվա ընթացքում չեն վերացվել.

բ) փոխադրվող բեռը հնարավոր է մասնատել.

գ) փոխադրվող բեռի զանգվածը գերազանցում է արտադրողի կողմից տվյալ տրանսպորտային միջոցի համար սահմանված բեռնատարողությունը.

դ) հայտատուն չի վճարել «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական տուրքը.

ե) հայտատուն չի վճարել «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ճանապարհային վճարը (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ դեպքերի).

զ) ավտոճանապարհների, արհեստական կառույցների և հաղորդակցության ուղիների տեխնիկական վիճակը հնարավորություն չեն տալիս իրականացնելու նման փոխադրում:

6.4. Հատուկ թույլտվության հայտը մերժելու վերաբերյալ որոշման մեջ հստակ պետք է նշվեն մերժման պատճառներն ու իրավական հիմքերը:

6.5. Հատուկ թույլտվության հայտի մերժման դեպքում հայտատուն իրավունք ունի հատուկ թույլտվություն ստանալու նպատակով ընդհանուր հիմունքներով ներկայացնելու նոր հայտ:

6.6. Սույն հոդվածի 6-րդ մասի «թ» կետով սահմանված կշռային ցուցանիշները գերազանցող՝ մասնատվող բեռներ փոխադրող ծանրաքաշ տրանսպորտային միջոցների երթևեկությունը Հայաստանի Հանրապետության տարածքում թույլատրվում է միայն դրանց ավել բեռի բեռնաթափումից հետո:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։