Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2016-11-26-ից մինչև 2017-02-04։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 21. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ և ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԲՈՒԺՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ, ԱՆՁՆԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԱՆ

գործել է մինչև 2017-02-04Բացել ARLIS-ում

Հոդված 21. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ և ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԲՈՒԺՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ, ԱՆՁՆԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԱՆ

Ձերբակալված և կալանավորված անձանց բուժսանիտարական և բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտը կարգավորող օրենսդրությանը համապատասխան։ Ձերբակալված և կալանավորված անձանց բուժսանիտարական և բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպելու, առողջապահական մարմինների բուժական հիմնարկներից օգտվելու և այդ նպատակով դրանց բժշկական անձնակազմին ներգրավելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Ձերբակալվածներին պահելու վայրի և կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմերն ապահովում են ձերբակալված կամ կալանավորված անձանց առողջության պահպանմանն ուղղված սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային պահանջների կատարումը:

Կալանավորվածներին պահելու վայրում պետք է աշխատի ընդհանուր մասնագիտացում ունեցող առնվազն մեկ բժիշկ:

Մասնագիտացված բուժօգնության կարիք ունեցող ձերբակալված կամ կալանավորված անձը փոխադրվում է հատուկ մասնագիտացված կամ քաղաքացիական բուժհաստատություն: Ձերբակալված և կալանավորված անձանց բժշկական, այդ թվում` հոգեբուժական օգնություն ցույց տալու, նրանց բուժհաստատություններում պահելու, ինչպես նաև բուժսպասարկման գործում այդ հաստատությունների աշխատողներին ներգրավելու կարգը սահմանում է լիազորված մարմինը:

Ձերբակալված կամ կալանավորված անձի մոտ մարմնական վնասվածք հայտնաբերելու դեպքում ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի բուժաշխատողը կամ հրավիրված բուժաշխատողն անհապաղ կատարում է բուժզննություն, որին կարող է մասնակցել ձերբակալված կամ կալանավորված անձի ընտրած բժիշկը: Բժշկական զննությունը իրականացվում է ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի ծառայողի լսողության, իսկ մինչև բժշկի կողմից հակառակը չպահանջելը` նաև տեսողության սահմաններից դուրս: Բուժզննության արդյունքները սահմանված կարգով գրանցվում են անձնական գործում, և այդ մասին իրազեկում են հիվանդին, ինչպես նաև քրեական վարույթն իրականացնող մարմնին:

Ձերբակալված կամ կալանավորված անձի ծանր հիվանդության կամ մահվան դեպքում ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմն այդ մասին անհապաղ տեղեկացնում է ձերբակալված կամ կալանավորված անձի մերձավոր ազգականներին, քրեական վարույթն իրականացնող մարմնին և հսկողություն իրականացնող դատախազին:

Օտարերկրյա քաղաքացիություն ունեցող ձերբակալված կամ կալանավորված անձի ծանր հիվանդության կամ մահվան դեպքում համապատասխան հիմնարկի վարչակազմն այդ մասին անհապաղ հայտնում է վերադաս մարմնին, որն էլ տեղեկացնում է շահագրգիռ գերատեսչություններին, այդ թվում` համապատասխան պետության դիվանագիտական ներկայացուցչությանը կամ հյուպատոսական հիմնարկին:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված գործողությունները կատարելուց հետո աճյունը հանձնվում է այն պահանջող անձին` նախապատվությունը տալով մերձավոր ազգականներին: Եթե աճյունը երեք օրվա ընթացքում չի պահանջվել, հուղարկավորությունը կատարվում է պետության հաշվին:

Ձերբակալված կամ կալանավորված անձի մոտ ծանր հիվանդություն հայտնաբերելու դեպքում, որը կարող է հանգեցնել նրա հոգեկան խանգարման կամ մահվան, համապատասխան հիմնարկի պետը բժշկական եզրակացության հիման վրա միջնորդում է քրեական վարույթն իրականացնող մարմնին և հսկողություն իրականացնող դատախազին` հարկադրանքի միջոցը վերացնելու կամ փոխելու վերաբերյալ:

Ձերբակալված կամ կալանավորված անձը պետք է հնարավորություն ունենա մարդկային արժանապատվությունը չնվաստացնող պայմաններում բավարարել իր սանիտարահիգիենիկ պահանջները: Նրա անձնական հիգիենայի պահպանման պայմանները և կանոնները սահմանվում են ներքին կանոնակարգով:

Արգելվում է ձերբակալված կամ կալանավորված անձին ենթարկել որևէ բժշկական կամ գիտական փորձի` անկախ վերջինիս համաձայնության:

(21-րդ հոդվածը խմբ. 08.07.05 ՀՕ-162-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։