Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2016-11-26-ից մինչև 2017-02-04։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 15. ՊԱՇՏՊԱՆԻ, ՄԵՐՁԱՎՈՐ ԱԶԳԱԿԱՆՆԵՐԻ և ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ ՏԵՍԱԿՑԵԼԸ

գործել է մինչև 2017-02-04Բացել ARLIS-ում

Հոդված 15. ՊԱՇՏՊԱՆԻ, ՄԵՐՁԱՎՈՐ ԱԶԳԱԿԱՆՆԵՐԻ և ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ ՏԵՍԱԿՑԵԼԸ

Ձերբակալված կամ կալանավորված անձն ունի իր պաշտպանությունը ստանձնելու նպատակով տեսակցության եկած փաստաբանի կամ իր պաշտպանի հետ առանձին, անարգել տեսակցելու իրավունք՝ առանց տեսակցությունների թվի և տևողության սահմանափակման, անկախ աշխատանքային օրերից կամ ժամերից։

Կալանավորված անձի միջնորդության հիման վրա, քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, նրան թույլատրվում են նաև առանձին, անարգել տեսակցություններ քրեական գործով պաշտպան չհանդիսացող փաստաբանի հետ՝ առանց տեսակցությունների թվի և տևողության սահմանափակման, եթե դա կապված է կալանավորված անձին քրեական գործի քննության հետ չկապված իրավաբանական օգնություն ցույց տալու անհրաժեշտության հետ։ Քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից նշված միջնորդության քննարկումը և լուծումը, ինչպես նաև կալանավորված անձի կողմից դրա կապակցությամբ կայացված որոշման բողոքարկումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով։

Ձերբակալված կամ կալանավորված անձի տեսակցությունը փաստաբանի կամ պաշտպանի հետ տրամադրվում է այն դեպքում, երբ փաստաբանը կամ պաշտպանը ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ և փաստաբանական գործունեության արտոնագիր կամ փաստաբանի վկայական՝ քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին ուղղված համապատասխան հավաստագրի հիման վրա։ Սույն մասում նշված հավաստագիրը քրեական վարույթն իրականացնող մարմինը ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին ուղարկում է անհապաղ։

Եթե առկա է ձերբակալված անձի մասնակցությամբ դատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտություն, ապա պաշտպանությունը ստանձնելու նպատակով տեսակցության եկած փաստաբանի հետ նրա տեսակցության տևողությունը կարող է սահմանափակվել պաշտպանի հետ տեսակցության սահմանափակման համար Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքով և կարգով։

Եթե ձերբակալված կամ կալանավորված նույն անձի հետ տեսակցության համար ներկայացել է մի քանի փաստաբան կամ պաշտպան, ապա ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրի պետի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի պատճառաբանված գրավոր որոշմամբ, ելնելով այդ վայրի անվտանգության և բնականոն աշխատանքի ապահովման անհրաժեշտությունից, ձերբակալված կամ կալանավորված անձի հետ միաժամանակյա տեսակցության հնարավորություն կարող է տրվել ոչ բոլոր փաստաբաններին կամ պաշտպաններին՝ այդ որոշման պատճենը տրամադրելով ձերբակալված կամ կալանավորված անձին, ինչպես նաև տեսակցության եկած փաստաբաններին կամ պաշտպաններին։ Այս դեպքում ձերբակալված կամ կալանավորված անձն ինքն է ընտրում այն փաստաբաններին կամ պաշտպաններին, որոնց հետ պետք է տեսակցի:

Ձերբակալված և կալանավորված անձանց տեսակցությունը փաստաբանի կամ պաշտպանի հետ տրամադրվում է այնպիսի պայմաններում, որոնցում ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի ծառայողները նրանց կարողանան տեսնել, բայց չկարողանան լսել:

Ձերբակալված կամ կալանավորված անձը, իսկ ձերբակալված կամ կալանավորված անձի համաձայնության դեպքում նաև նրա փաստաբանը կամ պաշտպանն իրավունք ունեն պահանջելու անցկացնել դատաբժշկական հետազոտություն:

Ձերբակալված և կալանավորված անձանց տեսակցությունը օրինական ներկայացուցչի, մերձավոր ազգականների, իսկ կալանավորված անձանց` նաև զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների և այլ անձանց հետ, տրամադրվում է ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի պետի որոշմամբ: Ձերբակալված անձանց չի տրամադրվում տեսակցություն զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների և այլ անձանց հետ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Քննության շահերից ելնելով` ձերբակալված կամ կալանավորված անձանց տեսակցությունը օրինական ներկայացուցչի, մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների և այլ անձանց հետ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, կարող է արգելվել քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ` այդ մասին գրավոր իրազեկելով ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին:

Մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների կամ այլ անձանց հետ տեսակցությունն անցկացվում է ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի ծառայողների հսկողությամբ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Այդ անձանց կողմից ձերբակալված կամ կալանավորված անձանց արգելված առարկաներ, քրեական գործի քննությանը խոչընդոտող կամ նոր հանցագործության կատարմանը նպաստող նյութեր, տեղեկություններ փոխանցելը կամ փոխանցելու փորձը կարող է հանգեցնել տեսակցության վաղաժամկետ դադարեցման:

Ձերբակալված անձին մերձավոր ազգականների հետ տրամադրվում է առնվազն մեկ տեսակցություն` մինչև մեկ ժամ տևողությամբ:

Կալանավորված անձին մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների կամ այլ անձանց հետ ամսվա ընթացքում տրամադրվում է առնվազն երկու տեսակցություն` մինչև երեք ժամ տևողությամբ:

(15-րդ հոդվածը լրաց. 08.07.05 ՀՕ-162-Ն, 08.04.08 ՀՕ-16-Ն, փոփ., լրաց. 21.12.15 ՀՕ-191-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։