Հոդված 48. Մուտքն ու ելքը ձերբակալվածներին պահելու վայր և կալանավորվածներին պահելու վայր
Հոդված 48. Մուտքն ու ելքը ձերբակալվածներին պահելու վայր և կալանավորվածներին պահելու վայր
(վերնագիրը խմբ. 08.07.05 ՀՕ-162-Ն)
Ձերբակալվածներին պահելու վայր և կալանավորվածներին պահելու վայր մուտքի և ելքի կարգը սահմանում է պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարը:
Առանց հատուկ թույլտվության ձերբակալվածներին պահելու վայր և կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտքի և ելքի իրավունք ունեն՝
1) Հայաստանի Հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը, Հայաստանի Հանրապետության վարչապետը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահը, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորը, պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարը կամ նրա համապատասխան տեղակալը.
2) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը, նրա տեղակալները, ինչպես նաև այն դատախազները, ովքեր օրենքով սահմանված կարգով հսկողություն են իրականացնում պատիժներ և հարկադրանքի այլ միջոցներ կիրառելու նկատմամբ.
3) ձերբակալվածներին պահելու վայրի և կալանավորվածներին պահելու վայրի վերադաս մարմինների պաշտոնատար անձինք.
4) միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա.
5) Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրավասու պետական ծառայողները և հայեցողական պաշտոն զբաղեցնող իրավասու անձինք, ինչպես նաև կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետները.
6) Հայաստանի Հանրապետության այն դատավորները, ովքեր օրենքով սահմանված կարգով քննում են կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու, կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու կամ կալանքի տակ պահելու օրինականության հետ կապված հարցերը, ձերբակալված և կալանավորված անձանց իրավունքների և ազատությունների խախտման, ինչպես նաև ձերբակալվածներին պահելու վայրի և կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմերի այլ գործողությունների դեմ բողոքները.
7) սույն օրենքի 47-րդ հոդվածով սահմանված՝ արգելանքի և կալանքի տակ պահելու կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդները:
Օրենքով նախատեսված դեպքերում առանց հատուկ թույլտվության ձերբակալվածներին պահելու վայր և կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտքի և ելքի իրավունք կարող է տրվել նաև այլ անձանց:
Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձանց կողմից ձերբակալված և կալանավորված անձանց հետ տեսակցությունները չեն ազդում սույն օրենքով սահմանված` ձերբակալված և կալանավորված անձանց տրամադրվող տեսակցությունների քանակի վրա:
Ձերբակալվածներին պահելու վայր և կալանավորվածներին պահելու վայր մուտք և ելք գործող անձը, ինչպես նաև նրա իրերը ձերբակալվածներին պահելու վայրի և կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմերի կողմից կարող են ենթարկվել զննության:
(48-րդ հոդվածը խմբ. 08.07.05 ՀՕ-162-Ն, լրաց. 08.04.08 ՀՕ-16-Ն, խմբ. 16.12.16 ՀՕ-3-Ն)