Հոդված 47
Հոդված 47.
Սնանկ ճանաչված իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից պետությանը պատճառված վնասը ներառում է հարկերի (այդ թվում` թաքցված կամ պակաս ցույց տրված հարկվող օբյեկտի համար նախատեսված), ինչպես նաև հարկային օրենսդրությունը և հարկային հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերը խախտելու համար հաշվարկված` հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերի և տուգանքների գումարները, իսկ առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա համարվող գործունեության իրականացման դեպքում` նաև լիցենզավորման համար օրենքով սահմանված պետական տուրքի գումարը:
(47-րդ հոդվածը լրաց. 19.12.12 ՀՕ-237-Ն)
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
Երևան
12 մայիսի 1997 թ.
ՀՕ-107
Հավելված 1
«Հարկերի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի
Հարկերի հաշվանցման ԵՎ (կամ) վերադարձման կարգն ու ժամկետները
1. Կարգի գործողության ոլորտը
1.1. Սույն կարգով սահմանվում է պետական բյուջե վճարվող հարկերի և հարկային այլ տուգանքների գումարները օրենքով սահմանված դեպքերում հարկ վճարողի կամ հաշվանցման և (կամ) վերադարձի իրավունք ձեռք բերողի պետական բյուջեի հանդեպ այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման կարգը:
1.2. Սույն կարգին համապատասխան հաշվանցվում և (կամ) հարկ վճարողին վերադարձվում են հարկային մարմինների միջոցով պետական բյուջե հավաքագրվող հարկատեսակների և հարկային այլ տուգանքների մասով ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների (ներկայացուցչությունների, մասնաճյուղերի, հիմնարկների), դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, նրանց հավասարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների (այսուհետ` հարկ վճարող) կողմից պետական բյուջե վճարած այն գումարները, որոնց հաշվանցումը և (կամ) վերադարձը նախատեսված է օրենքով:
1.3. Օտարերկրյա անձանց կողմից Հայաստանի Հանրապետությունում ձեռք բերված ապրանքներն արտահանելիս դրանց համար հանրապետության տարածքում վճարված ավելացված արժեքի հարկի գումարների վերադարձման նպատակով սույն կարգը չի կիրառվում:
1.4. Սույն կարգին համապատասխան հաշվանցվում և (կամ) հարկ վճարողին վերադարձվում են`
ա) սահմանված չափից ավել վճարված շահութահարկը, եկամտային հարկը, ավելացված արժեքի հարկը, ակցիզային հարկը, հարկերին փոխարինող հաստատագրված վճարները, պարզեցված հարկը, հարկային մարմնի միջոցով պետական բյուջե հավաքագրվող գույքահարկը և հողի հարկը.
բ) ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների (բացառությամբ սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման գործարքների) մասով հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա ավելացված արժեքի հարկը.
գ) որպես իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր պետական գրանցում ստացած անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ակցիզային հարկ վճարողներից ձեռք բերված` ակցիզային հարկով հարկված ապրանքների արտահանման, ինչպես նաև ակցիզային հարկով հարկված հումքից պատրաստված` Հայաստանի Հանրապետությունում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների արտահանման դեպքերում` օրենքին համապատասխան հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա ակցիզային հարկը.
դ) դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, նրանց հավասարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների պաշտոնական օգտագործման նպատակով հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների, նրանց մատուցված ծառայությունների դիմաց վճարված ավելացված արժեքի հարկի գումարները.
ե) «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված սահմանային չափերը գերազանցելու դեպքում՝ վճարված հաստատագրված վճարի գումարը.
զ) օրենքով նախատեսված դեպքում ընդհանուր կարգով (շահութահարկով (եկամտային հարկով) և ավելացված արժեքի հարկով հարկման համակարգով) հարկերը հաշվարկելու դեպքում՝ հարկ վճարողի կողմից մինչ այդ վճարված պարզեցված հարկի գումարները.
է) օրենքով սահմանված կանխավճարների գումարները՝ օրենքով սահմանված դեպքերում և կարգով:
(բաժինը փոփ. 07.12.11 ՀՕ-308-Ն, 22.12.10 ՀՕ-267-Ն, 19.11.14 ՀՕ-185-Ն)
2. Կարգում կիրառվող հասկացությունները
2.1. Սույն կարգում օգտագործված հասկացությունները կիրառվում են հետևյալ իմաստներով`
հարկային այլ տուգանքներ` որևէ հարկատեսակին (կամ հաստատագրված վճարներին) չվերաբերող տուգանքներ («Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26, 28, 28.3, 28.5 և 31 հոդվածներով սահմանված տուգանքները).
սոցիալական վճարներ` «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պարտադիր սոցիալական ապահովության վճարներ.
այլ վճարներ` «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բնապահպանական և բնօգտագործման վճարներ, «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` Հայաստանի Հանրապետությունում գրանցված բեռնատար ավտոմեքենաներով ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար ճանապարհային վճար և «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգավորման պարտադիր վճարներ.
հարկերին և վճարներին չվերաբերող տուգանքներ` «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառողների գործունեության կասեցման մասին», «Դրամարկղային գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված տուգանքներ.
այլ պարտավորություններ` այլ հարկատեսակների (կամ հաստատագրված վճարների), հարկային այլ տուգանքների, սոցիալական և այլ վճարների, պետական տուրքերի, հարկերին և վճարներին չվերաբերող տուգանքների պարտավորություններ.
գերավճար՝
- սահմանված կարգով հաշվարկվող որևէ հարկային պարտավորության գումարից ավելի վճարված գումար,
- պարտավորության բացակայության պայմաններում (ներառյալ` օրենքով չնախատեսված դեպքերում)` տվյալ հարկային պարտավորության համապատասխան գանձապետական հաշվին հարկ վճարողի կամ հարկ վճարողի անունից այլ անձի կողմից փաստացի փոխանցված (վճարված) գումար,
- դատարանի վճռի կատարման արդյունքում կամ վերադաս հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովի որոշումների հիման վրա հարկ վճարողի օգտին (այդ թվում` նախկինում կատարված պարտավորության հետ վերադարձին վերաբերող) հաշվեգրված գումար,
- հարկային պարտավորությունները, սոցիալական վճարների պարտավորությունները կամ հարկերին և վճարներին չվերաբերող տուգանքների պարտավորությունները գերազանցող գումարով այլ հարկատեսակից (կամ հաստատագրված վճարներից), հարկային այլ տուգանքներից, սոցիալական վճարներից կամ հարկերին և վճարներին չվերաբերող տուգանքներից տվյալ հարկատեսակին (կամ հաստատագրված վճարին) կամ հարկային այլ տուգանքին հարկային մարմնի կողմից հաշվանցված գումար (այլ վճարների կամ պետական տուրքերի պարտավորությունները գերազանցող գումարով տվյալ հարկատեսակին (կամ հաստատագրված վճարներին) կամ հարկային այլ տուգանքին հաշվանցումներ չեն կատարվում).
գերավճարից տարբերվող գումար՝ գերավճար չհանդիսացող գումար, որն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով կարող է հաշվանցվել հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց և (կամ) վերադարձվել հարկ վճարողին: Մասնավորապես՝ գերավճարից տարբերվող գումարներ են սույն կարգի 1.4-րդ կետի «բ»-«զ» ենթակետերում նշվածները.
հաշվանցվող գումար` պետական բյուջեի հանդեպ հարկային պարտավորությունից պակասեցվող (դեբետագրվող) գումար, որն արդյունք է`
- փաստացի վճարման,
- այլ հարկատեսակներից (կամ հաստատագրված վճարներից), հարկային այլ տուգանքներից, սոցիալական վճարներից կամ հարկերին և վճարներին չվերաբերող տուգանքներից տվյալ հարկային պարտավորության դիմաց հաշվանցման,
- հարկատեսակի (կամ հաստատագրված վճարի) հաշվետվության (հաշվարկի, հայտարարագրի, հայտարարության) ներկայացման,
- դատարանի վճռի կատարման,
- վերադաս հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովի ընդունած որոշման.
հաշվանցում` հարկ վճարողի պարտավորության պակասեցում կամ հարկ վճարողի հանդեպ պարտավորության ձևակերպում (գրանցում): Ընդ որում` հարկային պարտավորության պակասեցման դեպքում վերջինս մարվում է հաշվանցվող գումարով, իսկ հարկ վճարողի հանդեպ հարկային պարտավորության գումարը ձևակերպվելու դեպքում գրանցվում (արձանագրվում) է հաշվանցվող գումարի և հարկ վճարողի հարկային պարտավորության դրական տարբերության գումարը.
վերադարձ՝ հարկ վճարողի բանկային հաշվին (ֆիզիկական անձի բանկային հաշիվ չունենալու դեպքում` նրա առաջարկած առևտրային բանկի միջոցով` անձնագրային տվյալներով) պետական բյուջեից գումարի փոխանցում.
հաշվանցման և (կամ) վերադարձման ներկայացված գումար՝ հարկային գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարի մնացորդի հաշվին հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձի համար հարկ վճարողի դիմումով պահանջված գումար.
հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումար՝ հաշվանցման և (կամ) վերադարձման ներկայացված գումարի այն մասը, որը, սույն կարգին համապատասխան, հարկային մարմնի կողմից համարվել է հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա կամ առանց հարկ վճարողի դիմումի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա գումար.
ապառք՝ սահմանված ժամկետում չկատարված հարկի (կամ հաստատագրված վճարի) վճարման գումար.
գերավճարի (գերավճարից տարբերվող գումարի) մնացորդ՝ հարկային գերավճարի (գերավճարից տարբերվող գումարի) այն մասը, որը, սույն կարգին համապատասխան, ժամանակագրական կարգով մարման արդյունքում, մնացորդի արձանագրման (որոշման) օրվա դրությամբ պակասեցված չէ հարկ վճարողի տվյալ հարկային և այլ պարտավորությունների հաշվին.
հարկի չհաշվանցվող մնացորդ՝ հարկային դեբետային մնացորդի այն մասը, որը տվյալ օրվա դրությամբ ենթակա չէ հարկ վճարողի այլ պարտավորության դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման: Հարկային չհաշվանցվող գումարի մեջ ներառվում են՝
- հարկ վճարողի առաջիկա հարկային պարտավորություններից հաշվանցման ենթակա գումարը, որն առաջացել է որևէ հարկատեսակի (կամ հաստատագրված վճարների) որևէ հարկային պարտավորության կատարման (այդ թվում` կանխավճարի վճարման) կամ մատակարարներին, մաքսային մարմիններին վճարման արդյունքում,
- գումարները, որոնց հաշվանցումը և (կամ) վերադարձը ուսումնասիրություններով կամ ստուգումներով (այդ թվում՝ նախկինում անցկացված) մերժվել է կամ համարվել է չհիմնավորված,
- գումարները, որոնց հաշվանցման և (կամ) վերադարձի ժամկետի ընթացքը սույն կարգին համապատասխան, կասեցված է.
հարկային դեբետային մնացորդ՝ տվյալ օրվա դրությամբ հարկի (կամ հաստատագրված վճարի) չհաշվանցվող մնացորդի, գերավճարի և գերավճարից տարբերվող գումարի մնացորդների հանրագումարը:
(բաժինը խմբ. 07.12.11 ՀՕ-308-Ն, փոփ. 19.11.14 ՀՕ-185-Ն)
3. Պարտավորությունների և հաշվանցվող գումարների ժամանակագրական կարգով մարումը
3.1. Որևէ օրվա դրությամբ հարկ վճարողի հարկային պարտավորության գումարը, հարկային դեբետային մնացորդում գերավճարի, գերավճարից տարբերվող գումարի, չհաշվանցվող մնացորդների մեծությունները որոշվում են պարտավորությունների, հաշվանցվող գումարների ժամանակագրական կարգով մարման միջոցով, հետևյալ կանոններով`
- ավելի վաղ առաջացած հարկային պարտավորությունը մարվում է (մարված է համարվում) ավելի վաղ առաջացած՝ հաշվանցվող գումարների հաշվին, իսկ ավելի վաղ առաջացած՝ հաշվանցվող գումարը մարվում է (մարված է համարվում) ավելի վաղ առաջացած հարկային պարտավորության կամ պետական բյուջեից ավելի վաղ վերադարձված գումարների հաշվին,
- հերթական հարկային պարտավորությունը (կամ հաշվանցվող գումարը) մարվելուց հետո մարվում է դրանից հետո առաջացած պարտավորությունը (հաշվանցվող գումարը),
- որևէ ամսաթվի դրությամբ պարտավորությունները (կամ հաշվանցվող գումարները) մարվելուց հետո կատարվում է հաշվանցվող գումարների (պարտավորությունների) մարում:
3.2. Եթե վճարման փաստաթղթերում (անդորրագրում, վճարման հանձնարարականում) հարկ վճարողի կողմից նշված է, թե գումարը որ հարկային պարտավորության մարմանը պետք է ուղղվի (կատարվել է նպատակային վճարում), ապա պարտավորությունների և հաշվանցվող գումարների ժամանակագրական կարգով մարումը կատարվում է` հաշվի առնելով նպատակային վճարումը:
3.3. Ժամանակագրական կարգի կիրառման ժամանակ, հարկ վճարողի կողմից պետական բյուջե կատարված փաստացի վճարումների կամ հաշվանցումների հաշվին, եթե հարկ վճարողը կոնկրետ չի նշել, թե որ ժամանակաշրջանի և որ պարտավորության մարմանն է այն վերաբերում (նպատակային չէ) կամ հաշվանցումը կատարվում է առանց հարկ վճարողի դիմումի, առաջնահերթ մարվում են տվյալ հարկատեսակի (կամ հաստատագրված վճարների) գծով առկա հարկային պարտավորությունները հետևյալ հերթականությամբ` հարկի (հաստատագրված վճարի) գումարները, տույժերը, տուգանքները, իսկ հարկային այլ տուգանքներից առաջնահերթ մարվում են կրկնապատկվող և դեռևս չկրկնապատկված տուգանքների գումարները:
(բաժինը լրաց. 08.12.10 ՀՕ-181-Ն, փոփ., խմբ. 07.12.11 ՀՕ-308-Ն)
4. Տույժերի և տուգանքների հաշվարկն ու վերահաշվարկը
(վերնագիրը խմբ. 07.12.11 ՀՕ-308-Ն)
4.1. Անկախ հաշվանցվող գումարների առկայությունից, որևէ հարկատեսակի (կամ հաստատագրված վճարների) ապառքների նկատմամբ օրենքով սահմանված կարգով և չափերով հաշվարկվում են տույժեր և (կամ) «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24 հոդվածով սահմանված դեպքերում տուգանքներ, ինչպես նաև նույն օրենքի 28 և 28.3 հոդվածներով սահմանված դեպքերում կրկնապատկվում են տուգանքները` մինչև այլ գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարի մնացորդի հաշվին սույն կարգին համապատասխան ապառքի կամ կրկնապատկվող տուգանքի մարման կամ պարտավորության փաստացի կատարման օրը:
4.2. Հարկային մարմինների միջոցով պետական բյուջե հավաքագրվող հարկային պարտավորություններից, սոցիալական վճարների պարտավորություններից կամ հարկերին և վճարներին չվերաբերող տուգանքների պարտավորություններից որևէ մեկի մասով հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա գումարն արձանագրվելու դեպքում՝ տվյալ հարկատեսակի (կամ հաստատագրված վճարի) ապառքների նկատմամբ, սույն բաժնի 4.1-ին կետին համապատասխան, մինչ այդ հաշվարկված տույժերը և (կամ) տուգանքները, ինչպես նաև կրկնապատկված հարկային այլ տուգանքները վերահաշվարկվում են` հաշվի առնելով հաշվանցման ենթակա գումարի առաջացման ամսաթիվը և մեծությունը:
4.3. Հարկային մարմինների միջոցով պետական բյուջե չհավաքագրվող գումարների (վճարների, մաքսային մարմինների միջոցով պետական բյուջե հավաքագրվող հարկերի, տեղական բյուջե հավաքագրվող հարկերի և այլն) հաշվին հարկային մարմինների միջոցով պետական բյուջե հավաքագրվող հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցում կատարվելու դեպքում տվյալ հարկատեսակի (կամ հաստատագրված վճարի) ապառքների նկատմամբ, սույն բաժնի 4.1-ին կետին համապատասխան, մինչ այդ հաշվարկված տույժերը և (կամ) տուգանքները, ինչպես նաև կրկնապատկված հարկային այլ տուգանքները չեն վերահաշվարկվում: Տվյալ հարկատեսակի (կամ հաստատագրված վճարի) ապառքների նկատմամբ տույժերը և (կամ) տուգանքները հաշվարկվում են մինչև փաստացի հաշվանցման (համապատասխան գանձապետական հաշիվ գումարի մուտքագրման) օրը:
4.4. Եթե հարկային գերավճարների կամ գերավճարից տարբերվող գումարների հաշվին այլ պարտավորությունների դիմաց փաստացի հաշվանցված և (կամ) վերադարձված գումարների հաշվանցումը և (կամ) վերադարձը կատարելուց հետո հարկ վճարողի կողմից ներկայացվել են ճշտված հաշվարկներ (հաշվետվություններ, հայտարարագրեր), որոնք փոխում են փաստացի հաշվանցման և (կամ) վերադարձման օրվա դրությամբ հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարների մեծությունը, ապա հաշվանցման օրվա դրությամբ կատարվում է հարկ վճարողի այլ պարտավորությունների վերահաշվարկ (հաշվանցված այլ պարտավորության վերականգնում)` ավելի հաշվանցված գումարի չափով, իսկ վերադարձի դեպքում վերադարձի օրվա դրությամբ առաջադրվում է հարկի (հաստատագրված վճարի) կամ հարկային այլ տուգանքի գծով պարտավորություն` ավելի վերադարձված գումարի չափով: Այդ դեպքերում տվյալ ճշգրտված ապառքների մասով օրենքով սահմանված կարգով և չափերով հաշվարկվում (վերահաշվարկվում) են տույժեր (տուգանքներ), ինչպես նաև օրենքով սահմանված կարգով հաշվարկվում (վերահաշվարկվում) են կրկնապատկվող տուգանքները:
4.5. Եթե հարկային գերավճարների կամ գերավճարից տարբերվող գումարների հաշվին այլ պարտավորությունների դիմաց փաստացի հաշվանցված և (կամ) վերադարձված գումարների հաշվանցումը և (կամ) վերադարձը հարկ վճարողի մոտ իրականացված ստուգմամբ (կամ վերստուգմամբ) համարվում են չհիմնավորված, ապա ստուգման արդյունքներով հաշվանցման օրվա դրությամբ կատարվում է հարկ վճարողի այլ պարտավորությունների վերահաշվարկ (հաշվանցված այլ պարտավորության վերականգնում)` ավելի հաշվանցված գումարի չափով, իսկ վերադարձի դեպքում վերադարձի օրվա դրությամբ առաջադրվում է հարկի (հաստատագրված վճարի) կամ հարկային այլ տուգանքի գծով պարտավորություն` ավելի վերադարձված գումարի չափով: Այդ դեպքերում տվյալ ճշգրտված ապառքների մասով օրենքով սահմանված կարգով և չափերով հաշվարկվում (վերահաշվարկվում) են տույժեր (տուգանքներ), ինչպես նաև օրենքով սահմանված կարգով հաշվարկվում (վերահաշվարկվում) են կրկնապատկվող տուգանքները:
(բաժինը լրաց. 08.12.10 ՀՕ-181-Ն, խմբ. 07.12.11 ՀՕ-308-Ն)
5. Հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարի հիմնավորվածությունը
(վերնագիրը փոփ. 07.12.11 ՀՕ-308-Ն)
5.1. Հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցումը և (կամ) վերադարձը իրականացվում են գերավճարի և (կամ) գերավճարից տարբերվող գումարի մնացորդի այն մասով, որը, օրենքով սահմանված պահանջներին համապատասխան, սույն կարգին համապատասխան, հարկային մարմնի կողմից համարվել է հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա:
5.2. Հաշվանցման և (կամ) վերադարձման ներկայացված գերավճարի գումարը հիմնավորված չէ, եթե այն պարտավորությունների և հաշվանցվող գումարների ժամանակագրական կարգով մարման արդյունքում պետք է համարվի մարված` գերավճարի առաջացումից հետո առաջացած` օրենքով սահմանված պահանջներին համապատասխան հաշվարկվող հարկային պարտավորությունների հաշվին:
5.3. Հաշվանցման և (կամ) վերադարձման ներկայացված գերավճարից տարբերվող գումարը կամ դրա մասը համարվում է չհիմնավորված, եթե`
- այն սխալ հաշվարկների կամ սահմանված չափից ավելի հաշվանցման (այդ թվում՝ հարկվող շրջանառությունը պակաս ցույց տալու) արդյունք է,
- այն պարտավորությունների և հաշվանցվող գումարների ժամանակագրական կարգով մարման արդյունքում պետք է մարված համարվի հետագայում առաջացած` օրենքով սահմանված կարգով հաշվարկվող պարտավորությունների հաշվին,
- այն ենթակա է հաշվանցման հետագա հաշվետու ժամանակաշրջաններում առաջանալիք պարտավորությունների գումարներից,
- այն առաջացնող` հաշվարկային և (կամ) վճարային փաստաթղթերում բացակայում են օրենքով դրանցում պարտադիր լրացման ենթակա տվյալներ կամ վավերապայմաններ:
5.4. Հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցումը և (կամ) վերադարձը կարող են հիմնավորված համարվել միայն ստուգման (վերստուգման) արդյունքներով: Գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարով հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց փաստացի հաշվանցումը և (կամ) վերադարձը` հաշվանցման և (կամ) վերադարձի հիմնավորվածության արձանագրում չէ:
(բաժինը փոփ. 07.12.11 ՀՕ-308-Ն)
6. Վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարի որոշումը
6.1. Հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարի մեծությունը հարկային մարմնի կողմից որոշվում (արձանագրվում) է`
ա) առանց ուսումնասիրության կամ ստուգման.
բ) հաշվանցման և (կամ) վերադարձման նպատակով կամերալ ուսումնասիրություն.
գ) հարկային հաշվանցումների և (կամ) վերադարձի ուսումնասիրությամբ.
դ) պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության կամ հարկային հաշվանցումների և (կամ) վերադարձի ստուգմամբ:
6.2. Վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցումը և (կամ) վերադարձն իրականացվում են հարկային մարմնի կողմից համապատասխան եզրակացություն կազմելու միջոցով: Կամերալ ուսումնասիրություն կամ հարկային հաշվանցումների և (կամ) վերադարձի ուսումնասիրություն անցկացվելու դեպքերում եզրակացությունը կազմվում է արձանագրության, իսկ համապատասխան ստուգում անցկացնելու դեպքում` ստուգման ակտի հիման վրա: Սույն կետում նշված, ինչպես նաև հաշվանցման ենթակա այլ գումարների հաշվին հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման համար եզրակացությունների ձևերը սահմանում է վերադաս հարկային մարմինը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:
6.3. Ուսումնասիրությունների կամ ստուգման արդյունքներով վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարն արձանագրելիս ստուգման ակտում կամ ուսումնասիրությունների արձանագրության մեջ պարտադիր նշվում են այն հիմքերը (այն իրավական նորմերը, որոնց պահանջները չեն կատարվել), որոնց հիման վրա հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցում և (կամ) վերադարձ չի կատարվում (հաշվանցումը և (կամ) վերադարձը մերժվում են):
(բաժինը փոփ., խմբ. 07.12.11 ՀՕ-308-Ն)
7. Վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարի հիմնավորվածության արձանագրման համար հարկային մարմին ներկայացվող փաստաթղթերը
7.1. Սույն կարգին համապատասխան հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարի մեծությունը որոշելու նպատակով հարկային հաշվանցումների և (կամ) վերադարձի ուսումնասիրություն, հարկային հաշվանցումների և (կամ) վերադարձի ստուգում կամ պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգում անցկացնելու դեպքերում հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարն արձանագրելու կամ հաշվանցումը և (կամ) վերադարձը հիմնավորելու նպատակով հարկ վճարողը հարկային մարմին (ստուգում կամ ուսումնասիրություն իրականացնող անձանց) է ներկայացնում վճարումը հավաստող փաստաթղթերը (այդ թվում՝ անդորրագրերը, վճարման հանձնարարականները, բանկային հաշվից քաղվածքները), հարկատեսակի հաշվարկները, հայտարարագրերը, հարկային մարմին ներկայացվող տեղեկությունները, գնորդների և մատակարարների հետ կնքած պայմանագրերը, պայմանագրերի կատարմանը վերաբերող փաստաթղթերը (այդ թվում՝ կատարողական ակտերը, ընդունման-հանձնման ակտերը) մատակարարների դուրս գրած հաշվարկային փաստաթղթերը (հաշիվ-ապրանքագրեր, հարկային հաշիվներ և այլն), ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերը, հաշվապահական հաշվառման փաստաթղթերը, ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափի կիրառման դեպքում` իրավասու մարմնի տված` օրենքով նախատեսված տեղեկանքը և այլ փաստաթղթեր:
7.2. Դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, նրանց հավասարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների կողմից ավելացված արժեքի հարկով հարկված ապրանքներ կամ ծառայություններ ձեռք բերելու դեպքերում այդ կազմակերպությունները հարկային մարմին են ներկայացնում ապրանքներ մատակարարողների կամ ծառայություններ մատուցողների դուրս գրած՝ օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ լրացված հարկային հաշիվները:
(բաժինը փոփ. 07.12.11 ՀՕ-308-Ն)
8. Գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարի մնացորդի հաշվին հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարի որոշումը
(վերնագիրը փոփ. 07.12.11 ՀՕ-308-Ն)
8.1. Գերավճարի մնացորդի հաշվին հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցում և (կամ) վերադարձ իրականացվում է առանց ուսումնասիրության, եթե`
ա) գերավճարը կարող է արձանագրվել հարկի` օրենքով սահմանված մեծության կամ հարկային մարմնի կատարած հաշվարկի և վճարումը հավաստող փաստաթղթի (անդորրագրի, վճարման հանձնարարականի) համադրությամբ, կամ`
բ) պարտավորության բացակայության պայմաններում (ներառյալ` օրենքով չնախատեսված դեպքերում) կատարվել է վճարում, կամ`
գ) գերավճարի գումարը չի գերազանցում 10,0 մլն դրամը և ուսումնասիրության կամ ստուգման իրականացումը նպատակահարմար է իրականացնել հետագայում:
8.2. Գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարի (բացառությամբ ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի գումարների) մնացորդի հաշվին հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցում և (կամ) վերադարձ իրականացվում է կամերալ ուսումնասիրությամբ, եթե`
ա) հարկային մարմնում առկա փաստաթղթերի ուսումնասիրությունը բավարար է գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարի մնացորդն արձանագրելու համար.
բ) հարկային մարմնի ղեկավարը (հարկային մարմնի պետը) որոշում է կայացրել այդ մնացորդի հետազոտություն անցկացնել հարկային հաշվանցումների և (կամ) վերադարձի ուսումնասիրության կամ ստուգման ընթացքում:
8.3. Եթե հարկային մարմնում առկա փաստաթղթերն անբավարար են հաշվանցվող գումարում հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարն արձանագրելու համար, ապա այդ գումարը որոշվում է հարկ վճարողի մոտ անցկացվող հարկային հաշվանցումների և (կամ) վերադարձի ուսումնասիրությամբ (այսուհետ՝ ուսումնասիրություն):
8.4. Ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի գծով oրենքով սահմանված կարգով որոշվող` վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա` գերավճարի մնացորդ չհանդիսացող գումարը կարող է արձանագրվել առանց ուսումնասիրության և հարկ վճարողի դիմումի համաձայն ուղղվել հարկ վճարողի այլ պարտավորությունների մարմանը և (կամ) վերադարձվել, եթե հարկ վճարողը, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափանիշներին համապատասխան, ռիսկային չի համարվում: 2011-2012 թվականներին ռիսկային չհամարվող հարկ վճարողներին ավելացված արժեքի և ակցիզային հարկի գումարներն առանց ուսումնասիրության հաշվանցվում և (կամ) վերադարձվում են, եթե հաշվետու ամսվա արդյունքներով (կամ հաշվետու եռամսյակի համար ամսական հաշվարկով) հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի հանրագումարը, իսկ ակցիզային հարկ չվճարողների համար` ավելացված արժեքի հարկի գումարը 2011 թվականին չի գերազանցում 5 միլիոն դրամը, իսկ 2012 թվականին` 10 միլիոն դրամը:
Ռիսկային համարվող հարկ վճարողների, ինչպես նաև սույն կետի առաջին պարբերությունով սահմանված գումարները գերազանցվելու դեպքերում ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի գծով oրենքով սահմանված կարգով որոշվող` վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գերավճարի մնացորդ չհանդիսացող գումարներն արձանագրվում են ուսումնասիրությամբ:
Ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի գծով oրենքով սահմանված կարգով որոշվող` վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա` գերավճարի մնացորդ չհանդիսացող գումարների հիմնավորվածությունն արձանագրվում է սույն կարգի 6.1-րդ կետի «դ» ենթակետում նշված ստուգումներով (այսուհետ` ստուգում): Ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի հաշվանցումների ուսումնասիրություն կամ ստուգում անցկացվում է նաև սույն կարգի 15-րդ կետով նախատեսված դեպքերում:
8.5. Գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարի մնացորդի հաշվին հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձի նպատակով հարկային հաշվանցումների և (կամ) վերադարձի ուսումնասիրություն կամ ստուգում կարող է իրականացվել նաև հարկ վճարողի դիմումով:
8.6. Հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարի մեծության որոշման նպատակով անցկացվող հարկային հաշվանցումների և (կամ) վերադարձի ուսումնասիրության իրականացման կարգը, ինչպես նաև ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի հաշվանցումների ուսումնասիրության առանձնահատկությունները սահմանվում են օրենքով:
(բաժինը խմբ. 08.12.10 ՀՕ-177-Ն, փոփ. 11.05.11 ՀՕ-154-Ն, փոփ., լրաց. 07.12.11 ՀՕ-308-Ն)
9. Հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձի համար դիմումի ներկայացումը
9.1. Գերավճարի մնացորդի հաշվին հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցումն իրականացվում է հարկ վճարողի գրավոր դիմումով (այսուհետ՝ դիմում), իսկ սույն կարգով նախատեսված դեպքերում՝ նաև առանց դիմումի:
9.2. Գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարների մնացորդը (բացառությամբ` 9.3-րդ կետում նշված դեպքերի) կարող է հաշվանցվել հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց առանց հարկ վճարողի դիմումի, եթե մնացորդն արձանագրվում է կամերալ ուսումնասիրությամբ կամ առանց ուսումնասիրության: Եթե կատարված հաշվանցումների գումարը գերազանցում է 300 հազ. դրամը, ապա հարկ վճարողը հաշվանցումների վերջնական ձևակերպում տալու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում հեռախոսով կամ կապի այլ միջոցներով (իսկ հաշվանցումների գումարը 500 հազ. դրամը գերազանցելու դեպքում՝ գրավոր) տեղեկացվում է կատարված հաշվանցումների մասին:
9.3. Հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի գումարների հաշվանցումը (բացառությամբ` գերավճարի մնացորդի) և (կամ) դրանց վերադարձն իրականացվում են միայն հարկ վճարողի դիմումի հիման վրա:
9.4. Գերավճարի մնացորդի վերադարձը կամ միաժամանակ՝ հաշվանցումն ու վերադարձը, իրականացվում են միայն հարկ վճարողի դիմումի հիման վրա:
(բաժինը փոփ. 08.12.10 ՀՕ-177-Ն, փոփ., խմբ. 07.12.11 ՀՕ-308-Ն)
10. Հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման կանոնները
(վերնագիրը խմբ. 07.12.11 ՀՕ-308-Ն)
10.1. Հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա գումարը հաշվանցվում է հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց` նախ մարելով տվյալ հարկատեսակի (կամ հաստատագրված վճարների), վճարատեսակի, պետական տուրքի մասով հաշվարկված հարկի (կամ հաստատագրված վճարների), վճարի, պետական տուրքի բոլոր գումարները, ապա` ապառքների նկատմամբ հաշվարկված տույժերի բոլոր գումարները, այնուհետև` հաշվարկված տուգանքների բոլոր գումարները, իսկ հարկային այլ տուգանքներից ու հարկերին և վճարներին չվերաբերող տուգանքներից առաջնահերթ մարվում են կրկնապատկվող և դեռևս չկրկնապատկված տուգանքների գումարները:
10.2. Հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա գումարը նախ ուղղվում է մեկ հարկատեսակի (կամ հաստատագրված վճարների), վճարատեսակի, պետական տուրքի, բոլոր հարկային այլ տուգանքների կամ հարկերին և վճարներին չվերաբերող տուգանքների տեսակի մասով պարտավորությունների մարմանը, ապա՝ հաջորդ հարկատեսակի (կամ հաստատագրված վճարների), վճարատեսակի, պետական տուրքի, դեռևս չընտրված բոլոր հարկային այլ տուգանքների կամ հարկերին և վճարներին չվերաբերող տուգանքների տեսակի մասով պարտավորությունների մարմանը: Առանց հարկ վճարողի դիմումի հաշվանցումներ կատարելիս, ինչպես նաև եթե հարկ վճարողը դիմումի մեջ չի նշել այլ պարտավորությունների մարման հերթականությունը, այլ պարտավորությունները մարվում են հետևյալ հերթականությամբ՝
1) հարկային այլ տուգանքները` առաջնային մարելով կրկնապատկվող և դեռևս չկրկնապատկված տուգանքների գումարները.
2) այն հարկատեսակի (կամ հաստատագրված վճարների) մասով բոլոր հարկային պարտավորությունները, որոնց ապառքն ավելի վաղ է առաջացել, ապա՝ ավելի ուշ առաջացածներինը (նույն օրը տարբեր հարկատեսակների կամ հաստատագրված վճարների մասով ամենավաղ առաջացած ապառքների դեպքում հարկատեսակի կամ հաստատագրված վճարների ընտրությունը կատարվում է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածով սահմանված թվարկման հերթականությանը համապատասխան).
3) այն վճարատեսակի մասով բոլոր պարտավորությունները, որոնց ապառքն ավելի վաղ է առաջացել, ապա՝ ավելի ուշ առաջացածներինը (նույն օրը տարբեր վճարատեսակների մասով ամենավաղ առաջացած ապառքների դեպքում վճարատեսակի ընտրությունը կատարվում է հետևյալ հերթականությամբ` սոցիալական վճարներ, բնապահպանական և բնօգտագործման վճարներ, ճանապարհային վճար և կարգավորման պարտադիր վճարներ).
4) այն պետական տուրքի մասով պարտավորությունները, որոնց ապառքն ավելի վաղ է առաջացել, ապա՝ ավելի ուշ առաջացածներինը.
5) «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» և «Հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառողների գործունեության կասեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված տուգանքները առաջնային մարելով կրկնապատկվող և դեռևս չկրկնապատկված տուգանքների գումարները.
6) «Դրամարկղային գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված տուգանքները:
10.3. Հարկ վճարողի դիմումում համապատասխան ցուցում լինելու դեպքում հարկ վճարողի հարկային կամ այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա գումարը կարող է ուղղվել առաջիկայում առաջանալիք պարտավորությունների մարմանը (այսինքն` վճարման վերջնաժամկետը լրացած այն պարտավորությունների մարմանը, որոնց վերաբերյալ հաշվարկը (հաշվետվությունը, հայտարարագիրը) հարկային մարմիններ դեռևս չեն ներկայացվել կամ ապագա պարտավորությունների մարմանը):
(բաժինը փոփ. 08.12.10 ՀՕ-181-Ն, խմբ. 07.12.11 ՀՕ-308-Ն)
11. Հարկ վճարողին գումարի վերադարձման կանոնները
11.1. Գերավճարը կամ գերավճարից տարբերվող գումարը հարկ վճարողին վերադարձվում է հարկային մարմնի միջոցով պետական բյուջե հավաքագրվող հարկային և սոցիալական վճարների մասով բոլոր պարտավորություններն օրենքով սահմանված կարգով հաշվանցելուց հետո: Ընդ որում, եթե գումարը վերադարձնելու վերաբերյալ դիմում ներկայացնելու պահին ավարտվել է հերթական հաշվետու ժամանակաշրջանը, սակայն հարկ վճարողի կողմից չեն ներկայացվել (հարկային մարմինը չի ստացել) տվյալ հաշվետու ժամանակաշրջանում հարկերի (հաստատագրված վճարների) և սոցիալական վճարների հաշվարկման համար հիմք հանդիսացող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հաշվարկները, հաշվետվությունները, հայտարարագրերը, ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների, հաստատագրված վճարների հաշվարկման սահմանային չափերի վերաբերյալ հայտարարություններն ու տեղեկությունները, կամ եթե լրացել է նոր վճարում կատարելու ժամկետը, ապա գումարների վերադարձն իրականացվում է նոր պարտավորությունների մեծությունները որոշելուց (մասնավորապես` ներկայացվող հաշվարկների, հաշվետվությունների, հայտարարագրերի, տեղեկությունների հիման վրա) և նոր ծագած պարտավորությունները մարելուց հետո:
11.2. Հարկային մարմնում հաշվառվող պարտավորությունները մարելուց հետո հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա գումարը հարկ վճարողի դիմումի հիման վրա ենթակա է վերադարձման (անկախ այլ մարմիններում հաշվառվող պարտավորությունների առկայությունից) կամ հարկ վճարողի դիմումի հիման վրա կարող է ուղղվել հարկային մարմնի կողմից չհաշվառվող՝ հարկ վճարողի այլ պարտավորությունների մարմանը:
11.3. Օրենքով սահմանված կարգով վերադարձման ենթակա հարկի գումարները (բացառությամբ ավելացված արժեքի հարկի գումարների) վերադարձվում են հարկ վճարողին համապատասխան դիմում ներկայացնելու օրվան հաջորդող 30 օրվա ընթացքում: Ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների մասով վերադարձման ենթակա գումարները վերադարձվում են հարկ վճարողին համապատասխան դիմում ներկայացնելու օրվան հաջորդող 90 օրվա ընթացքում:
(բաժինը խմբ. 07.12.11 ՀՕ-308-Ն)
12. Հարկային հաշվանցումների և (կամ) վերադարձի ուսումնասիրություն կամ ստուգում անցկացնելու որոշում կայացնելու և եզրակացություն կազմելու ժամկետները
12.1. Կամերալ ուսումնասիրություն, հարկային հաշվանցումների և (կամ) վերադարձի ուսումնասիրություն և ստուգում անցկացնելու վերաբերյալ հարկային մարմինը որոշում է կայացնում դիմումն ստանալուն հաջորդող ոչ ավելի, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Առանց հարկ վճարողի դիմումի, կամերալ ուսումնասիրությամբ հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցում իրականացնելիս այդպիսի ուսումնասիրություն անցկացնելու վերաբերյալ որոշում է կայացվում հաշվանցման ենթակա գումար բացահայտելու օրվան հաջորդող տասն աշխատանքային օրվա ընթացքում:
12.2. Հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցելու և (կամ) վերադարձնելու մասին համապատասխան եզրակացությունը կազմվում է հետևյալ ժամկետներում`
ա) հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարը կամերալ ուսումնասիրությամբ արձանագրվելու դեպքում՝ կամերալ ուսումնասիրության ավարտից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում.
բ) հարկային հաշվանցումների և (կամ) վերադարձի ուսումնասիրությամբ կամ ստուգմամբ հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցում և (կամ) վերադարձ կատարելու դեպքերում` համապատասխանաբար ուսումնասիրությունը կամ ստուգումն ավարտելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
12.3. Սույն կարգով սահմանված ժամկետները խախտելու (բացառությամբ սույն կարգի համաձայն ուսումնասիրության կամ ստուգման ժամկետների կասեցման դեպքերի) համար հարկային մարմնի կամ հարկային ծառայողի գործողությունները կամ անգործությունը կարող է գանգատարկվել «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, եթե այդ ժամկետների խախտման արդյունքում հարկ վճարողին օրենքով սահմանված ժամկետում չեն վերադարձվել հարկի գումարները:
(բաժինը փոփ. 07.12.11 ՀՕ-308-Ն)
13. Ուսումնասիրության ժամկետի ընթացքի կասեցումը
13.1. Ուսումնասիրության ժամկետի ընթացքը հարկային մարմնի կողմից կասեցվում է, եթե`
ա) վճարողի կողմից չեն ստեղծվել ուսումնասիրության անցկացման պայմաններ (այդ թվում` չեն ներկայացվել կամ մասնակիորեն են ներկայացվել հարկերի հաշվարկմանը կամ կատարված վճարումներին վերաբերող փաստաթղթերը).
բ) հաշվանցվող կամ վերադարձվող գումարների առաջացման հիմք հանդիսացած գործարքների հետ կապված անհնար է կատարել ուսումնասիրություն` մինչև քաղաքացիական կամ քրեական դատավարության կարգով քննվող գործով կամ հարցով որոշում ընդունելը:
13.2. Առանձին հարկատեսակի կամ գործարքի մասով ոչ ամբողջական փաստաթղթեր ներկայացնելու կամ ուսումնասիրության անցկացումն անհնարին լինելու դեպքերում ուսումնասիրության ժամկետի ընթացքը (հաշվանցման և (կամ) վերադարձման ժամկետի ընթացքը) հարկային մարմինը կասեցնում է միայն այդ հարկատեսակի կամ գործարքի մասով:
13.3. Հարկային մարմնի կողմից ուսումնասիրության ժամկետի ընթացքի կասեցման դեպքում հարկ վճարողը գրավոր տեղեկացվում է ուսումնասիրության ընթացքի կասեցնելու մասին` նշելով այն հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել նման որոշում ընդունելու համար:
13.4. Ուսումնասիրության կասեցման հիմքերը վերացվելու դեպքում ուսումնասիրությունը շարունակվում է, իսկ հաշվանցման և (կամ) վերադարձի ժամկետի ընթացքը կասեցված համապատասխան գումարներն ուսումնասիրության արդյունքներով հանվում են հարկի չհաշվանցվող մնացորդից:
14. Ստուգումների անցկացումը
14.1. Հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձի հիմնավորվածության արձանագրման նպատակով հարկային հաշվանցումների և (կամ) վերադարձի ստուգում անցկացվում է հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման վերաբերյալ դիմումի կամ համապատասխան ստուգում անցկացնելու վերաբերյալ հարկ վճարողի դիմումի հիման վրա: Ստուգում կարող է իրականացվել առանց հարկ վճարողի դիմումի, եթե հարկային հաշվանցումների և (կամ) վերադարձի ուսումնասիրության ժամանակ բացահայտվել են ավելացված արժեքի կամ ակցիզային հարկով հարկվող շրջանառությունը պակաս ցույց տալու կամ օրենքով սահմանված կարգով հաշվարկվող գումարից ավելի չափով հաշվանցումներ կատարելու փաստեր:
14.2. Հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց գումարների հաշվանցում և (կամ) վերադարձ կարող են իրականացվել նաև պետական բյուջեի հետ փոխհարաբերության ճշտության ստուգման արդյունքներով, եթե հարկ վճարողը ստուգման ընթացքում ներկայացրել է համապատասխան դիմում:
14.3. Պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության կամ հարկային հաշվանցումների և (կամ) վերադարձի ստուգման ընթացքում ստուգվում է հարկ վճարողի կողմից ավելացված արժեքի հարկի և (կամ) ակցիզային հարկի հաշվարկման և ձեռքբերումների մասով հաշվանցումների կատարման համապատասխանությունն օրենքով սահմանված պահանջներին: Պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության կամ հարկային հաշվանցումների և (կամ) վերադարձի ստուգման ընթացքում ճշտվում են ավելացված արժեքի հարկի և (կամ) ակցիզային մասով հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարները:
14.4. Հարկային հաշվանցումների ստուգումից հետո անցկացված` պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգմամբ կամ վերստուգմամբ հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարները, կամ առաջադրված պարտավորությունները կարող են ճշգրտվել, եթե հայտնաբերվել են օրենքով սահմանված պահանջների խախտման նոր դեպքեր, կամ հարկային պարտավորությունների հաշվարկման (կամ առաջադրման) սխալներ (հաշվանցումը և (կամ) վերադարձը համարվել է չհիմնավորված):
(բաժինը փոփ. 07.12.11 ՀՕ-308-Ն)
15. Ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի գումարների հաշվանցումների և (կամ) վերադարձի ուսումնասիրությունների կամ ստուգումների անցկացումը
15.1. Ավելացված արժեքի հարկի կամ ակցիզային հարկի մասով տվյալ հարկատեսակի հաշվանցումները կատարվում են օրենքով սահմանված կարգով՝ հարկատեսակի հաշվարկի ներկայացմամբ: Նշված հաշվանցումների ուսումնասիրություններ կարող են անցկացվել, եթե`
ա) հարկային մարմնի անցկացրած կամերալ ուսումնասիրություններով հայտնաբերվել են հարկային մարմին ներկայացված հաշվարկներում, հայտարարագրերում, հաշվետվություններում կամ տեղեկություններում արտացոլված տվյալների միջև անհամապատասխանություններ կամ անճշտություններ, և դրանց վերաբերյալ հարկ վճարողի կողմից ճշգրտված հաշվարկներ կամ հիմնավորված բացատրություններ չեն ներկայացվել.
բ) հարկային մարմնի անցկացրած կամերալ ուսումնասիրություններով պարզվել է, որ հարկ վճարողի մեկ տարին գերազանցող ժամանակահատվածում աճում է պետական բյուջեից հաշվանցվող գումարի մեծությունը.
գ) հարկ վճարողի կողմից ներմուծումների կամ Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռքբերումների ծավալը երկու տարուց ավելի ժամանակահատվածում գերազանցել է իրացված ապրանքներից հասույթը:
15.2. Հարկային հաշվանցումների և (կամ) վերադարձի ուսումնասիրության ընթացքում ավելացված արժեքի հարկով հարկվող շրջանառությունը պակաս ցույց տալու կամ օրենքով սահմանված կարգով հաշվարկվող գումարից ավելի չափով հաշվանցումներ կատարելու փաստեր հայտնաբերելու դեպքերում հարկային մարմինն իրավասու է սույն կարգին համապատասխան անցկացնելու ստուգում:
16. Այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման և վերադարձման ընթացակարգերը
16.1. Հարկային մարմնի հաշվանցման կամ վերադարձման ներկայացրած` կազմված եզրակացություններում նշված գումարը, ոչ ուշ, քան եզրակացությունները (կամ եզրակացությունների մասին ամփոփ տեղեկանքները) վերադաս հարկային մարմին ուղարկելու օրվան հաջորդող աշխատանքային օրը, նախնական կարգով արտացոլվում է հարկային մարմնում վարվող՝ հարկ վճարողի անձնական հաշվի քարտում (նախնական գրառում):
16.2. Հաշվանցում կամ վերադարձ կատարելու մասին հարկային (տարածքային) մարմնի կազմած եզրակացությունը, իսկ մեկից ավելի եզրակացությունների առկայության դեպքում՝ եզրակացությունների մասին ամփոփ տեղեկանքը` ոչ ուշ, քան որևէ եզրակացություն կազմելուն հաջորդող երրորդ աշխատանքային օրն ուղարկվում է վերադաս հարկային մարմին` եզրակացությունների հիման վրա հաշվանցումները և (կամ) վերադարձները օրենքով սահմանված պահանջներին կատարելու հանգամանքներն ստուգելու և հաշվառում իրականացնելու համար: Կատարվող հաշվանցումները կամ վերադարձը վերադաս հարկային մարմնի կողմից ընդունվելու դեպքում եզրակացությունը կամ եզրակացությունների մասին ամփոփ տեղեկանքը ոչ ուշ, քան այն ստանալու օրվան հաջորդող հինգերորդ աշխատանքային օրն ուղարկվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:
16.3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը եզրակացությունների կամ եզրակացությունների մասին ամփոփ տեղեկանքների հիման վրա դրանք ստանալուց ոչ ուշ, քան տասներորդ աշխատանքային օրը կատարում է անհրաժեշտ հաշվանցումները` անհրաժեշտության դեպքում դրանք ուղարկելով համապատասխան գանձապետական բաժանմունքներ:
16.4. Հարկային (տարածքային) մարմինը բյուջետային հաշվի քաղվածքների հիման վրա հարկ վճարողների անձնական հաշվի քարտերում կատարում է հաշվանցված գումարի վերջնական ձևակերպում:
16.5. Գումարների վերադարձը գանձապետական հաշիվներով իրականացնում է գանձապետարանը՝ գումարը փոխանցելով հարկ վճարողի բանկային հաշվին: Այն դեպքերում, երբ հարկ վճարողը չունի բանկային հաշիվ, գումարը փոխանցվում է հարկ վճարողի առաջարկած առևտրային բանկ՝ ֆիզիկական անձի անձնագրային տվյալներով:
16.6. Եզրակացությունները կամ եզրակացությունների մասին ամփոփ տեղեկանքներն ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը գումարների վերադարձման համար օրենքով սահմանված ժամկետներում (այդ ժամկետների ավարտից ոչ ուշ) իրականացնում է գումարների վերադարձը:
(բաժինը փոփ. 07.12.11 ՀՕ-308-Ն)
17. Գերատեսչական նորմատիվ իրավական ակտերի ընդունումը
17.1. Անհրաժեշտության դեպքում սույն կարգի կիրառման հետ կապված գերատեսչական իրավական ակտերն ընդունում է հարկային մարմինը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:
(բաժինը փոփ. 07.12.11 ՀՕ-308-Ն)
(հավելվածը լրաց. 11.10.07 ՀՕ-212-Ն, խմբ., փոփ. 08.12.10 ՀՕ-177-Ն, լրաց., փոփ. 08.12.10 ՀՕ-181-Ն, փոփ., խմբ., լրաց. 07.12.11 ՀՕ-308-Ն, փոփ. 22.12.10 ՀՕ-267-Ն, 19.11.14 ՀՕ-185-Ն)
Հավելված 2
«Հարկերի մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ, ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
1. Սույն կարգով սահմանվում է հարկ վճարողների և հարկային գործակալների կողմից (այսուհետ` սույն կարգի իմաստով հարկ վճարողներ) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ (այսուհետ` օրենսդրություն) նախատեսված հաշվետվությունները, հաշվարկները, այլ փաստաթղթերը և տեղեկությունները (այսուհետ` հաշվետվություններ) էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնելու կարգը:
2. Էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացրած հաշվետվությունները կազմվում են գործող իրավական ակտերով սահմանված ձևերին և դրանց լրացման պահանջներին համապատասխան (բացառությամբ ձեռագիր ստորագրելու ձևի պահանջի) և ունեն նույն իրավական նշանակությունը, ինչ որ հարկային մարմնի կողմից հաստատված ձևաչափին համապատասխան թղթային կրիչի վրա անձի ձեռագիր ստորագրությամբ ամրագրված հարկային մարմին առձեռն ներկայացվող հաշվետվությունը, եթե հաստատվել է էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը, և չկան բավարար ապացույցներ այն մասին, որ փաստաթուղթը փոփոխվել կամ կեղծվել է այն պահից, երբ այն հաղորդվել և (կամ) տրվել է պահպանության, բացառությամբ այն դարձունակ փոփոխությունների, որոնք անհրաժեշտ և անխուսափելի են այդ էլեկտրոնային փաստաթղթի հաղորդման և (կամ) պահպանման համար:
3. Հարկերից տարբերվող` իր կողմից հավաքագրվող այլ տեսակի պարտադիր վճարների հաշվետվությունների էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնելու ժամանակացույցը հաստատում է հարկային մարմինը:
4. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստները`
էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացում` առանց թղթային կրիչի հաշվետվությունները հարկային մարմին ներկայացնելն էլեկտրոնային տեխնոլոգիաների օգտագործմամբ: Վերջինն իրականացվում է էլեկտրոնային թվային ստորագրության, էլեկտրոնային ծածկագրի և գաղտնաբառի կիրառման միջոցով.
էլեկտրոնային թվային ստորագրություն` սահմանումը և կիրառումը կարգավորվում են «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով.
էլեկտրոնային ծածկագիր և գաղտնաբառ` էլեկտրոնային թվային պայմանանշանների եզակի հաջորդականությամբ ներկայացված մուտքի անվան (login), ինչպես նաև գաղտնաբառի (password) համակցություն, որը հնարավորություն է տալիս մուտք գործելու հարկային մարմնի տեղեկատվական համակարգ, նույնականացնելու էլեկտրոնային փաստաթուղթը ներկայացնողին, ինչպես նաև ապահովում է էլեկտրոնային համակարգ մուտք գործողին վերաբերող տեղեկությունների գաղտնիությունն ու պաշտպանվածությունն այլ անձանց կողմից կատարվող գործողություններից:
5. Էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացումն իրականացվում է հետևյալ գործողությունների միջոցով`
1) հավատարմագրված համապատասխան կենտրոնից էլեկտրոնային ստորագրության հավաստագրի ստացում.
2) հարկային մարմնի հետ հաշվետվությունների էլեկտրոնային եղանակով ներկայացման պայմանագրի կնքում (այսուհետ` ԷՆՊ): ԷՆՊ-ում նշվում են պայմանագրի առարկան և ծառայությունների մատուցման պայմանները, հարկ վճարողի կողմից էլեկտրոնային եղանակով հաշվետվությունները ներկայացնող լիազորված անձի անձնագրային տվյալները և սոցիալական քարտի համարը, հարկ վճարողի և հարկային մարմնի իրավունքներն ու պարտականությունները, համակարգի տեխնիկական խափանումների դեպքում հարկ վճարողի կողմից հաշվետվությունները պատշաճ ձևով և ժամկետներում ներկայացրած լինելու հավաստման ընթացակարգը, վեճերի քննարկման կարգը, կողմերի պատասխանատվությունը, պայմանագրի գործողության ժամկետը և այլ պայմաններ: ԷՆՊ-ի օրինակելի ձևը սահմանում է հարկային մարմնի ղեկավարը.
3) ԷՆՊ-ի հիման վրա հարկային մարմնից էլեկտրոնային ծածկագրի և գաղտնաբառի ստացում.
4) համապատասխան համակարգչային ծրագրերի և սարքերի միջոցով հաշվետվությունների ներկայացում և տեղեկատվության փոխանակում:
Սույն կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված գործողություններն իրականացվում են միայն առաջին անգամ էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացվող հաշվետվությունների համար:
6. Էլեկտրոնային ծածկագիր և գաղտնաբառ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերն են`
1) հարկ վճարողի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագիր կամ հրաման` հարկ վճարողի կողմից էլեկտրոնային ծածկագիրը և գաղտնաբառն օգտագործելու և դրանք հարկային մարմնից ստանալու (ներառյալ` ԷՆՊ կնքելու) իրավասու անձ լինելու վերաբերյալ.
2) անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, սոցիալական քարտ (առկայության դեպքում).
3) ԷՆՊ, որը լրացվում և կնքվում է հարկային մարմնում մեկ աշխատանքային օրվա ընթացքում.
4) էլեկտրոնային թվային ստորագրություն:
7. Հարկ վճարողին, հարկային մարմնի հետ ԷՆՊ կնքելուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, հարկային մարմինը, ապահովելով գաղտնիությունը, առձեռն տրամադրում է համապատասխան էլեկտրոնային գաղտնաբառը և ծածկագիրը: Հարկ վճարողներն իրենք են պատասխանատու էլեկտրոնային գաղտնաբառի և ծածկագրի գաղտնիության պաշտպանության, այն չտարածելու և պահպանելու համար: Գաղտնաբառի կորստյան, վնասվելու կամ այն օգտագործող իրավասու անձի փոփոխման դեպքերում հարկ վճարողը պետք է դիմի հարկային մարմին նոր գաղտնաբառ ստանալու համար` ներկայացնելով համապատասխան դիմում և պահանջը հիմնավորող համապատասխան փաստաթղթեր` համաձայն ԷՆՊ-ի: Գաղտնաբառի վերականգնումը կամ նոր գաղտնաբառի տրամադրումը կատարվում է պարզեցված ընթացակարգով` համաձայն ԷՆՊ-ի:
8. Հարկ վճարողն էլեկտրոնային հաշվետվություն ներկայացնելու համար`
1) հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքի (www.taxservice.am)` էլեկտրոնային հաշվետվություններին վերաբերող բաժնում էլեկտրոնային ծածկագրի և գաղտնաբառի միջոցով մուտք է գործում հարկ վճարողի դարան, ընտրում համապատասխան հաշվետվության ձևը, լրացնում, էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրում և հաստատում, որից հետո հաշվետվությունն ուղարկվում է հարկային մարմնի տեղեկատվական համակարգ.
2) համապատասխան հաշվապահական ծրագրից գեներացված կամ ցանկացած այլ էլեկտրոնային եղանակով կազմված և հարկային մարմնի կողմից հաստատված ձևաչափին համապատասխանող հաշվետվությունն ստորագրում է էլեկտրոնային թվային ստորագրությամբ և ուղարկում հարկային մարմին` վերջինիս կողմից սահմանված կարգով.
3) էլեկտրոնային ծածկագրի և գաղտնաբառի միջոցով մուտք է գործում հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքի` էլեկտրոնային հաշվետվություններին վերաբերող բաժնի հարկ վճարողի համապատասխան դարան, կցում է էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրված հաշվետվությունը, հաստատում, որից հետո հաշվետվությունն ուղարկվում է հարկային մարմնի տեղեկատվական համակարգ:
9. Հաշվետվությունները պատշաճ լրացնելու և ուղարկելու դեպքում համակարգը հարկ վճարողին (համակարգից օգտվողին) ներկայացնում է հաշվետվության ստացումը և գրանցումը հավաստող համապատասխան ծանուցում: Ծանուցումը հավաստում է այն փաստը, որ հաշվետվությունը տվյալ օրը և ժամին, հարկային մարմնի տեղեկատվական համակարգում գործող համապատասխան համակարգչային ծրագրով ձևավորված գրանցման համարով ներկայացվել ու գրանցվել է հարկային մարմնի տվյալների բազայում: Վերջինս կհանդիսանա հարկային մարմին հաշվետվություն ներկայացնելու օր: Հարկ վճարողը հնարավորություն ունի տպելու իր ուղարկած հաշվետվությունը, ինչպես նաև վերը նշված ծանուցումը: Հարկ վճարողի կատարած գործողությունների լիարժեք պատմությունը պահպանվում է հարկային մարմնի կայքէջի իր համապատասխան դարանում, որտեղից նա կարող է բեռնել տեղեկատվությունը և տպել: Հարկ վճարողի ներկայացրած հաշվետվությունները փոփոխման ենթակա չեն:
10. Մինչև օրենսդրությամբ սահմանված վերջնաժամկետը մի քանի հաշվետվություններ նույն հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացնելու դեպքում (այդ թվում` թղթային տարբերակով) նախորդ հաշվետվությունները պահպանվում են տվյալների բազայում, իսկ ներկայացված վերջին հաշվետվությունը պահպանվում է որպես ճշգրտված հաշվետվություն: Օրենսդրությամբ սահմանված հաշվետվությունների ներկայացման վերջնաժամկետից հետո առաջին անգամ ներկայացված հաշվետվությունները կգրանցվեն որպես ուշ ներկայացված հաշվետվություններ, իսկ նույն հաշվետու ժամանակաշրջանի համար մեկ անգամից ավելի ներկայացված հաշվետվությունները կհամարվեն ճշգրտված հաշվետվություններ: Երկրորդ և ավելի անգամ ճշգրտված հաշվետվություններ ներկայացնելու համար օրենքով պատասխանատվություն նախատեսված լինելու դեպքում համակարգն ավտոմատ ուղարկում է ծանուցում պատասխանատվություն նշանակելու մասին:
11. Թղթային և էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրված էլեկտրոնային կրիչներով ներկայացված հաշվետվությունները մշակում է հարկային մարմինը և 15-օրյա ժամկետում ապահովում է մշակված տվյալների հասանելիությունը հարկ վճարողին` տեղադրելով հարկային մարմնի կայքէջի` հարկ վճարողի համապատասխան դարանում կամ հարկային մարմնի կողմից այլ եղանակ սահմանված լինելու դեպքում` դրանց միջոցներով:
12. Հարկային մարմինը, օրենսդրությամբ սահմանված կարգով, ապահովում է իր կողմից տնօրինվող տեղեկատվական համակարգում էլեկտրոնային եղանակով ստացված հաշվետվությունների տվյալների պաշտպանվածությունը և պահպանումը:
(հավելվածը լրաց. 27.10.09 ՀՕ-194-Ն, փոփ. 19.03.12 ՀՕ-60-Ն)
Հավելված 3
«Հարկերի մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ, ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՓՈՍՏԻ ՄԻՋՈՑՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
1. Սույն կարգով սահմանվում է հարկ վճարողների և հարկային գործակալների կողմից (այսուհետ` սույն կարգի իմաստով հարկ վճարողներ) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ (այսուհետ` օրենսդրություն) նախատեսված հաշվետվությունները, հաշվարկները, այլ փաստաթղթերը և տեղեկությունները (այսուհետ` հաշվետվություններ) փոստի միջոցով հարկային մարմին ներկայացնելու կարգը:
2. Հարկ վճարողները կարող են հաշվետվությունները փոստի միջոցով հարկային մարմին ներկայացնել միայն պատվիրված նամակով (այսուհետ` նամակ):
Հաշվետվությունները պատվիրված նամակով հարկային մարմին ներկայացնելու հետ կապված բոլոր ծախսերը կատարում է հարկ վճարողը:
3. Հարկ վճարողները հաշվետվությունները փոստի միջոցով ներկայացնում են իրենց հաշվառման հարկային մարմնի հասցեով: Հարկ վճարողների կողմից իրենց հաշվառման հարկային մարմնի փոխարեն այլ հարկային մարմին ներկայացված հաշվետվությունները հարկային մարմնի կողմից այդ հաշվետվություններն ստանալուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, համապատասխան լիազորություններ ունեցող հարկային մարմնի պաշտոնատար անձի գրությամբ վերադարձվում են հարկ վճարողին փոստի միջոցով կամ առձեռն` հարկ վճարողի կողմից հաշվետվությունների հետստացման վերաբերյալ ստորագրությամբ:
4. Հաշվետվությունները փոստի միջոցով հարկային մարմին ներկայացնելու օր է համարվում փոստային բաժանմունքի ընդունման օրվա օրացուցային կնիքի արտատիպը: Ծրարի վրա փոստային բաժանմունքի կողմից նամակի ընդունման օրը հավաստող օրացուցային կնիքի արտատիպի բացակայության կամ վնասվածության կամ դրա բացահայտ անընթեռնելիության դեպքում այդ նամակները չեն ընդունվում հարկային մարմնի կողմից: Ընդ որում, հաշվետվությունը համարվում է ներկայացված, եթե այն ներկայացվել է մինչև օրենսդրությամբ սահմանված ժամկետը լրանալը:
Հարկային մարմնի կողմից հարկ վճարողին հաշվետվությունների հետ վերադարձման օր է համարվում փոստային բաժանմունքի կողմից այդ հաշվետվությունների ընդունման օրը:
5. Նամակի ծրարի վրա պարտադիր պետք է նշված լինի հարկ վճարողի գտնվելու վայրի (պետական գրանցման վայրի) հետադարձ հասցեն: Այն ծրարները, որոնց վրա բացակայում է հետադարձ հասցեն, հարկային մարմնի կողմից չեն ընդունվում:
6. Նամակում հաշվետվությունների հետ առանձին լրացվում է պարունակության նկարագրությամբ թերթիկ (այսուհետ` թերթիկ)` նամակում պարունակվող հաշվետվությունների ցանկի` համապատասխան անվանումների և էջերի քանակի վերաբերյալ: Թերթիկը ստորագրվում է հարկ վճարողի կողմից և ամրակցվում ներկայացվող հաշվետվություններին: Թերթիկի բացակայության դեպքում փոստի միջոցով ներկայացված բոլոր հաշվետվությունները հարկային մարմնի կողմից այդ հաշվետվություններն ստանալուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, համապատասխան լիազորություններ ունեցող հարկային մարմնի պաշտոնատար անձի գրությամբ փոստի միջոցով կամ առձեռն համապատասխան հիմնավորմամբ վերադարձվում են հարկ վճարողին: Ընդ որում, հաշվետվությունները հարկ վճարողին վերադարձված չեն համարվում, եթե նամակում բացակայում են հարկային մարմնի անվանումը, կնիքը և ամսաթիվը:
7. Փոստի միջոցով ներկայացված հաշվետվությունների` հարկային մարմնի կողմից ընդունման ժամանակ պարտադիր ստուգվում են օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվետվություններում պարտադիր լրացման ենթակա հետևյալ տվյալները`
1) հարկ վճարողի լրիվ անվանումը.
2) հարկ վճարողի հաշվառման համարը.
3) հաշվետու ժամանակաշրջանը, որի համար ներկայացվում են հաշվետվությունները.
4) օրենսդրությամբ սահմանված դեպքերում հարկ վճարողի և (կամ) գլխավոր հաշվապահի ստորագրությունը:
8. Սույն կարգի 7-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված տվյալներից որևէ մեկի` հաշվետվությունում բացակայության կամ հաշվետվությունն օրենսդրությամբ սահմանված ձևաթղթերի վրա լրացված չլինելու կամ թերթիկում նշված որևէ հաշվետվություն կամ այդ հաշվետվության անբաժանելի մասը կազմող փաստաթղթի բացակայության դեպքում հաշվետվությունը համարվում է չներկայացված, և հարկային մարմնի կողմից այդ հաշվետվություններն ստանալուց հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում, համապատասխան լիազորություններ ունեցող հարկային մարմնի պաշտոնատար անձի գրությամբ դրա մասին փոստով տեղեկացվում է հարկ վճարողին:
9. Սույն կարգով հարկային մարմին ներկայացված հաշվետվությունները կարվում են հարկ վճարողի հարկային գործում, իսկ չներկայացվածների մասին հարկային գործում կատարվում է համապատասխան նշում:
(հավելվածը լրաց. 27.10.09 ՀՕ-194-Ն, խմբ., փոփ. 19.03.12 ՀՕ-60-Ն)
Հավելված 4
«Հարկերի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԱՔՎՈՂ ԿԱՄ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՄԱՆ
(վերնագիրը փոփ. 19.11.14 ՀՕ-185-Ն)
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքում առաքվող կամ տեղափոխվող` շարժական, նյութական գույք հանդիսացող արտադրանքի, ապրանքների (այսուհետ` ապրանքներ) փաստաթղթավորման կարգը: Սույն կարգի դրույթները տարածվում են Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրանք, ապրանքներ առաքող, տեղափոխող, վաճառող կազմակերպությունների (ոչ առևտրային կազմակերպությունների համար` ձեռնարկատիրական գործունեության մասով) ու անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` հարկ վճարող) վրա, բացառությամբ բանկերի, ապահովագրական ընկերությունների, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցների, վճարահաշվարկային և վարկային կազմակերպությունների, «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կարգավորվող հարաբերությունների մասով արտոնագրային վճար վճարողների, «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կարգավորվող հարաբերությունների մասով հաստատագրված վճար վճարողների (անկախ օրենքով սահմանված սահմանային չափերը գերազանցելու հանգամանքից): (նախադասությունը հանվել է 19.11.14 ՀՕ-185-Ն)
(1-ին կետը լրաց. 19.12.12 ՀՕ-237-Ն, 21.06.14 ՀՕ-134-Ն, փոփ. 19.11.14 ՀՕ-185-Ն)
2. Սույն կարգում կիրառվող հասկացությունները`
առաքման վայր` հարկ վճարողին պատկանող կամ նրա կողմից օգտագործվող` հասցե ունեցող կամ չհասցեավորված անշարժ գույքի միավոր, առևտրի օբյեկտ, առևտրի իրականացման վայրի վաճառատեղ, անշարժ գույքի միավորներից որպես միասնություն կազմված անշարժ գույքի օբյեկտ, ընդերքի տեղամաս, ներբնակավայրային և բնակավայրերի սահմանագծերից դուրս աշխարհագրական օբյեկտ կամ ընդհանրական տարածք (նույն հասցեում գտնվող կամ չգտնվող, սակայն հարկ վճարողին տնօրինման, տիրապետման կամ օգտագործման իրավունքով պատկանող մեկ ընդհանրական` այլ անձանց տնօրինման, տիրապետման կամ օգտագործման իրավունքով պատկանող տարածքներով չսահմանազատված տարածք), որտեղից առաքվում, տեղափոխվում կամ որտեղ վաճառվում է ապրանքը.
առաքման կետ` տրանսպորտային միջոց, որն օգտագործվում է նախապես անհայտ գնորդներին հարկ վճարողի կողմից իր ապրանքներն առաքելու համար.
առաքվող ապրանք` հարկ վճարողի կողմից իր առաքման վայրերից կամ կետերից, ինչպես նաև մաքսատնից (մաքսակետից) առուվաճառքի, մատակարարման, փոխանակության, կոմիսիայի, գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրերի հիման վրա կամ առանց դրանց գնորդին (ստացողին) կամ նրա նշած անձին հանձնվող (այդ թվում` տեղ հասցնելու կամ փոխադրողին հանձնելու պայմանով)` իրացվող, հատկացվող, բաց թողնվող, տրամադրվող կամ ցանկացած այլ ձևով օտարվող (այդ թվում` անհատույց) ապրանք.
տեղափոխվող ապրանք` հարկ վճարողի կողմից իր առաքման վայրերի և (կամ) կետերի միջև տեղափոխվող, իր առաքման վայրերից մաքսատուն կամ մաքսակետ տեղափոխվող կամ պահատվության, հանձնարարության, պրինցիպալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրերով կամ վերամշակման հանձնվող կամ հետ վերադարձվող կամ վերամշակման ընդունված ապրանքանյութական արժեքների վերամշակման արդյունքում վերադարձվող կամ որևէ առաքման վայրից կամ կետից ձեռք բերված և տեղափոխվող (այդ թվում` փոխադրողի միջոցով) ապրանք.
ուղեկցող փաստաթուղթ՝ առաքվող կամ տեղափոխվող ապրանքն ուղեկցող` սույն կարգին համապատասխանող հաշվարկային փաստաթուղթ:
(2-րդ կետը լրաց. 19.12.12 ՀՕ-237-Ն)
3. Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքի առաքումը կամ տեղափոխումը պարտադիր կարգով իրականացվում է հետևյալ ուղեկցող փաստաթղթերով՝
1) «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հարկային հաշիվ դուրս գրելու պարտավորության դեպքում առաքվող (ձեռք բերողի կողմից տեղափոխվելու դեպքում տեղափոխվող) ապրանքն ուղեկցվում է օրենքով սահմանված կարգով մատակարարի կողմից դուրս գրված հարկային հաշիվներով, իսկ օրենքով սահմանված դեպքերում կանխիկ դրամով իրականացվող դրամական հաշվարկներով կատարված ձեռքբերումների մասով` հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոններով.
2) «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հարկային հաշվի փոխարեն այլ հաշվարկային փաստաթուղթ լրացնելու (կազմելու) պարտավորության դեպքում, ինչպես նաև ավելացված արժեքի հարկ վճարող չհամարվողների կողմից ապրանքներ առաքելու դեպքում առաքվող (ձեռք բերողի կողմից տեղափոխվելու դեպքում տեղափոխվող) ապրանքն ուղեկցվում է սահմանված կարգով մատակարարի կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերով (այսուհետ` հաշիվ-ապրանքագիր), իսկ օրենքով սահմանված դեպքերում կանխիկ դրամով իրականացվող դրամական հաշվարկներով կատարված ձեռքբերումների մասով` հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոններով.
3) հարկ վճարողի կողմից ապրանքը (բացառությամբ ձեռք բերված և տեղափոխվող ապրանքի) ուղեկցվում է ապրանքի տեղափոխումը հավաստող սահմանված կարգով դուրս գրված համապատասխան ապրանքագրերով, բեռնագրերով և բեռնառաքման փաստաթղթերով, իսկ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների համար մաքսազերծման վայրերից դեպի առաջին նշանակման կետ մաքսային համապատասխան (փոխադրման ամփոփագիր և (կամ) մաքսային հայտարարագիր) փաստաթղթերով (այսուհետ՝ ապրանքագիր):
4. Սույն կարգի իմաստով ուղեկցող փաստաթղթին (բացառությամբ օրենքով սահմանված դեպքերում կանխիկ դրամով իրականացվող դրամական հաշվարկներով կատարված գործարքների մասով հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոններին) ներկայացվող պահանջները համարվում են բավարարված, եթե ուղեկցող փաստաթղթում առկա են հետևյալ վավերապայմանները`
1) ուղեկցող փաստաթղթի հերթական համարը, դուրսգրման ամսաթիվը.
2) առաքող կամ տեղափոխող անձի (բացառությամբ ձեռք բերողի կողմից տեղափոխման դեպքի) անվանումը, ՀՎՀՀ-ն.
3) առաքման կամ տեղափոխման ամսաթիվը.
4) առաքման վայրի հասցեն կամ առաքման կետի տվյալները (ավտոտրանսպորտային միջոցի մակնիշը և պետական համարանիշը), որտեղից առաքվում կամ տեղափոխվում է ապրանքը.
5) առաքվող կամ տեղափոխվող ապրանքների նշանակման վայրի հասցեն, բացառությամբ այն դեպքերի, երբ ապրանքները գնորդին հանձնվում են առաքման վայրում.
6) առաքվող (ձեռք բերողի կողմից տեղափոխվելու դեպքում տեղափոխվող) ապրանքների քանակը և գինը (արժեքը) հանրագումարով.
7) առաքվող կամ տեղափոխվող ապրանքի գնորդի (ստացողի)՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող տվյալները, ֆիզիկական անձանց համար` անունը, ազգանունը.
8) (ենթակետն ուժը կորցրել է 19.11.14 ՀՕ-185-Ն)
(4-րդ կետը լրաց. 19.12.12 ՀՕ-237-Ն, փոփ. 19.11.14 ՀՕ-185-Ն)
5. Սույն կարգի իմաստով անփաստաթուղթ ապրանք է համարվում առաքվող կամ տեղափոխվող այն ապրանքը, որը`
1) փաստացի առաքվում կամ տեղափոխվում է առանց համապատասխան ուղեկցող փաստաթղթի.
2) փաստացի առաքման կամ տեղափոխման ժամանակ օրենքով սահմանված կարգով հայտնաբերված՝ ուղեկցող (կամ էլեկտրոնային եղանակով դուրս գրված) փաստաթղթերի համեմատությամբ փաստացի առաքվող կամ տեղափոխվող ապրանքի քանակական ավելցուկը.
3) փաստացի առաքվում կամ տեղափոխվում է սույն կարգի 4-րդ կետի պահանջներին չբավարարող ուղեկցող փաստաթղթով: Սույն ենթակետի կիրառման իմաստով ուղեկցող փաստաթղթին ներկայացվող պահանջները համարվում են բավարարված նաև այն դեպքերում, երբ ուղեկցող փաստաթղթերի վավերապայմաններում առկա են ոչ էական թերություններ (վրիպակներ, ոչ իրավաբանական անճշտություններ և բացթողումներ), պայմանով, որ առկա վավերապայմաններն ըստ էության հիմնավորում են սույն կարգի 4-րդ կետի պահանջների կատարված լինելը.
4) օրենքով սահմանված կարգով հայտնաբերված փաստացի առաքվող (այդ թվում` ձեռք բերողի կողմից տեղափոխելու դեպքում) ապրանք է, սակայն ուղեկցվում է սույն կարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված այլ ուղեկցող փաստաթղթով:
Անփաստաթուղթ ապրանքի մասով սույն կարգի դրույթները չեն տարածվում հարկ վճարողի կողմից օրենքով սահմանված դեպքերում կանխիկ դրամական հաշվարկներով վաճառված ապրանքների վրա, երբ պարտադիր է հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը: Անփաստաթուղթ ապրանքի մասով սույն կարգի դրույթները տարածվում են ապրանքներ ձեռք բերող հարկ վճարողների կողմից տեղափոխվելու դեպքում տեղափոխվող ապրանքների վրա, անկախ ապրանքներ վաճառող հարկ վճարողի համար հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր լինելու հանգամանքից:
6. (կետն ուժը կորցրել է 19.11.14 ՀՕ-185-Ն)
7. (կետն ուժը կորցրել է 19.11.14 ՀՕ-185-Ն)
8. (կետն ուժը կորցրել է 19.11.14 ՀՕ-185-Ն)
9. (կետն ուժը կորցրել է 19.11.14 ՀՕ-185-Ն)
10. (կետն ուժը կորցրել է 19.11.14 ՀՕ-185-Ն)
11. (կետն ուժը կորցրել է 19.11.14 ՀՕ-185-Ն)
12. (կետն ուժը կորցրել է 19.11.14 ՀՕ-185-Ն)
13. (կետն ուժը կորցրել է 19.11.14 ՀՕ-185-Ն)
14. (կետն ուժը կորցրել է 19.11.14 ՀՕ-185-Ն)
15. (կետն ուժը կորցրել է 19.11.14 ՀՕ-185-Ն)
16. (կետն ուժը կորցրել է 19.11.14 ՀՕ-185-Ն)
ՁԵՎ
ԱՌԱՔՎՈՂ ԿԱՄ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ (ՀԱՇՎԱՌՄԱՆ) ԳՐՔԻ
(ձևն ուժը կորցրել է 19.11.14 ՀՕ-185-Ն)
(հավելվածը լրաց. 07.12.11 ՀՕ-308-Ն, լրաց. 19.12.12 ՀՕ-237-Ն, 21.06.14 ՀՕ-134-Ն, փոփ. 19.11.14 ՀՕ-185-Ն)