Հոդված 23. Դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի իրացմանը ներկայացվող ընդհանուր պահանջները
Հոդված 23. Դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի իրացմանը ներկայացվող ընդհանուր պահանջները
1. Դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի իրացումը սույն օրենքով սահմանված կարգով կարող են իրականացնել դեղատնային գործունեության կամ դեղերի մեծածախ իրացման համար լիցենզավորված անձինք, որոնք իրացման ծավալների վերաբերյալ Լիազոր մարմին ներկայացնում են տարեկան հաշվետվություն` Լիազոր մարմնի սահմանած կարգով:
2. Արգելվում է իրացնել Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (բացառությամբ սույն օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերի կամ սույն օրենքով սահմանված այլ դեպքերի) կամ որակի պահանջներին չհամապատասխանող կամ պիտանիության ժամկետն անցած կամ գրանցումն ուժը կորցրած ճանաչված կամ գրանցումը կասեցված կամ շրջանառությունը դադարեցված (հետ կանչված), Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ ներմուծված դեղերը, կեղծ դեղերը, դեղանյութերը, դեղաբուսական հումքը, հետազոտվող դեղագործական արտադրանքը: Սույն մասում նշված արտադրանքի մասին ահազանգի ծանուցման, շրջանառությունը դադարեցնելու և շրջանառությունից հանելու (հետկանչի) կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Շրջանառության դադարեցման և հետկանչի ծախսերը կրում է գրանցման հավաստագրի իրավատերը կամ մատակարարը: Հետկանչված արտադրանքը ոչնչացվում է օրենսդրությամբ սահմանված կարգով կամ վերադարձվում է մատակարարին՝ համաձայն պայմանագրի:
3. Գրանցման ժամկետն ավարտվելուց հետո թույլատրվում է մինչև պիտանիության ժամկետի ավարտը իրացնել այն դեղերը, որոնք ներմուծման հավաստագրի տրման օրը կամ հավաստագրի տրամադրման նպատակով ներկայացվող փաստաթղթերում նշված սահմանահատման օրը, իսկ Հայաստանի Հանրապետությունում արտադրվածները` արտադրողի կողմից իրացման հաշիվ ապրանքագրի տրման օրը, օրենքով սահմանված կարգով գրանցված են եղել Հայաստանի Հանրապետությունում:
4. Որակին, արդյունավետությանը և անվտանգությանը չառնչվող հետգրանցումային փոփոխություններն ընդունվելուց հետո նախորդ հաստատված փաթեթներով դեղերը կարող են իրացվել, եթե դրանք արտադրվել են մինչև փոփոխության ընդունումը կամ դրանից հետո՝ առավելագույնը 180 օրացուցային օրվա ընթացքում:
(23-րդ հոդվածը լրաց. 11.04.24 ՀՕ-153-Ն, 03.07.26 ՀՕ-343-Ն)
(11.04.24 ՀՕ-153-Ն օրենքն ունի անցումային դրույթ)