Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ԴԵՂԵՐՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԵՎ ԴԵՂԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 11. Ապահովագրական փաթեթում ներառված դեղերի գների պետական կարգավորումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11. Ապահովագրական փաթեթում ներառված դեղերի գների պետական կարգավորումը

(վերնագիրը խմբ. 17․12․25 ՀՕ-462-Ն)

1. Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է ապահովագրական փաթեթի դեղերի գների պետական կարգավորում: Գների պետական կարգավորումը, սույն օրենքի համաձայն, ապահովագրական փաթեթում ներառված դեղ ձեռք բերելու դեպքում հատուցման և առավելագույն հատուցման չափերի սահմանումն է, որը ներառում է դեղի հենակետային գինը, հատուցման գինը և հատուցման առավելագույն չափը:

2. Ապահովագրական փաթեթում ներառված դեղերի գների պետական կարգավորումն իրականացվում է դեղի համընդհանուր անվանման խմբին և այդ խմբում ընդգրկված առևտրային անվանումներին համապատասխան` սույն օրենքի պահանջներին համապատասխան` ըստ դեղաձևի և դեղաչափի:

3. Ապահովագրական փաթեթում ներառված դեղի հենակետային գինը, հատուցման գինը և հատուցման առավելագույն չափերը սահմանում է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը՝ ապահովագրական փաթեթում ներառված դեղի հենակետային գնի, հատուցման գնի և հատուցման առավելագույն չափերի հաշվարկման մեթոդաբանության հիման վրա:

4. Օրացուցային տարվա ընթացքում դեղի հենակետային գինը, հատուցման գինը և հատուցման առավելագույն չափը կարող են վերանայվել ոչ ավելի, քան երկու անգամ։

5. Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը իր պաշտոնական կայքէջում տեղադրում է ապահովագրական փաթեթում ներառված դեղերի հենակետային գնի, հատուցման գնի և հատուցման առավելագույն չափի վերաբերյալ տվյալները՝ ապահովելով այդ տվյալների մատչելիությունը նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար։

6. Ապահովագրական փաթեթի դեղերի գների պետական կարգավորման սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված որոշումներն ուժի մեջ են մտնում Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի պաշտոնական կայքէջում հրապարակվելուց հետո՝ ոչ ուշ, քան հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։

7. Ապահովագրական փաթեթի դեղերի գների պետական կարգավորման ընթացակարգը սահմանում է Կառավարությունը:

(11-րդ հոդվածը խմբ. 17․12․25 ՀՕ-462-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։