Հոդված 26. Դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի, հետազոտվող դեղագործական արտադրանքի ոչնչացումը
Հոդված 26. Դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի, հետազոտվող դեղագործական արտադրանքի ոչնչացումը
1. Պիտանիության ժամկետը լրացած, չգրանցված, կեղծ, օգտագործման համար ոչ պիտանի, ոչ օրինական ճանապարհով ձեռք բերված, օրենքի խախտմամբ ներմուծված, անորակ, չհայտարարագրված բաղադրատարրեր պարունակող դեղերը, դեղանյութերը, դեղաբուսական հումքը և հետազոտվող դեղագործական արտադրանքը ոչնչացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով վտանգավոր թափոնների ոչնչացմանը ներկայացվող պահանջներին համապատասխան՝ լիցենզավորված իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ (այսուհետ՝ ոչնչացնող) կողմից: Ոչնչացնողի կողմից էլեկտրոնային փոստով դեղերի շրջանառության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած՝ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին (այսուհետ՝ Տեսչական մարմին) առնվազն հինգ աշխատանքային օր առաջ տրամադրվում է ոչնչացում իրականացնելու վերաբերյալ տեղեկություն՝ ոչնչացման ենթակա դեղի անվանման, քանակի (դեղահատի, դեղապատիճի, ամպուլայի, տուփի, բլիստերի, սրվակի, փամփուշտի, գրիչ-ներարկիչի, փաթեթիկի և այլն), սերիայի, պիտանիության ժամկետի, ոչնչացման վայրի, ժամի, ոչնչացում իրականացնելու համար դիմողի (դիմողների) տվյալների վերաբերյալ: Դեղերի շրջանառության ոլորտում իրականացվող պետական վերահսկողության շրջանակում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած՝ դեղերի շրջանառության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը դեղերի ոչնչացման գործընթացի նկատմամբ իրականացնում է վերահսկողություն: Ոչնչացնողն ապահովում է ոչնչացման գործընթացի տեսաձայնագրումը, որը պահպանվում է առնվազն մեկ տարի: Տեսաձայնագրման կարգը և տեսաձայնագրմանը ներկայացվող պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Ոչնչացում իրականացնելու վերաբերյալ տեղեկություն չտրամադրելը կամ սահմանված ժամկետի խախտմամբ տրամադրելը կամ ոչնչացման տեսաձայնագրում չիրականացնելը կամ ոչնչացման տեսաձայնագրումը սահմանված կարգի և պահանջների խախտմամբ իրականացնելն առաջացնում է օրենքով նախատեսված վարչական պատասխանատվություն:
Ոչնչացում իրականացնող լիցենզավորված իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը պատասխանատու է դրոշմանիշի (դրոշմապիտակի) մարումն ապահովելու համար:
Սույն մասով նախատեսված արարքները վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ երկու տարվա ընթացքում, երրորդ անգամ կատարելը հիմք է Տեսչական մարմնի կողմից լիցենզավորող մարմին ոչնչացում իրականացնող լիցենզավորված իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ վտանգավոր թափոնների գործածության լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ միջնորդագիր ներկայացնելու համար:
2. Դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի և հետազոտվող դեղագործական արտադրանքի ոչնչացումը ֆինանսավորվում է այն շրջանառության սուբյեկտի հաշվին, որի սեփականությունն է համարվում կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:
(26-րդ հոդվածը խմբ. 03.07.26 ՀՕ-326-Ն)