Հոդված 76. Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու և հանրաքվեի դրվելիք օրենքների նախագծերն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելու կարգը
Հոդված 76. Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու և հանրաքվեի դրվելիք օրենքների նախագծերն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելու կարգը
1. Սահմանադրության ընդունման կամ դրանում փոփոխություններ կատարելու մասին Հանրապետության Նախագահի նախաձեռնությունը ներառում է՝
ա) սույն օրենքի 75-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերում նշված փաստաթղթերը.
բ) որպես հիմնական զեկուցող հանդես եկող Հանրապետության Նախագահի լիազոր ներկայացուցչի անունը, ազգանունը:
2. Օրենքի նախագիծը հանրաքվեի դնելու մասին Կառավարության առաջարկությունն իրականացվում է Կառավարության որոշմամբ, որը ներառում է՝
ա) սույն օրենքի 75-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերում նշված փաստաթղթերը.
բ) որպես հիմնական զեկուցող հանդես եկող Կառավարության լիազոր ներկայացուցչի անունը, ազգանունը.
գ) անհրաժեշտության դեպքում՝ պետական բյուջեի եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Կառավարության եզրակացությունը:
3. Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու նախագիծը, հանրաքվեով ընդունվելիք օրենքի նախագիծը համարվում է Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված, եթե այն սույն օրենքի պահանջներին համապատասխան պաշտոնապես ներկայացվել է Ազգային ժողովի նախագահին:
4. Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու մասին, ինչպես նաև հանրաքվեի դրվելիք օրենքների նախագծերն Ազգային ժողովում շրջանառության մեջ են դրվում սույն օրենքի 51-րդ հոդվածով սահմանված կարգով։ Կառավարությունը և Աշխատակազմը Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու մասին, ինչպես նաև հանրաքվեի դրվելիք օրենքների նախագծերի վերաբերյալ իրենց եզրակացություններն Ազգային ժողովի նախագահին են ներկայացնում 30-օրյա, իսկ գլխադասային հանձնաժողովը՝ 40-օրյա ժամկետում, սակայն ոչ շուտ, քան Կառավարության և Աշխատակազմի եզրակացություններն ստանալը կամ դրանց ստացման ժամկետի սպառվելը։
(76-րդ հոդվածը փոփ. 26.02.07 ՀՕ-111-Ն)