Հոդված 33
Հոդված 33.
Օրենքի 75-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «կառավարիչը`» բառից հետո լրացնել «իր կողմից գույքագրման արդյունքներով ներկայացված և պարտատերերի խորհրդի, իսկ խորհուրդ ձևավորված չլինելու դեպքում պարտատերերի ժողովի կողմից հաստատված գույքի վաճառքի ծրագրի համաձայն և» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Գույքի վաճառքի ծրագիրը պետք է ներառի պարտապանի ամբողջ գույքի, ներառյալ՝ պահանջի իրավունքների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ (անվանումները, նկարագրությունը, քանակը, հաշվեկշռային արժեքը), վաճառքի նախատեսվող ձևը, նախնական գնահատված արժեքները` ըստ գույքի տեսակի։ Գույքի վաճառքի ծրագիրը պարտատերերի խորհրդի կամ ժողովի կողմից չհաստատվելու դեպքում կառավարիչն իրավունք ունի դիմելու դատարան և պահանջելու հաստատել գույքի վաճառքի ծրագիրը` կցելով պարտատերերի ժողովի կամ խորհրդի որոշումները կամ ժողովի կամ խորհրդի նիստի անցկացման անհնարինության հիմքերը։ Ծրագրի փոփոխությունները կատարվում են ծրագրի ընդունման համար սահմանված կարգով։»: