Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2017-11-23-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ՀԱՐԿՎՈՂ ՕԲՅԵԿՏԸ ԵՎ ՀԱՐԿՎՈՂ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 8

գործել է մինչև 2017-11-23ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 8.

ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը (հարկման բազան) որոշվում է հետևյալ կարգով,

1) ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման դեպքերում (բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի) ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում դրանց արժեքը դրամական արտահայտությամբ (ներառյալ` այդ արժեքին օրենքով միացվող այլ վճարումները)` առանց ԱԱՀ-ի, որը գնորդը պետք է վճարի մատակարարին որպես հատուցում:

Շրջանառելի` բազմակի օգտագործման տարայի արժեքը չի ներառվում ԱԱՀ-ով հարկվող շրջանառության մեջ, բացառությամբ ապրանքների արտահանման դեպքերի, ինչպես նաև այն դեպքի, երբ տարան իրացնում է անմիջական արտադրողը կամ ներմուծողը.

2) Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների (բացառությամբ ծխախոտի արտադրանքի, ինչպես նաև ԵՏՄ անդամ պետություններից ներմուծվող ապրանքների) համար ներմուծման պահին ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում դրանց` օրենքով սահմանված կարգով որոշվող մաքսային արժեքի և գանձվող մաքսատուրքի ու ակցիզային հարկի գումարը.

ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների մասով ԱԱՀ-ով հարկման բազան որոշվում է «Անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

3) ԱԱՀ վճարող անձանց կողմից մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով վերամշակման կամ նորոգման նպատակով Հայաստանի Հանրապետության ներքին տարածքից արտահանված ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում ապրանքների վերամշակումից կամ նորոգումից հետո ներմուծման մաքսային արժեքի և դրանց արտահանման ժամանակ հայտարարագրված մաքսային արժեքի տարբերության, օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված մաքսատուրքի և ակցիզային հարկի հանրագումարը, բացառությամբ Հայաստանի Հանրապետությունից ԵՏՄ անդամ պետություններ արտահանված հումքի վերամշակման արդյունքում ստացված ապրանքների ներմուծման դեպքերի, երբ ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը որոշվում է «Անուղղակի հարկերի մասին» արձանագրության 14-րդ կետով սահմանված կարգով.

4) Հայաստանի Հանրապետությունում որպես ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող չգրանցված (չհաշվառված) օտարերկրյա անձի կողմից Հայաստանի Հանրապետությունում ԱԱՀ-ով հարկվող գործարք իրականացվելու (ներառյալ` այդ անձի սեփականությունը հանդիսացող ապրանքներ ներմուծվելու) դեպքերում այդ գործարքների մասով պայմանագրային հարաբերությունների կողմ հանդիսացող` ԱԱՀ վճարող համարվող կամ ԱԱՀ-ի վճարման պարտավորություն կրող անձինք, բացառությամբ արտոնագրային կամ հաստատագրված վճար կամ շրջանառության հարկ վճարող կամ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող անձանցից և անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից, օտարերկրյա անձանց փոխարեն որպես հարկային գործակալ կրում են ավելացված արժեքի հարկ հաշվարկելու և վճարելու պարտավորություն` սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով և ժամկետներում: Այդ գործարքների գծով ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը որոշվում է սույն հոդվածով սահմանված կարգով: Սույն կետի կիրառման իմաստով գործարքը համարվում է Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացված, եթե ապրանքի մատակարարման կամ ծառայության մատուցման վայրը Հայաստանի Հանրապետությունում է: Սույն հոդվածին համապատասխան, օտարերկրյա անձի փոխարեն ԱԱՀ-ի պարտավորություն կրելիս ԱԱՀ-ի շեմը չի կիրառվում.

5) հանձնարարության կամ պրինցիպալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրերի հիման վրա հանձնակատարի կամ գործակալի կողմից մատուցվող ծառայությունների մասով ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում համապատասխանաբար` հանձնակատարին, գործակալին հասանելիք գումարը (վարձատրության և հանձնակատարի կամ գործակալի կողմից իր անունով կատարած ծախսերի դիմաց որպես փոխհատուցում վճարվող գումարը` առանց ԱԱՀ-ի), իսկ հանձնարարողի, պրինցիպալի համար ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում հանձնարարության կամ գործակալության պայմանագրի հիման վրա մատակարարված ապրանքի կամ մատուցված ծառայության ընդհանուր արժեքը` առանց ԱԱՀ-ի:

Կոմիսիոների կամ գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրերի դեպքերում (բացառությամբ սույն կետով նախատեսված դեպքի) կոմիսիոների կամ գործակալի մոտ ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում կոմիսիայի կամ գործակալության պայմանագրի հիման վրա մատակարարված ապրանքի կամ մատուցված ծառայության ընդհանուր արժեքը (առանց ԱԱՀ-ի), իսկ կոմիտենտի կամ պրինցիպալի համար ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում կոմիսիայի կամ գործակալության պայմանագրի հիման վրա մատակարարված ապրանքի կամ մատուցված ծառայության արժեքի (առանց ԱԱՀ-ի) և համապատասխանաբար` կոմիսիոների կամ գործակալի հասանելիք գումարի (առանց ԱԱՀ-ի) տարբերությունը: Կոմիսիոների և գործակալի համար ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը որոշվում է ապրանքի կամ ծառայության ընդհանուր արժեքով նաև այն դեպքերում, երբ կոմիսիայի կամ գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրերին համապատասխան, կոմիսիոների կամ գործակալի կողմից երրորդ անձից ձեռք բերված ապրանքը կամ ծառայության արդյունքը հանձնվում է համապատասխանաբար՝ կոմիտենտին կամ պրինցիպալին:

Կոմիսիոների կամ գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրով ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման դեպքում, երբ իրականացվող գործարքը ենթակա չէ ԱԱՀ-ով հարկման, այդ թվում` այն դեպքերում, երբ ֆիզիկական անձի գույքի օտարման գործարքը ապրանքի մատակարարում չի համարվում, կոմիսիոների կամ գործակալի մոտ ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում համապատասխանաբար` կոմիսիոների կամ գործակալի վարձատրության գումարը (առանց ԱԱՀ-ի).

6) ապրանքների անհատույց մատակարարման, ծառայությունների անհատույց մատուցման, ինչպես նաև այն դեպքում, երբ դրանց դիմաց տվյալ գործարքների (գործառնությունների) համար սովորականի համեմատ կիրառվում են գործարքի իրական արժեքից 20 և ավելի տոկոսով ցածր գներ (մասնակի հատուցում), հարկման օբյեկտ է համարվում այդպիսի կամ նույնանման գործարքների համար համեմատելի հանգամանքներում որպես հարկվող շրջանառություն ընդունվող՝ սույն օրենքին համապատասխան որոշվող մեծության (գործարքի արժեքի, վճարի վարձատրության, պարգևի կամ այլ դրամական հատուցման մեծության), իսկ դրա բացակայության դեպքում՝ համանման պայմաններում գործող այլ հարկ վճարողի կողմից համեմատելի հանգամանքներում նույնանման գործարքների համար սովորաբար որպես հարկման օբյեկտ ընդունվող մեծության (գործարքի իրական արժեքի) 80 տոկոսը կազմող մեծությունը:

Սույն կետի դրույթները չեն կիրառվում, եթե հրապարակային պայմանագրի համաձայն, ապրանքներ մատակարարող կամ ծառայություններ մատուցող անձը հրապարակային պայմանագրով առևտրային զեղչերի կիրառման օրվան նախորդող առնվազն երկու աշխատանքային օր առաջ հարկային մարմին է ներկայացրել վերադաս հարկային մարմնի կողմից սահմանված ձևի հայտարարություն՝ առևտրային զեղչեր կիրառելու վերաբերյալ.

7) փոխանակման գործարքների (գործառնությունների) հարկվող շրջանառությունը որոշվում է ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման համար սույն օրենքով սահմանված կարգով` հիմք ընդունելով այդ ապրանքների մատակարարման ու ծառայությունների մատուցման պահին դրանց սովորաբար կիրառվող գինը` առանց ԱԱՀ-ի.

8) ակցիզային հարկով հարկվող ապրանքների (բացառությամբ ծխախոտի արտադրանքի) մատակարարման դեպքում ԱԱՀ-ով հարկվող շրջանառության մեջ ներառվում է նաև ակցիզային հարկի գումարը:

9) շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ (կիսակառույց)), բնակելի կամ այլ տարածքների օտարման դեպքում ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը որոշվում է սույն հոդվածով սահմանված կարգով, բայց ոչ պակաս՝ գույքահարկով հարկման նպատակով՝ դրանց համար օրենքով սահմանված կարգով որոշվող արժեքից, բացառությամբ սույն կետով նախատեսված դեպքի:

Գերակա հանրային շահերով հասարակության և պետության կարիքների համար օտարվող (օտարված) սեփականության դիմաց սեփականատիրոջը` կառուցված բազմաբնակարան (այդ թվում` բազմաֆունկցիոնալ) կամ ստորաբաժանված շենքի բնակարաններով կամ այլ տարածքներով, իսկ բնակելի թաղամասերում կամ համալիրներում` բնակելի տներով հատուցելու դեպքում, ավելացված արժեքի հարկով հարկվող շրջանառություն է համարվում «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով որոշվող արժեքը:

Շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ (կիսակառույց)), բնակելի կամ այլ տարածքների վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման գործարքների մասով ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը որոշվում է սույն հոդվածով սահմանված կարգով, բայց ոչ պակաս գույքահարկով հարկման նպատակով` օրենքով սահմանված կարգով որոշվող արժեքի, իսկ այդպիսի արժեքի բացակայության դեպքում` գույքահարկով հարկման օբյեկտի ընդհանուր մակերեսում վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնված տարածքի մակերեսի բաժնեմասին համապատասխանող արժեքի հինգ տոկոսից` հաշվարկված տարեկան կտրվածքով: Այդ մեծությունը, ըստ ԱԱՀ-ի հաշվետու ժամանակաշրջանների, բաշխվում է հավասարաչափ.

10) եթե Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ապրանքատեսակների մատակարարման գործարքների մասով մատակարարված ապրանքի դիմաց հատուցման ենթակա գումարը կնքված պայմանագրի համաձայն ենթակա է ճշտման` ճշգրտվող տվյալների (ապրանքի վերջնական քանակի, որակական հատկանիշների) հիման վրա, ապրանքն ստանալուց կամ դրա վերամշակումն ավարտելուց հետո, ապա մատակարարված ապրանքների մասով ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը որոշվում է օտարերկրյա բորսայի, հանդեսի կողմից հրապարակվող կամ այլ աղբյուրից ստացվող տվյալներով որոշվող` ապրանքի միավորի հաշվարկային գնի և տվյալ ապրանքի մատակարարման պայմանագրով նախատեսվող ճշգրտվող տվյալների (մասնավորապես` ապրանքի վերջնական քանակի, որակական հատկանիշների) հիման վրա (անկախ վերջնահաշվարկի արդյունքում վճարման ենթակա հատուցման գումարից): Սույն կետի կիրառման առումով հարկվող շրջանառության որոշման նպատակով ճշգրտվող տվյալները, դրանց ճշգրտման առավելագույն սահմանները, ինչպես նաև ապրանքի միավորի հաշվարկային գնի որոշման կարգը (ներառյալ հաշվարկային գնի որոշման պարբերականությունը) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

11) ծխախոտի արտադրանքի ներմուծման և օտարման գործարքների հարկվող շրջանառությունը որոշվում է` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով մակնշված` ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գինը` առանց ԱԱՀ-ի:

12) (կետն ուժը կորցրել է 19.12.12 ՀՕ-240-Ն)

13) արտարժույթի առուվաճառքի գործունեության մասով ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում արտարժույթի վաճառքի և ձեռքբերման արժեքների դրական տարբերությունը:

(8-րդ հոդվածը լրաց. 26.12.97 ՀՕ-177, լրաց., փոփ., խմբ. 26.12.00 ՀՕ-126, լրաց., խմբ. 14.12.01 ՀՕ-288, լրաց. 27.11.06 ՀՕ-189-Ն, 09.04.07 ՀՕ-157-Ն, 11.10.07 ՀՕ-211-Ն, 21.08.08 ՀՕ-146-Ն, խմբ., լրաց. 06.12.11 ՀՕ-334-Ն, փոփ., խմբ., լրաց. 19.12.12 ՀՕ-240-Ն, լրաց. 07.10.10 ՀՕ-129-Ն, 21.06.14 ՀՕ-129-Ն, 17.12.14 ՀՕ-243-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։