Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2017-06-22-ից մինչև 2017-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԴԱՍՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 22.1. Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի և Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի որոշումները

գործել է մինչև 2017-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 22.1. Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի և Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի որոշումները

1. Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը և Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը որոշումներ ընդունում են միայն Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված դեպքերում և սահմաններում:

2. Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի և Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի որոշումները չպետք է հակասեն Հայաստանի Հանրապետության օրենսդրության և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին:

3. Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը և Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահն ընդունում են նորմատիվ կամ ներքին կամ անհատական կամ դատական պրակտիկայի ամփոփման հիման վրա օրենքների կիրառման խորհրդատվական բնույթի պաշտոնական պարզաբանումներ:

(22.1-ին հոդվածը լրաց. 07.07.06 ՀՕ-157-Ն)

ՀՈԴՎԱԾ 23. ՊԵՏԱԿԱՆ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ և համայնքային ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՈՒ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ

(վերնագիրը փոփ. 25.12.06 ՀՕ-35-Ն)

1. Պետական այլ մարմինները, պետական ու համայնքային հիմնարկները, իրավաբանական անձինք ընդունում են միայն անհատական կամ ներքին իրավական ակտեր` իրավական ակտերով կամ իրենց կանոնադրություններով սահմանված լիազորությունների շրջանակում:

2. Պետական այլ մարմինների, պետական կամ համայնքային հիմնարկների և իրավաբանական անձանց իրավական ակտերը չպետք է հակասեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, գերատեսչական ակտերին, տեղական ինքնակառավարման ակտերին, դատական ակտերին, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին:

(23-րդ հոդվածը փոփ. 25.12.06 ՀՕ-35-Ն)

ՀՈԴՎԱԾ 24. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՍՏՈՐԱԴԱՍՈՒԹՅՈՒՆԸ

1. Հայաստանի Հանրապետության իրավական ակտերը գործում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և սույն օրենքով սահմանված` առավել բարձր իրավաբանական ուժ ունեցող ակտերի գերակայության սկզբունքի հիման վրա:

2. Իրավական ակտերի միջև հակասությունների դեպքում գործում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և սույն օրենքով նախատեսված ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերը, բացառությամբ սույն հոդվածի յոթերորդ մասով նախատեսված դեպքերի:

3. Միևնույն մարմնի նոր ընդունած իրավական ակտը չպետք է հակասի նախկինում ընդունված և ուժի մեջ մտած հավասար իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերին: Միևնույն մարմնի ընդունած հավասար իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերի միջև հակասությունների դեպքում գործում են ավելի վաղ ուժի մեջ մտած իրավական ակտի նորմերը, բացառությամբ սույն օրենքի 94-րդ հոդվածի չորրորդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի:

4. Տարբեր մարմինների ընդունած հավասար իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ կամ անհատական իրավական ակտերի միջև հակասություն առաջանալու դեպքում գործում է այն մարմնի ընդունած իրավական ակտը, որին նման իրավական ակտ ընդունելու լիազորությունը տրված է ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտով:

5. Նույն իրավական ակտի տարբեր մասերի միջև հակասությունների դեպքում գործում են այն մասերի դրույթները, որոնք բխում են տվյալ իրավական ակտի էությունից կամ տվյալ իրավահարաբերությունները կարգավորող իրավունքի սկզբունքներից, բացառությամբ սույն հոդվածի յոթերորդ մասով նախատեսված դեպքերի: Նույն իրավական ակտի ընդհանուր և հատուկ մասերի միջև հակասության դեպքում գործում են ընդհանուր մասի դրույթները:

6. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընդունած և հանրաքվեով ընդունված օրենքների միջև հակասության դեպքում գործում են հանրաքվեով ընդունված օրենքի նորմերը:

7. Հավասար իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերի կամ նույն իրավական ակտի տարբեր մասերի միջև հակասության դեպքում պետական և տեղական ինքնակառավարման մարմինները ֆիզիկական ու իրավաբանական անձանց հետ հարաբերություններում պետք է կիրառեն ֆիզիկական և իրավաբանական անձանց համար նախընտրելի նորմատիվ իրավական ակտը կամ դրա մասը:

8. Արգելվում է իրավական ակտում նախատեսել հավասար իրավական ուժ ունեցող այլ իրավական ակտերի նկատմամբ գերակայության մասին նորմ: Նման նորմերն իրավական ուժ չունեն:

9. Իրավական ակտում հակասություն չի համարվում ընդհանուր նորմից բացառության սահմանումը:

(24-րդ հոդվածը լրաց. 31.03.03 ՀՕ-524-Ն)

ՀՈԴՎԱԾ 25. Իրավաստեղծ լիազորությունների փոխանցումն արգելելը

(վերնագիրը խմբ. 25.12.06 ՀՕ-35-Ն)

Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի, կարգավորող հանձնաժողովների, Հայաստանի Հանրապետության նախարարների, մարզպետների, Երևանի քաղաքապետի, համայնքի ավագանու կամ համայնքի ղեկավարի կողմից իրենց իրավաստեղծ լիազորության փոխանցումն այլ մարմինների արգելվում է:

(25-րդ հոդվածը խմբ. 25.12.06 ՀՕ-35-Ն, լրաց. 07.04.09 ՀՕ-86-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։