Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

Հոդված 27.1. Իրավական ակտի կարգավորման ազդեցության գնահատումը

գործել է մինչև 2018-04-07Բացել ARLIS-ում

Հոդված 27.1. Իրավական ակտի կարգավորման ազդեցության գնահատումը

1. Կարգավորման ազդեցության գնահատումը նորմատիվ իրավական ակտի ընդունման արդյունքում հնարավոր փոփոխությունների վերլուծությունն է, իսկ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքի նախագծի դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության բյուջետային ուղերձով ներկայացված տեղեկատվությունն է:

Օրենքի նախագիծը մշակող մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ կազմակերպում է նախագծի կարգավորման ազդեցության գնահատումը:

Ազգային ժողովի պատգամավորի կամ խմբակցության կողմից կամ քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջադրված և Ազգային ժողովի կողմից շրջանառված օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը կազմակերպում է նախագծի կարգավորման ազդեցության գնահատումը, որը կցվում է նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:

Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության տարեկան ծրագրով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակող մարմինը կազմակերպում է նախագծի կարգավորման ազդեցության գնահատումը:

2. Նախագծի կարգավորման ազդեցության գնահատումը կազմակերպող մարմինը նախագիծը (բացառությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքի նախագծի) ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված գործադիր իշխանության հանրապետական համապատասխան մարմիններին (այսուհետ` ազդեցության գնահատող)` ֆիզիկական և իրավաբանական անձանց համար առաջացող վարչարարության հետ կապված ծախսերի, բնապահպանական, սոցիալական, առողջապահական, տնտեսական, ներառյալ` փոքր և միջին ձեռնարկատիրության, մրցակցության, հակակոռուպցիոն, բյուջետային բնագավառներում պարտադիր կարգավորման ազդեցության գնահատումն իրականացնելու նպատակով: Եթե նախագիծ մշակող մարմինը հանդիսանում է նշված բնագավառներից որևէ մեկում ազդեցության գնահատող, ապա տվյալ բնագավառում կարգավորման ազդեցության գնահատումն իրականացնում է նախագիծ մշակող մարմինը:

Նախագիծը, սույն մասով նախատեսված բնագավառներից բացի, այլ բնագավառների հետ առնչվելու դեպքում նախագիծը մշակող մարմնի նախաձեռնությամբ կարող է իրականացվել նորմատիվ իրավական ակտի նախագծի կարգավորման ազդեցության գնահատում նաև այդ բնագավառների վերաբերյալ:

Նախագիծը մշակող մարմնի նախաձեռնությամբ նախագծի կարգավորման ազդեցության գնահատում կարող են իրականացնել նաև գիտական կազմակերպությունները:

3. Ազդեցության գնահատողը նորմատիվ իրավական ակտի նախագիծը ստանալու օրվանից հետո` 15-օրյա, իսկ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հանձնարարության մեջ ավելի կարճ ժամկետ սահմանված լինելու դեպքում՝ այդ ժամկետում, պարտավոր է իրականացնել ազդեցության գնահատում և դրա վերաբերյալ կազմել կարգավորման ազդեցության գնահատման եզրակացություն (այսուհետ` եզրակացություն) և այն ներկայացնել նախագծի կարգավորման ազդեցության գնահատումը կազմակերպող մարմին:

Եզրակացությունը ներառում է`

1) կարգավորման արդյունքները.

2) նախատեսվող իրավական ակտը չընդունելու դեպքում` համապատասխան բնագավառի վրա ազդեցության գնահատման արդյունքները.

3) այն դեպքում, երբ ազդեցության գնահատողի կարծիքով և կատարված հաշվարկների ու հետազոտությունների հիման վրա առաջարկվում է կարգավորման այնպիսի տարբերակ, որն ավելի բարենպաստ է համապատասխան բնագավառի համար, նշված տարբերակը` համապատասխան հիմնավորումներով.

4) նորմատիվ իրավական ակտի կիրարկման արդյունքում կանխատեսվող հետևանքները գնահատելու ժամանակացույցը.

5) տվյալ բնագավառի քաղաքականության, ինչպես նաև համեմատական վիճակագրական վերլուծություններ:

Ըստ բնագավառների` կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը, ինչպես նաև նորմատիվ իրավական ակտի կիրարկման արդյունքում հետևանքները գնահատելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման եզրակացություն է Հայաստանի Հանրապետության կառավարության բյուջետային ուղերձը:

4. Նախագիծ մշակող մարմինը նորմատիվ իրավական ակտի նախագիծը ազդեցության գնահատողներին ներկայացնելու հետ մեկտեղ կազմակերպում է նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներ, որոնց նպատակը նորմատիվ իրավական ակտի նախագծի մասին ֆիզիկական և իրավաբանական անձանց իրազեկումն է, ինչպես նաև նրանցից կարծիքների հավաքումն ու դրանց հիման վրա նորմատիվ իրավական ակտի նախագծի անհրաժեշտ լրամշակման աշխատանքների իրականացումը: Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքի նախագծի հանրային քննարկումները սկսվում են պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացնելուց հետո` եռօրյա ժամկետում:

Հանրային քննարկումներն իրականացվում են նախագիծը մշակող մարմնի ինտերնետային կայքում նորմատիվ իրավական ակտի նախագիծը, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված այլ նյութերը հրապարակելու միջոցով, իսկ նախագիծ մշակող մարմնի նախաձեռնությամբ կարող են իրականացվել հանրային կամ շահագրգիռ անձանց հետ հանդիպումների, բաց լսումների, քննարկումների, հասարակական հարցումների, ինչպես նաև հեռահաղորդակցության հնարավոր միջոցներով:

Հանրային քննարկումների իրականացման ժամկետն առնվազն 15 օր է:

Հանրային քննարկումների կազմակերպման և իրականացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(27.1-ին հոդվածը լրաց. 02.12.08 ՀՕ-224-Ն, 18.05.10 ՀՕ-92-Ն, խմբ., փոփ. 31.05.17 ՀՕ-90-Ն)

ՀՈԴՎԱԾ 28. ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

1. Նորմատիվ իրավական ակտի նախագիծն իրավաստեղծ մարմին քննարկման ներկայացնելիս նախագիծ մշակող մարմինը դրան կցում է`

1) իրավական ակտի ընդունման հիմնավորումը, ներառյալ` տեղեկատվություն այն իրավական ակտերի, ինչպես նաև նախագիծ մշակող մարմնի հայեցողությամբ` նյութերի վերաբերյալ, որոնց հիման վրա կամ որոնցից oգտվելով` մշակվել է նորմատիվ իրավական ակտի նախագիծը, նախագիծը մշակողների անունները.

2) տեղեկանք` oրենքի ընդունման առնչությամբ այլ oրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության, ինչպես նաև այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության կամ բացակայության մասին.

3) տեղեկանք` իրավական ակտն ընդունելու կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին.

4) պետական մարմինների մշակած իրավական ակտի նախագծի դեպքում` նախագիծը մշակող մարմնի իրավաբանական ստորաբաժանման (իրավաբանի) իրավական-փորձագիտական եզրակացությունը.

5) սույն օրենքի 27.1-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքում` ազդեցության գնահատողներից ստացված եզրակացությունները.

6) ամփոփաթերթ` նախագծի վերաբերյալ ստացված դիտողությունների և առաջարկությունների, դրանց ընդունման կամ չընդունման վերաբերյալ` չընդունման պատճառների հիմնավորմամբ, ընդ որում` ամփոփաթերթում ներառվում են հանրային քննարկումների հետևանքով ստացված այն դիտողությունները և առաջարկությունները, որոնք ընդունվել են:

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 79-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով ներկայացնելիս սույն կետի առաջին պարբերությունով նախատեսված ամփոփաթերթը չի ներկայացվում, իսկ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի հանրային քննարկումների ընթացքում ստացված` Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունած դիտողությունների և առաջարկությունների ամփոփաթերթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացնելու կարգը սահմանվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով:

1.1. Եթե օրենքի նախագծով նախատեսված նորմի պահանջի կատարումը կարող է միայն իրականացվել այդ նախագծով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է իրավական այլ ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական նախաձեռնության իրավունքով Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացրած օրենքի նախագիծն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելիս դրան կից ներկայացվող իրավական ակտի ընդունման հիմնավորման մասին տեղեկանքում, իսկ օրենսդրական նախաձեռնության իրավունքով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի ներկայացրած օրենքի նախագծի դեպքում «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ներկայացվող Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունում նշվում է`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:

2. Նորմատիվ իրավական ակտի նախագիծն իրավաստեղծ մարմին ներկայացվելիս նախագծին կարող են կցվել նաև իրավական ակտի մշակման համար հիմք դարձած ֆինանսատնտեսական հաշվարկները, վիճակագրական տվյալները, այլ փաստաթղթեր, ինչպես նաև ներկայացվող նախագծի հիմնավորման համար անհրաժեշտ այլ տվյալներ:

(28-րդ հոդվածը խմբ. 02.12.08 ՀՕ-224-Ն, լրաց. 18.05.10 ՀՕ-92-Ն, 07.12.10 ՀՕ-204-Ն)

ՀՈԴՎԱԾ 29. ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված օրենքների և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումների նախագծերը կարող են հրապարակվել մամուլով կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով, ինչպես նաև կարող են դառնալ համաժողովրդական քննարկման առարկա Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգով և Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվելիք օրենքների նախագծերը Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող են հրապարակվել մամուլով կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով, ինչպես նաև կարող են դառնալ համաժողովրդական քննարկման առարկա:

3. Իրավական այլ ակտերի նախագծերը կարող են հրապարակվել ակտը մշակողների կամ իրավական ակտն ընդունող մարմնի որոշմամբ:

ՀՈԴՎԱԾ 30. ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

1. Իրավաստեղծ մարմինների աշխատակիցների ու մասնագետների կողմից իրավական ակտի մշակման համար կարող են նախատեսվել համապատասխան բյուջետային ֆինանսական միջոցներ:

2. Բյուջետային միջոցների հաշվին իրավաբանական կամ ֆիզիկական այլ անձինք իրավական ակտերի նախագծերի մշակումն իրականացնում են «Պետական գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։