Հոդված 3
Հոդված 3.
Օրենքի 2-րդ հոդվածում՝
1) «շահումով խաղ» հասկացությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«շահումով խաղ` ցանկացած մեքենայացված կամ կենդանի խաղ, որը որևէ կերպ ստեղծում է շահման հնարավորություն, կամ որևէ շահումով խաղի մասնակցելու հնարավորության ստեղծումը (որևէ կերպ մասնակցելու իրավունքի տրամադրումը, բացառությամբ ինտերնետ տոտալիզատորի) անմիջականորեն (խաղասրահում) և (կամ) ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի և ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով, բացառությամբ շարժական կապի երկրային ցանցի միջոցով մատուցվող տվյալների հաղորդման ծառայությունների և (կամ) կարճ հաղորդագրությունների միջոցով ինտերակտիվ խաղարկությունների.».
2) «կազմակերպիչ» հասկացությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«կազմակերպիչ՝ օրենքով սահմանված կարգով շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան կազմակերպման գործունեությամբ զբաղվելու լիցենզիա ստացած և շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան կազմակերպման գործունեություն իրականացնելու միջոցով եկամուտ (շահույթ) ստանալու նպատակ հետապնդող կազմակերպություն.».
3) «լիազոր մարմին» հասկացությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«լիազոր մարմին` ինտերնետ շահումով խաղերի, շահումով խաղերի, խաղատան գործունեության լիցենզավորում և վերահսկողություն իրականացնող` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին.».
4) «ինտերնետ շահումով խաղ» հասկացությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ինտերնետ շահումով խաղ է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում ինքնուրույն կամ հանձնարարության պայմանագրով՝ որպես հանձնակատար, կոմիսիայի պայմանագրով՝ որպես կոմիսիոներ, գործակալության պայմանագրով՝ որպես գործակալ, երաշխավորության պայմանագրով` որպես երաշխավոր, լիազորագրի հիման վրա՝ որպես ներկայացուցիչ (այդ թվում` առևտրային), ինչպես նաև առևտրային միջնորդ հանդիսացող կամ որևէ ձևով լիազորված ցանկացած անձի (այսուհետ` ինտերնետ շահումով խաղի կազմակերպիչ) կողմից հրապարակային կամ այլ պայմանագրերով կամ առանց դրանց խաղացողին որևէ շահումով խաղի մասնակցելու հնարավորության ստեղծումը (որևէ կերպ մասնակցելու իրավունքի տրամադրումը, բացառությամբ ինտերնետ տոտալիզատորի) անմիջականորեն (խաղասրահում) և (կամ) ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի և ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով, բացառությամբ շարժական կապի երկրային ցանցի միջոցով մատուցվող տվյալների հաղորդման ծառայությունների և (կամ) կարճ հաղորդագրությունների միջոցով ինտերակտիվ խաղարկությունների:
Ինտերնետ շահումով խաղերը համարվում են Հայաստանի Հանրապետության տարածքում կազմակերպված, եթե ինտերնետ շահումով խաղի կազմակերպչի սերվերները տեղակայված են Հայաստանի Հանրապետության տարածքում, ունեն Հայաստանի Հանրապետության համապատասխան համացանցային հաղորդակարգի (IP) հասցե, (Internet Protocol Address - համացանցային հաղորդակարգի հասցե) և տեղեկատվական ռեսուրսները գտնվում են «ԱՄ» դոմենային տիրույթում.».
5) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր հասկացությունով.
«շահումով խաղի գործունեության կազմակերպում` խաղասրահում խաղային ավտոմատների տեղադրում և շահագործում:»: