Հոդված 6. Դոտացիաների հաշվարկման կարգը
Հոդված 6. Դոտացիաների հաշվարկման կարգը
1. Սույն օրենքի «ա» գործոնով և 300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող համայնքների բյուջեներին նախատեսվող դոտացիայի ընդհանուր գումարը չպետք է պակաս լինի նախորդ բյուջետային տարում եկամտային հարկի, հողի հարկի և գույքահարկի փաստացի մուտքերի հանրագումարի տասնհինգ տոկոսից, իսկ «բ» գործոնով նախատեսվող դոտացիայի ընդհանուր գումարը` նախորդ բյուջետային տարում եկամտային հարկի փաստացի մուտքերի ընդհանուր գումարի յոթ տոկոսից:
2. Յուրաքանչյուր բյուջետային տարում ըստ առանձին համայնքների դոտացիայի հաշվարկման ժամանակ հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության պետական վիճակագրական մարմինների կողմից ներկայացված` նախորդ բյուջետային տարվա հունվարի 1-ի դրությամբ հանրապետության մշտական բնակչության թիվը` ըստ համայնքների:
3. Յուրաքանչյուր բյուջետային տարում դոտացիաների ընդհանուր գումարների չափերը` ըստ 300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող, ինչպես նաև «ա» և «բ» գործոններով դոտացիաներ ստացող համայնքների, սահմանվում է տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքով:
300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող համայնքների բյուջեներին նախատեսվող դոտացիաները հաշվարկվում են հավասարաչափ:
4. Յուրաքանչյուր բյուջետային տարում «ա» գործոնով ըստ առանձին համայնքների դոտացիայի հաշվարկման ժամանակ հիմք են ընդունվում գույքահարկով, ինչպես նաև հողի հարկով հարկվող գույքի հաշվառումը վարող Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համապատասխան մարմինների կողմից ներկայացված` նախորդ բյուջետային տարվա հուլիսի 1-ի դրությամբ տվյալների հիման վրա հաշվարկված համայնքների բյուջեների համապատասխան ցուցանիշները:
5. «ա» գործոնով դոտացիա է նախատեսվում բոլոր այն համայնքների (բացառությամբ 300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող համայնքների) բյուջեներին, որոնց բնակչության մեկ շնչին ընկնող` հողի հարկի և գույքահարկի գծով եկամտի մակարդակը ցածր է հանրապետության բնակչության մեկ շնչին ընկնող` հողի հարկի, գույքահարկի և «ա» գործոնով համայնքներին նախատեսվող դոտացիաների ընդհանուր գումարի գծով միջին եկամտի սահմանային մակարդակից: Այդ սկզբունքով առանձին համայնքին նախատեսվող դոտացիայի չափը որոշվում է հետևյալ բանաձևով`
Ա = (Մ - Հ) x Բ x Գ
որտեղ`
- Ա-ն` «ա» գործոնով տվյալ համայնքին նախատեսվող դոտացիայի գումարն է.
- Մ-ն` հանրապետության (բացառությամբ 300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող համայնքների) բնակչության մեկ շնչին ընկնող` հողի հարկի, գույքահարկի և «ա» գործոնով համայնքներին նախատեսվող դոտացիաների ընդհանուր գումարի գծով միջին եկամտի սահմանային մակարդակն է, որն իր հերթին որոշվում է հետևյալ բանաձևով`
Մ = [Դ + ∑ (Տ + Պ)] / (∑ Բ)
որտեղ`
Դ-ն` «ա» գործոնով համայնքներին նախատեսվող դոտացիաների ընդհանուր գումարն է.
Տ-ն` յուրաքանչյուր բյուջետային տարվա դոտացիայի հաշվարկներում կիրառվող տվյալ համայնքի (որը չի պատկանում 300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող համայնքների թվին) բյուջեի հողի հարկի հաշվարկային ցուցանիշն է.
Պ-ն` յուրաքանչյուր բյուջետային տարվա դոտացիայի հաշվարկներում կիրառվող տվյալ համայնքի (որը չի պատկանում 300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող համայնքների թվին) բյուջեի գույքահարկի հաշվարկային ցուցանիշն է.
- Բ-ն` տվյալ համայնքի (որը չի պատկանում 300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող համայնքների թվին) բնակչության թիվն է.
-Հ-ն` տվյալ համայնքի (որը չի պատկանում 300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող համայնքների թվին) բնակչության մեկ շնչին ընկնող` հողի հարկի և գույքահարկի գծով եկամտի մակարդակն է, որը ցածր է հանրապետության բնակչության մեկ շնչին ընկնող` հողի հարկի, գույքահարկի և «ա» գործոնով համայնքներին նախատեսվող դոտացիաների ընդհանուր գումարի գծով միջին եկամտի սահմանային մակարդակից և իր հերթին որոշվում է հետևյալ բանաձևով`
Հ = (Տ + Պ) / Բ
- Գ-ն` միջին կարգավորիչ գործակիցն է, որն իր հերթին որոշվում է հետևյալ բանաձևով`
Գ = Դ / ∑ [(Մ - Հ) x Բ]
6. «բ» գործոնով դոտացիա է նախատեսվում բոլոր համայնքների (բացառությամբ 300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող համայնքների) բյուջեներին` տվյալ համայնքի բնակչության թիվը բազմապատկելով մեկ շնչին ընկնող դոտացիայի մեծությամբ: Վերջինս հաշվարկվում է «բ» գործոնով նախատեսված դոտացիայի ընդհանուր գումարը հարաբերելով հանրապետության (բացառությամբ 300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող համայնքների) բնակչության ընդհանուր թվին:»:
(6-րդ հոդվածը խմբ. 08.02.00 ՀՕ-35, փոփ. 22.12.10 ՀՕ-261-Ն)