Հոդված 8. ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ
Հոդված 8. ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ
1. Անհատական բնակարանային շինարարության նպատակով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված կարգով տրամադրվում են հողամասեր և բնակչությանը տրվում են հիպոտեկային երկարաժամկետ վարկեր` բյուջեում նախատեսված գումարի սահմաններում, առաջնայնությունը տալով տնակներում բնակվող այն ընտանիքներին, որոնք ընդգրկված են օրենքով սահմանված բնակարանների ստացման ցուցակների 1-30-րդ կետերում:
2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրում ընդգրկված Գյումրի քաղաքի տարածքում գտնվող օբյեկտների մասնավորեցման ժամանակ`
ա) կառավարությունն ավելի մեծ տեղ է տալիս մրցույթներին` մրցույթի հիմնական պայման դարձնելով ներդրումները և աշխատատեղերը.
բ) Գյումրի քաղաքում պետական գույքի մասնավորեցման մասնակցելու ցանկություն ունեցող անձինք կարող են այդ նպատակով դիմել տեղական լիազորված մարմին.
գ) Հայաստանի Հանրապետության կառավարությունը երկամսյա ժամկետում սահմանում է Գյումրի քաղաքում մասնավորեցման ենթակա օբյեկտների մասնավորեցման արագացված ընթացակարգը:
3. Գյումրի քաղաքի արգելոց-թանգարանում գտնվող համայնքային սեփականությունը, անշարժ գույքը, շինությունները համայնքի ավագանու որոշմամբ մրցութային կարգով կարող են հատկացվել այն տնտեսավարող սուբյեկտներին, որոնք ներկայացնում են վերականգնման ծրագիր և կնքում համապատասխան պայմանագիր սեփականատիրոջ հետ:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությունն օրենքի պաշտոնական հրապարակումից հետո` եռամսյա ժամկետում, հաստատում է Գյումրի քաղաքի վերականգնման ծրագիրը, իսկ տարեկան ծրագիրն ընդգրկվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի նախագծում: