Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը հաստատում է հսկիչ նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը (այսուհետ՝ Ցանկ)։

2. Ցանկը հաստատելու մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ է մտնում այդպիսի որոշման պաշտոնական հրապարակման օրվանից հետո 60 օրացուցային օրը լրանալուց ոչ շուտ։ Ապրանքը Ցանկից հանելու մասին որոշումն ուժի մեջ է մտնում «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» կանոնակարգի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 1-ին հավելված) 16-րդ կետով նախատեսված կարգով:

3. Հսկիչ նշաններով դրոշմավորվում են Ցանկում ներառված այն ապրանքները, որոնք ներմուծվում են (ներմուծվել են) Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային տարածք, և (կամ) որոնք արտադրված են անդամ պետությունների տարածքում` բացառությամբ սույն հոդվածի 5-րդ կետով նախատեսված դեպքերի:

Թույլատրվում է Ցանկում ներառված ապրանքների դրոշմավորումը հսկիչ նշաններով՝ Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս։

4. Ցանկը հաստատելու և (կամ) փոփոխելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից սկսած.

ա) արգելվում է Ցանկում ներառված ապրանքների ձեռքբերումը, պահպանումը, օգտագործումը, փոխադրումը և վաճառքը անդամ պետությունների տարածքներում իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից՝ առանց հսկիչ նշանների կամ սահմանված կարգի խախտումներով դրանց վրա զետեղված հսկիչ նշաններով` բացառությամբ Ցանկում ներառված ապրանքների փոխադրման սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան սահմանված մասնագիտացված պահեստային շինություններ և նման շինություններում նշված ապրանքների պահպանման.

բ) Ցանկում ներառված ապրանքների ձևակերպումը «վերաներմուծում» և «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով իրականացվում է այդ ապրանքների վրա հսկիչ նշանների առկայության դեպքում՝ բացառությամբ սույն ենթակետի 2-րդ պարբերությամբ և սույն հոդվածի 5-րդ կետով նախատեսված դեպքերի։

Հսկիչ նշաններով դրոշմավորումը կարող է իրականացվել ներքին սպառման համար ապրանքների բացթողումից հետո՝ սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան սահմանված մասնագիտացված պահեստային շինություններում, եթե նման դրոշմավորման հնարավորությունը նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ:

5. Ցանկում ներառված ապրանքների՝ հսկիչ նշաններով դրոշմավորման պահանջները չեն տարածվում.

ա) մաքսային ընթացակարգերի ներքո գտնվող ապրանքների փոխադրման վրա՝ դրանք Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս արտահանելու դեպքում,

բ) մաքսային հսկողության ներքո ապրանքների փոխադրման վրա,

գ) տեխնիկական կանոնակարգերի, ինչպես նաև ստանդարտացման բնագավառում տեխնիկական նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխանությունը գնահատելու նպատակով փորձարկումների անցկացման համար նախատեսված` անհրաժեշտ քանակով ապրանքների փորձանմուշների ու նմուշների փոխադրման և պահպանման վրա,

դ) միջազգային ցուցահանդեսների և տոնավաճառների կազմակերպիչների և մասնակիցների կողմից Միության մաքսային տարածք որպես նմուշներ և ցուցանմուշներ ներմուծված ապրանքների վրա,

ե) անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված օտարերկրյա անհատույց (մարդասիրական) օգնություն համարվող ապրանքների վրա,

զ) մանրածախ առևտրի շրջանակներում ձեռք բերված և գնորդների կողմից վաճառողներին վերադարձված ապրանքների փոխադրման և պահպանման վրա, որոնք իրականացվում են անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ ապրանքների վերադարձը հաստատող փաստաթղթերի առկայության պայմանով,

է) անմաքս առևտրի խանութներում ապրանքների իրացման (վաճառքի) վրա,

ը) մաքսային հսկողության գոտիներում, ժամանակավոր պահպանման պահեստներում և մաքսային պահեստներում մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների պահպանման վրա,

թ) ապրանքների՝ դրանք արտադրողների կողմից պահպանման և օգտագործման վրա,

ժ) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հետ կնքված պայմանագրերի հիման վրա ապրանքների կոմիսիոն առևտուր իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից ապրանքների պահպանման վրա, որն իրականացվում է անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված կարգով՝ նախքան այդ ապրանքները վաճառքի համար առաջարկելը, այդ թվում՝ նախքան դրանք վաճառքի վայրում ներկայացնելը, դրանց նմուշները ցուցադրելը կամ վաճառքի վայրում դրանց մասին տվյալներ տրամադրելը,

ժա) առգրավված, կալանքի տակ գտնվող, բռնագրավված կամ այլ ձևով պետության եկամտի վերածված ապրանքների և այն ապրանքների ձեռքբերման, պահպանման, օգտագործման, փոխադրման և վաճառքի վրա, որոնց բռնագանձումն ուղղված է անդամ պետության հարկային և մաքսային օրենսդրությամբ նախատեսված` չկատարված պարտավորությունների հաշվին,

ժբ) անձնական օգտագործման համար ներմուծված և մանրածախ առևտրի շրջանակներում ձեռք բերված ապրանքների՝ ֆիզիկական անձանց կողմից փոխադրման, պահպանման և օգտագործման վրա։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։