Հոդված 6
Հոդված 6
1. Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում անդամ պետությունները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային տեղեկացնում են անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների մասին։
2. Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից 90 օրացուցային օրվա ընթացքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը կհաստատի.
ա) հսկիչ նշանի բնութագրերը, դրա զետեղման կարգը, ինչպես նաև այն տեղեկատվության կառուցվածքին և ձևաչափին ներկայացվող պահանջները, որը կպարունակվի հսկիչ նշաններում,
բ) ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգին ներկայացվող պահանջները,
գ) այն տեղեկատվության կառուցվածքին և ձևաչափին ներկայացվող պահանջները, որը փոխանցվում է հսկիչ նշանների պատրաստումը և անդամ պետությունների իրավաբանական անձանց ու անհատ ձեռնարկատերերին իրացումն իրականացնող կազմակերպությունների կողմից իրենց անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմիններին, ինչպես նաև` այդ տեղեկատվության փոխանցման ժամկետները,
դ) այն տեղեկատվության կառուցվածքին և ձևաչափին ներկայացվող պահանջները, որը Ցանկում ներառված ապրանքների շրջանառությունն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից փոխանցվում է իրենց անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմիններին, ինչպես նաև` այդ տեղեկատվության փոխանցման ժամկետները,
ե) անդամ պետությունների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի իրավասու (լիազորված) մարմինների փոխգործակցության կարգը, ինչպես նաև սույն Համաձայնագրի մոնիտորինգի և նրա իրականացման հսկողության, ինչպես նաև Ցանկում ներառված ապրանքների շրջանառության և դրանց օգտագործման նկատմամբ հսկողության ապահովման նպատակով անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև փոխանցվող տեղեկությունների կառուցվածքին և ձևաչափին ներկայացվող պահանջները։
3. Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից 120 օրացուցային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան մինչև 2016 թվականի ապրիլի 1-ը, անդամ պետությունները կորոշեն հսկիչ նշանների իրացման և հաշվառման կարգը։
4. Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից 120 օրացուցային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան մինչև 2016 թվականի ապրիլի 1-ը, անդամ պետությունները կապահովեն ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի աշխատանքը` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից հաստատված պահանջներին համապատասխան։
5. Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից 120 օրացուցային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան մինչև 2016 թվականի ապրիլի 1-ը, անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինները կձևավորեն այն կազմակերպությունների գրանցամատյանները, որոնք կիրականացնեն հսկիչ նշանների պատրաստումը և իրավաբանական անձանց ու անհատ ձեռնարկատերերին դրանց իրացումը։
6. Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից 120 օրացուցային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան մինչև 2016 թվականի ապրիլի 1-ը, անդամ պետությունները կսահմանեն այն մասնագիտացված պահեստային շինություններին ներկայացվող պահանջները, որտեղ Ցանկում ներառված ապրանքների ներմուծումն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին թույլատրվում է հսկիչ նշաններով ապրանքների դրոշմավորումը ներքին սպառման համար դրանց բացթողումից հետո, ինչպես նաև վերաներմուծումից հետո. և (կամ) կսահմանեն այդ պահեստային շինությունների ցանկը։