Հոդված 8. Օրենքի 28.1-ին հոդվածում՝
Հոդված 8. Օրենքի 28.1-ին հոդվածում՝
1) 1-ին մասում՝
ա. 3-րդ կետի «դադարելու» բառը փոխարինել «լուծվելու» բառով,
բ. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) ծնողի՝ աշխատանքի անցնելու դեպքում (խնամքի արձակուրդի ժամկետը լրանալու կամ խնամքի արձակուրդը, մինչև ժամկետը լրանալը, ընդհատվելու դեպքում), իսկ եթե ծնողը աշխատում է մեկից ավելի գործատուների մոտ, ապա որևէ գործատուի մոտ աշխատանքի անցնելու դեպքում (խնամքի արձակուրդի ժամկետը լրանալու կամ խնամքի արձակուրդը, մինչև ժամկետը լրանալը, ընդհատվելու դեպքում).»,
գ. 5-րդ կետի «ծնողի աշխատանքի անցնելու (խնամքի արձակուրդն ավարտվելու) կամ» բառերը փոխարինել «ծնողի՝» բառով,
դ. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6) անձին Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ խնամքի նպաստ նշանակված լինելու դեպքում.».
2) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.
«4) երեխայի և (կամ) ծնողի՝ Հայաստանի Հանրապետությունից անընդմեջ վեց ամիս և ավելի ժամկետով բացակայելու դեպքում՝ այդ ժամկետը լրանալու օրվան հաջորդող ամսվա 1-ից:».
3) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված հիմքով խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարելու դեպքում խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնվում է գրավոր դիմումի հիման վրա, եթե դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ անձն ունի խնամքի նպաստի իրավունք: Այս դեպքում խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնվում է՝
1) կրկին խնամքի նպաստի իրավունք ձեռք բերելու (կրկին խնամքի արձակուրդում գտնվելու) օրվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են կրկին խնամքի նպաստի իրավունք ձեռք բերելու (կրկին խնամքի արձակուրդում գտնվելու) ամսվան հաջորդող վեց ամսվա ընթացքում.
2) դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են սույն մասի 1-ին կետում նշված ժամկետը լրանալուց հետո:».
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.
«4.1. Բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքի, խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո խնամքի նպաստ ստանալու իրավունքը չի վերականգնվում: Եթե խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո ծնողը ձեռք է բերում խնամքի նպաստի իրավունք, ապա այս դեպքում դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից նշանակվում է խնամքի նպաստ:».
5) 5-րդ մասի 1-ին կետի «օրվանից» բառը փոխարինել «դիմումը ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից» բառերով.
6) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Չվճարված խնամքի նպաստի գումարը վճարվում է յուրաքանչյուր հաջորդ ամսվա խնամքի նպաստի գումարի հետ` մինչև սույն օրենքով սահմանված կարգով խնամքի նպաստը վճարելը դադարեցնելը: Եթե խնամքի նպաստ վճարելը դադարեցվել է, ապա չվճարված խնամքի նպաստի գումարը վճարվում է դիմումի (այդ թվում՝ սույն հոդվածի 4.1-ին մասում նշված դիմումի) հիման վրա՝ դիմումը ներկայացնելու ամսվան նախորդող վեցամսյա ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում անձն ունեցել է խնամքի նպաստ ստանալու իրավունք: Խնամքի նպաստ վճարելը վերսկսելու դեպքում չվճարված խնամքի նպաստի գումարը (այդ թվում՝ դիմելու ամսվա նպաստի գումարը) վճարվում է միանվագ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում:».
7) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին մասով.
«6.1. Խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո չվճարված խնամքի նպաստի գումարը վճարվում է ծնողի, իսկ ծնողի մահվան պատճառով չվճարված խնամքի նպաստի գումարը` սույն հոդվածի 7-րդ մասում նշված անձանց գրավոր դիմումի հիման վրա՝ անկանխիկ կամ կանխիկ եղանակով՝ դիմելու ամսվան հաջորդող ամսվա ընթացքում: Այդ ժամկետում չվճարված խնամքի նպաստի գումարը չվճարելու դեպքում այն վճարվում է, եթե դիմումատուն կրկին դիմել է դիմելու ամսվան հաջորդող վեց ամսվա ընթացքում:».
8) 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու, վերականգնելու, խնամքի նպաստ վճարելը դադարեցնելու, վերսկսելու և չվճարված խնամքի նպաստը վճարելու պայմաններն ու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ համապատասխան դիմումին կից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝ սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:»: