Հոդված 21. Կուսակցության իրավունքները
Հոդված 21. Կուսակցության իրավունքները
1. Կուսակցությունն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով`
1) մասնակցելու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների, ինչպես նաև հանրաքվեների նախապատրաստմանն ու անցկացմանը.
2) «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընտրական գործընթացում հավասար և ոչ խտրական պայմաններով օգտվելու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հիմնադրած զանգվածային լրատվության միջոցներից.
3) հիմնադրելու զանգվածային լրատվության միջոցներ և հրատարակչություններ.
4) ազատորեն տեղեկատվություն տարածելու իր գործունեության մասին, քարոզելու իր գաղափարներն ու նպատակները.
5) կազմակերպելու և անցկացնելու խաղաղ, առանց զենքի հավաքներ.
6) առանց իրավաբանական անձ կազմավորելու այլ կուսակցությունների հետ ստեղծելու դաշինքներ (միավորումներ).
7) հաստատելու և պահպանելու միջազգային կապեր այլ պետությունների կուսակցությունների և հասարակական միավորումների, միջազգային կազմակերպությունների հետ, դառնալու միջազգային միությունների անդամ.
8) իրականացնելու օրենքով չարգելված այլ գործունեություն:
2. Կուսակցությունն իրավունք ունի, իր կանոնադրային նպատակներին համապատասխան, տնօրինելու իր գույքը և գործունեության արդյունքները:
3. Կուսակցությունն իրավունք չունի լինելու առևտրային իրավաբանական անձի հիմնադիր կամ մասնակից, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:
4. Ազգային ժողովի ընտրություններում կուսակցությունների դաշինքները կարող են կազմավորվել առնվազն երկու կուսակցության կողմից:
5. Կուսակցությունների համար երաշխավորվում է ընդդիմադիր գործունեություն իրականացնելու ազատություն, այդ թվում`
1) հրապարակայնորեն ներկայացնել իր դիրքորոշումը պետական և հասարակական կյանքի տարբեր հարցերի վերաբերյալ.
2) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, պաշտոնատար անձանց ներկայացնել անհատական և կոլեկտիվ հանրագրեր, որոնք համապատասխան մարմինների և պաշտոնատար անձանց կողմից օրենքով սահմանված կարգով ենթակա են քննարկման: