Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-07-11-ից մինչև 2021-01-20։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

Հոդված 24. Կուսակցություններին կատարվող նվիրատվությունները

գործել է մինչև 2021-01-20Բացել ARLIS-ում

Հոդված 24. Կուսակցություններին կատարվող նվիրատվությունները

1. Կուսակցություններն իրավունք ունեն գույքի, այդ թվում` դրամական միջոցների, ներառյալ` վարկերի, փոխառությունների, երրորդ անձանց կողմից կուսակցության պարտքի մարման տեսքով նվիրատվություններ ստանալու ֆիզիկական և իրավաբանական անձանցից, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի:

2. Կուսակցությանը տրվող նվիրատվության, ինչպես նաև կուսակցության համար կատարված աշխատանքների ու ծառայությունների (այսուհետ` նվիրատվություն) ընդհանուր չափը` դրամական արտահայտությամբ, մեկ տարվա ընթացքում չի կարող գերազանցել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի միլիոնապատիկը, այդ թվում`

1) մեկ առևտրային կազմակերպության կողմից` օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկը.

2) մեկ ոչ առևտրային կազմակերպության կողմից` օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը.

3) մեկ ֆիզիկական անձի կողմից` օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկը:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում մեկ անձի կողմից կուսակցությանը նվիրված անշարժ գույքի արժեքը չի կարող գերազանցել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհազարապատիկը: Կուսակցությանը նվիրատվության կարգով տրվող անշարժ գույքը չի կարող օտարվել նվիրատվության օրվանից առնվազն հինգ տարվա ընթացքում:

4. Նվիրատվություններ չեն թույլատրվում`

1) բարեգործական կամ կրոնական կազմակերպություններից, ինչպես նաև դրանց մասնակցությամբ կազմակերպություններից.

2) պետական և համայնքային բյուջեներից և (կամ) արտաբյուջետային միջոցներից, բացառությամբ սույն օրենքի 26-րդ հոդվածի համաձայն կատարվող ֆինանսավորման.

3) պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններից և պետական ու համայնքային մասնակցությամբ առևտրային կազմակերպություններից.

4) օտարերկրյա պետություններից, օտարերկրյա քաղաքացիներից ու իրավաբանական անձանցից, ինչպես նաև օտարերկրյա մասնակցությամբ իրավաբանական անձանցից, եթե օտարերկրյա մասնակցի բաժնետոմսերը, փայը, բաժնեմասը տվյալ իրավաբանական անձի կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալում 30 տոկոսից ավելի է.

5) միջազգային կազմակերպություններից.

6) քաղաքացիություն չունեցող անձանցից.

7) անանուն անձանցից:

5. Սույն հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով սահմանված չափը գերազանցող նվիրատվությունների ստացման դեպքում կուսակցությունը պարտավոր է ստանալուց հետո` երկու շաբաթվա ընթացքում, նվիրատվության սահմանված չափը գերազանցող մասը կամ նվիրատվությունն ամբողջությամբ, իսկ սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով չթույլատրված նվիրատվությունները ամբողջությամբ վերադարձնել նվիրատուին, իսկ դրա անհնարինության դեպքում փոխանցել պետական բյուջե:

6. Սույն հոդվածի 4-րդ մասի 2-5-րդ և 7-րդ կետերով չթույլատրված նվիրատվությունների ստացման դեպքում կուսակցությունը պարտավոր է ստանալուց հետո` երկու շաբաթվա ընթացքում, դրանք փոխանցել պետական բյուջե:

7. Նվիրատվություն կատարող ֆիզիկական անձինք պարտավոր են նշել իրենց անունը, ազգանունը, իսկ իրավաբանական անձինք` իրավաբանական անձանց միջև անկանխիկ հաշվարկի կանոններով պահանջվող բոլոր տեղեկությունները:

8. Կուսակցությանը օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից ավելի դրամական հատկացումները կատարվում են անկանխիկ:

9. Սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված համապատասխան նվիրատվությունների ստացման և դրանք օրենքով սահմանված ժամկետներում համապատասխանաբար պետական բյուջե կամ նվիրատուին չփոխանցելու դեպքում կուսակցությունը օրենքով սահմանված կարգով ենթակա է պատասխանատվության:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։