Հոդված 2. Հարկ վճարողների լուծարման (պետական հաշվառումից հանելու) կարգը
Հոդված 2. Հարկ վճարողների լուծարման (պետական հաշվառումից հանելու) կարգը
1. Սույն օրենքի 1-ին հոդվածում նշված լուծարվող (պետական հաշվառումից հանվող) հարկ վճարողների նախնական ցանկերը կազմելուց հետո հարկային մարմինը մինչև 2017 թվականի մարտի 31-ը ներառյալ`
1) ծանուցում է հարկ վճարողներին լուծարվող (պետական հաշվառումից հանվող) հարկ վճարողների նախնական ցանկում ներառված լինելու մասին.
2) լուծարվող (պետական հաշվառումից հանվող) հարկ վճարողների նախնական ցանկը ներկայացնում է գույքի գրանցում (հաշվառում վարող) և (կամ) գույքի նկատմամբ իրավունքներն ու սահմանափակումները գրանցող (հաշվառող) համապատասխան լիազոր մարմիններ:
2. Հարկ վճարողները սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված ծանուցումն ստանալուց հետո՝ երկամսյա ժամկետում, հարկային մարմնին գրավոր տեղեկացնում են լուծարվող (պետական հաշվառումից հանվող) հարկ վճարողների նախնական ցանկերից իրենց հանելու մասին:
3. Գույքի գրանցում (հաշվառում վարող) և (կամ) գույքի նկատմամբ իրավունքներն ու սահմանափակումները գրանցող (հաշվառող) համապատասխան լիազոր մարմինները սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված ցանկերը ստանալուց հետո՝ երկամսյա ժամկետում, հարկային մարմնին տրամադրում են տեղեկատվություն լուծարվող (պետական հաշվառումից հանվող) հարկ վճարողների նախնական ցանկում ներառված այն հարկ վճարողների վերաբերյալ, որոնց մասով առկա է տեղեկատվություն իրենց անվամբ գույք հաշվառված (գրանցված) լինելու մասին:
4. Հարկային մարմինը սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված տեղեկատվությունն ստանալուց հետո սույն օրենքի 1-ին հոդվածով նախատեսված հիմքերի առկայության դեպքում կազմում է լուծարման (պետական հաշվառումից հանման) ենթակա հարկ վճարողների ցանկերը:
Լուծարման (պետական հաշվառումից հանման) ենթակա հարկ վճարողների ցանկերը և ցանկերում ներառված հարկ վճարողների` հարկային մարմնի կողմից վերահսկվող պարտավորությունների բացակայության մասին տեղեկանքը` կազմված հարկային մարմնի սահմանած ձևին համապատասխան, հարկային մարմինը մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն (այսուհետ` պետական ռեգիստր): Հարկային մարմինը սույն մասով սահմանված ժամկետում պետական ռեգիստր է ներկայացնում նաև հարկային մարմնում հաշվառված այն կազմակերպությունների ցանկը, որոնց հիմնադիր կազմակերպությունները լուծարված են:
5. Սույն հոդվածի 4-րդ մասում նշված ցանկերը պետք է պարունակեն կազմակերպության անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անունը և ազգանունը), հարկային մարմնին հայտնի կամ պետական ռեգիստրում նշված` կազմակերպության գտնվելու վայրը (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` բնակության վայրը), հարկ վճարողի հաշվառման համարը:
6. Պետական ռեգիստրը հարկային մարմնի կողմից սույն հոդվածի 4-րդ մասում նշված ցանկերն ստանալուց հետո` մինչև 2017 թվականի օգոստոսի 1-ը, դրանք տեղադրում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների հttp://azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքում, ինչպես նաև իր պաշտոնական` հttp://www.e-register.am ինտերնետային կայքում:
7. Սույն հոդվածի 6-րդ մասում նշված ցանկերը սահմանված կարգով պետական ռեգիստրի կողմից հրապարակվելուց հետո՝ մինչև 2017 թվականի նոյեմբերի 1-ը, ցանկում ընդգրկված հարկ վճարողները (գործադիր մարմնի ղեկավարները) կամ նրանց փոխարինող պաշտոնատար անձինք պարտավոր են պետական ռեգիստր ներկայացնել տեղեկանք` ֆիզիկական անձանց, կազմակերպությունների, հիմնարկների և պետական կառավարման մարմինների նկատմամբ ստանձնած պարտավորությունների և սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքի առկայության մասին: Սույն մասով սահմանված ժամկետում պարտավորությունների և գույքի առկայության վերաբերյալ տեղեկանք չներկայացնելու դեպքում համարվում է, որ տվյալ հարկ վճարողը պարտավորություն և գույք չունի, իսկ կազմակերպության լուծարումից կամ անհատ ձեռնարկատիրոջը պետական հաշվառումից հանելուց հետո նրանց անվամբ հայտնաբերված գույքի հետ կապված խնդիրները լուծվում են օրենսդրությամբ սահմանված կարգով: Սույն մասով սահմանված ժամկետում հարկ վճարողները կարող են պետական ռեգիստր ներկայացնել գործունեությունը վերսկսելու կամ վերագրանցվելու մասին հայտարարություն, որի ներկայացման դեպքում պետական ռեգիստրը տվյալ հարկ վճարողներին հանում է սույն հոդվածի 6-րդ մասում նշված ցանկերից: Սույն մասով սահմանված ժամկետում ցանկում նշված հարկ վճարողները կամ նրանց փոխարինող պաշտոնատար անձինք, ինչպես նաև նրանց պարտատերերը կամ այլ պետական կառավարման մարմիններ կարող են պետական ռեգիստր ներկայացնել առարկություններ: Սույն մասով սահմանված ժամկետում տեղեկանքի կամ առարկության բացակայության դեպքում պետական ռեգիստրը երկու ամսվա ընթացքում գրանցում է կազմակերպության լուծարումը կամ անհատ ձեռնարկատիրոջը հանում է պետական հաշվառումից:
8. Եթե սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված ժամկետում սահմանված կարգով պետական ռեգիստրի կողմից հրապարակված ցանկերում ընդգրկված հարկ վճարողների պարտատերերից ստացվում է առարկություն, ապա պետական ռեգիստրը չի լուծարում տվյալ կազմակերպությունը և հարկ վճարողների պարտատերերից ստացված առարկությունը համապատասխան փաստաթղթերի հետ վերադարձնում է հարկային մարմին՝ հետագա ընթացքն ապահովելու նպատակով: