Հոդված 14. Տեղական վճարների դրույքաչափերը
Հոդված 14. Տեղական վճարների դրույքաչափերը
1. Հայաստանի Հանրապետության համայնքներում սահմանվում են տեղական վճարների հետևյալ դրույքաչափերը.
1) համայնքի տարածքում շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար.
2) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո շենքերի և շինությունների (այդ թվում` դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար.
3) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար.
4) համայնքի տնօրինության և օգտագործման ներքո գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար.
5) համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար.
6) համայնքի վարչական տարածքում տոնավաճառներին (վերնիսաժներին) մասնակցելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար.
7) համայնքի կողմից աղբահանության վճար վճարողների համար աղբահանության աշխատանքները կազմակերպելու համար աղբահանության վճարը համայնքի ավագանին սահմանում է «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և դրույքաչափերի սահմաններում.
8) համայնքի կողմից իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման, ինչպես նաև աղբահանության վճար վճարողներին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի ինքնուրույն հավաքման և փոխադրման թույլտվության համար աղբահանության վճարը համայնքի ավագանին սահմանում է «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և դրույքաչափերի սահմաններում.
9) կենտրոնացված ջեռուցման համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի չափով, բացառությամբ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն սահմանված հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտներում սակագների սահմանման դեպքերի.
10) ջրմուղ-կոյուղու համար այն համայնքներում, որոնք ներառված չեն ջրմուղ-կոյուղու ծառայություններ մատուցող օպերատոր կազմակերպությունների սպասարկման տարածքներում, մասնավորապես ջրամատակարարման և ջրահեռացման վճարներ՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի չափով, բացառությամբ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն սահմանված հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտներում սակագների սահմանման դեպքերի.
11) ոռոգման ջրի մատակարարման համար այն համայնքներում, որոնք ներառված չեն «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ստեղծված ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքներում՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի չափով, բացառությամբ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն սահմանված հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտներում սակագների սահմանման դեպքերի.
12) համայնքի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի կատարման համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի չափով.
13) համայնքային ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգտվողների համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի չափով.
14) համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների (երաժշտական, նկարչական և արվեստի դպրոցներ և այլն) ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի չափով.
15) համայնքի վարչական տարածքում, սակայն համայնքի բնակավայրերից դուրս գտնվող՝ ավագանու որոշմամբ հանրային հանգստի վայր սահմանված և համայնքի կողմից կամ համայնքի պատվերով որպես հանրային հանգստի վայր կահավորված տարածքում ընտանեկան կամ գործնական միջոցառումներ անցկացնելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար.
16) համայնքային սեփականություն հանդիսացող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և համայնքային ենթակայության թանգարանների մուտքի համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի չափով.
17) համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում (բացառությամբ բակային տարածքների, ուսումնական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի հարակից տարածքների) ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դրույքաչափերի սահմաններում հաստատում է համայնքի ավագանին.
18) համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ տրամադրելու համար՝ մեկ փաստաթղթի համար՝ մինչև հազար դրամ փոխհատուցման վճար: