Հոդված 141. Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությունը
Հոդված 141. Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությունը
1. Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությունն անցկացվում է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը թափուր մնալու դեպքում, ինչպես նաև Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների ավարտին կամ պաշտոնավարման տարիքը լրանալուն նախորդող վեց ամսվա ընթացքում:
2. Ազգային ժողովը Սահմանադրական դատարանի ինը դատավորից երեքին ընտրում է Հանրապետության նախագահի, երեքին՝ Կառավարության, երեքին` դատավորների ընդհանուր ժողովի առաջարկությամբ:
3. Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Հանրապետության նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը և Կառավարությունը՝ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, իսկ Սահմանադրական դատարանի դատավորի լիազորություններն ավարտվելու կամ պաշտոնավարման տարիքը լրանալու դեպքում՝ Սահմանադրական դատարանի նախագահի կողմից համապատասխան տեղեկությունն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում:
4. Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուն առաջադրվում է Ազգային ժողովի նախագահին ուղղված գրավոր դիմումով, որտեղ նշվում են Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի և նրան ներկայացնելու իրավասություն ունեցող անձի անունները, ազգանունները: Դիմումին կցվում են Սահմանադրությամբ և օրենքով սահմանված պահանջների ապահովումը հավաստող փաստաթղթերը: Սահմանադրության կամ օրենքի պահանջներին չհամապատասխանելու դեպքում Ազգային ժողովի նախագահը դիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերը երկու աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնում է թեկնածուին առաջադրող մարմնին՝ նշելով պատճառների մասին, որն էլ պարտավոր է հնգօրյա ժամկետում առաջադրել նոր թեկնածու:
5. Թեկնածուի առաջադրման ժամկետը լրանալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, Ազգային ժողովի նախագահը հանդես է գալիս Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի, ինչպես նաև ընտրության անցկացման օրվա և ժամի մասին հայտարարությամբ:
6. Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը քննարկվում է թեկնածուի առաջադրումից հետո՝ Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում, Կանոնակարգի 136-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով:
7. Սահմանադրական դատարանի դատավորն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների ավարտին կամ պաշտոնավարման տարիքը լրանալուն նախորդող վեց ամսվա ընթացքում ընտրվելու դեպքում Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորն իր պաշտոնն ստանձնում է Սահմանադրական դատարանի համապատասխան դատավորի լիազորությունների ավարտման կամ պաշտոնավարման տարիքը լրանալու օրը:
8. Եթե Սահմանադրական դատարանի դատավորը չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ տասնօրյա ժամկետում, իրավասու մարմինը առաջադրում է նոր թեկնածու:
(141-րդ հոդվածը լրաց., փոփ. 17.01.18 ՀՕ-50-Ն, խմբ. 07.02.18 ՀՕ-96-Ն)
(141-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 8-րդ մասերը ճանաչվել են Սահմանադրության 103-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությանը, 166-րդ հոդվածի 9-րդ մասին և 167-րդ հոդվածի 3-րդ մասին հակասող` ՍԴՈ-1434 որոշմամբ:
Սույն որոշմամբ Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթների ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանվել 2019 թվականի ապրիլի 1-ը՝ հնարավորություն տալով Ազգային ժողովին «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի իրավակարգավորումները համապատասխանեցնելու սույն որոշման պահանջներին:)