Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-06-29-ից մինչև 2008-05-15։Բացել գործող տեքստը

Հոդված 8. ՊԱՇՏՊԱՆԻՆ ԴԻՄԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ

գործել է մինչև 2008-05-15Բացել ARLIS-ում

Հոդված 8. ՊԱՇՏՊԱՆԻՆ ԴԻՄԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ

1. Պաշտպանին կարող է դիմել ցանկացած ֆիզիկական անձ` անկախ ազգությունից, քաղաքացիությունից, բնակության վայրից, սեռից, ռասայից, տարիքից, քաղաքական և այլ հայացքներից ու գործունակությունից:

Պաշտպանը կամ նրա ներկայացուցիչն իրավունք ունի իր նախաձեռնությամբ անարգել այցելել զորամիավորումներ, ձերբակալման վայրեր, նախնական կալանք կամ քրեական պատիժ իրականացնող հիմնարկներ, ինչպես նաև հարկադրական պահման այլ վայրեր` դրանցում գտնվող անձանց դիմումներն ընդունելու համար:

Պաշտպանին իրավունք ունի դիմել ձերբակալում, նախնական կալանք կամ քրեական պատիժ իրականացնող հիմնարկներում պատիժը կրող, ինչպես նաև հարկադրական պահման այլ վայրերում գտնվող անձը:

Պաշտպանը կամ նրա ներկայացուցիչը պետք է երաշխավորվի զորամիավորումներում, ձերբակալման վայրերում, նախնական կալանք կամ քրեական պատիժ իրականացնող հիմնարկներում, ինչպես նաև հարկադրական պահման այլ վայրերում գտնվող անձանց հետ առանձին, անարգել, մեկուսի հաղորդակցվելու հնարավորությամբ: Պաշտպանի կամ նրա ներկայացուցիչների` այդ անձանց հետ խոսակցությունները ենթակա չեն միջամտության և գաղտնալսման:

Պաշտպանին բողոք ներկայացնելը կամ նրա միջամտությունը չպետք է հանգեցնի բողոքողի նկատմամբ քրեական, վարչական կամ այլ պատժամիջոցի կիրառման կամ որևէ խտրականության:

2. Պաշտպանին կարող են դիմել նաև իրավաբանական անձինք:

Իրավաբանական անձի անունից տրված բողոքը վերաբերում է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտմանը, եթե իրավաբանական անձի իրավունքների խախտման հետևանքով խախտվել են նաև նրա մասնակից ֆիզիկական անձանց (բաժնետերերի, փայատերերի, անդամների և այլն), ինչպես նաև նրա պաշտոնատար անձանց իրավունքներն ու հիմնարար ազատությունները, կամ այդ անձինք իրավաբանական անձի իրավունքների խախտման հետևանքով վնաս են կրել, կամ առկա է այդ անձանց վնաս կրելու հնարավորությունը:

3. Ուրիշի իրավունքների պաշտպանության նպատակով Պաշտպանին կարող են դիմել միայն այդ անձանց ներկայացուցիչները, ինչպես նաև մահացած անձանց ընտանիքների անդամներն ու ժառանգները:

4. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, բացառությամբ խնամակալության և հոգաբարձության մարմինների, չեն կարող Պաշտպանին բողոքներ ներկայացնել:

5. Պաշտոնատար անձինք իրավունք ունեն Պաշտպանին դիմել միայն իրենց` որպես ֆիզիկական անձանց խախտված իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության նպատակով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։