Հոդված 82.1. Համայնքի տարեկան աշխատանքային պլանը
Հոդված 82.1. Համայնքի տարեկան աշխատանքային պլանը
1. Համայնքի տարեկան աշխատանքային պլանը համայնքի ծրագրային այն փաստաթուղթն է, որը սահմանում է տվյալ տարվա ընթացքում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կամ նրանց մասնակցությամբ համայնքում իրականացվող բոլոր ծրագրերը և միջոցառումները:
2. Համայնքի տարեկան աշխատանքային պլանը մշակվում և հաստատվում է համայնքի ավագանու կողմից հաստատված հնգամյա զարգացման ծրագրի հիման վրա՝ տվյալ տարվա ընթացքում համայնքի տնտեսական, սոցիալական, մշակութային, բնապահպանական և այլ ծրագրերի ու միջոցառումների պլանավորման, իրականացման և վերահսկման գործընթացներն առավել նպատակային և արդյունքահենք կազմակերպելու համար:
3. Համայնքի տարեկան աշխատանքային պլանում ընդգրկվում են համայնքում իրականացվող համայնքի բյուջեից և այլ աղբյուրներից ֆինանսավորվող, ինչպես նաև ֆինանսավորում չպահանջող բոլոր ծրագրերը, այդ թվում՝ համայնքի ենթակառուցվածքների պահպանման, շահագործման և զարգացման, համայնքային ծառայությունների մատուցման, հիմնական միջոցների կառավարման, մարդկային ռեսուրսների կառավարման, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներդրումային, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի աջակցությամբ և այլ ծրագրեր:
4. Համայնքի տարեկան աշխատանքային պլանը կազմելու նպատակով սույն օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը մշակում և տեղական ինքնակառավարման մարմիններին է տրամադրում համայնքի տարեկան աշխատանքային պլանի մշակման մեթոդաբանությունը:
5. Համայնքի տարեկան աշխատանքային պլանի մշակման մեթոդաբանությունը սահմանում է տարեկան աշխատանքային պլանի կազմման իրավական հիմքերն ու կառուցակարգերը, մասնակցության մեխանիզմները, մշտադիտարկման և գնահատման համակարգերը (այդ թվում՝ ցուցանիշներն ու դրանց բնութագրիչները, տեսակները), հաշվետվողականությունը և այլն:
6. Համայնքի ղեկավարը բյուջեի կատարման տարեկան հաշվետվության հետ համայնքի ավագանուն է ներկայացնում հաշվետու տարում համայնքի տարեկան աշխատանքային պլանի իրականացման վերաբերյալ հաշվետվությունը, որը ենթակա է հրապարակման՝ օրենքով սահմանված կարգով:
(82.1-ին հոդվածը լրաց. 17.11.21 ՀՕ-354-Ն)