Հոդված 95. Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ հսկողության հիմնական սկզբունքները
Հոդված 95. Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ հսկողության հիմնական սկզբունքները
1. Տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների իրականացման նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինն օրենքով սահմանված դեպքերում և կարգով իրականացնում է իրավական հսկողություն։
2. Պետության պատվիրակած լիազորությունների իրականացման նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմիններն օրենքով սահմանված դեպքերում և կարգով իրականացնում են իրավական և մասնագիտական հսկողություն:
3. Իրավական հսկողությունը սահմանափակվում է բացառապես այդ լիազորությունների իրականացման ընթացքում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընդունված որոշումների օրինականությունը ստուգելով:
4. Մասնագիտական հսկողությունը իրականացվում է պետության պատվիրակած լիազորությունների իրականացման արդյունավետությունն ու միասնականությունը ստուգելու նպատակով:
5. Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ սույն հոդվածով նախատեսված ստուգումներն իրականացվում են «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
6. Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող բյուջետային կամ ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ իրականացվում է ֆինանսական հսկողություն՝ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով, իսկ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ համայնքային հիմնարկներում գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունը՝ «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:
7. Համայնքային բյուջեների միջոցների, ստացած փոխառությունների ու վարկերի, համայնքի սեփականության օգտագործման օրինականության և արդյունավետության նկատմամբ հաշվեքննություն է իրականացնում Հաշվեքննիչ պալատը՝ «Հաշվեքննիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում:
8. Տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանը միջամտության և հսկողության դեպքերն ու կարգը սահմանվում են օրենքով և պետք է համաչափ լինեն նման միջամտությամբ կամ հսկողությամբ հետապնդվող իրավաչափ նպատակին, և հաշվի առնվի համայնքի բնակիչների հանրային շահը:
(95-րդ հոդվածը խմբ. 16.01.18 ՀՕ-66-Ն, լրաց. 29.05.25 ՀՕ-194-Ն)