Հոդված 72. Համայնքի ղեկավարի պաշտոնանկությունը մարզպետի, իսկ Երևանում Երևանի քաղաքապետի ներկայացմամբ
Հոդված 72. Համայնքի ղեկավարի պաշտոնանկությունը մարզպետի, իսկ Երևանում Երևանի քաղաքապետի ներկայացմամբ
Մարզպետի, իսկ Երևանում Երևանի քաղաքապետի ներկայացմամբ համայնքի ղեկավարը կարող է պաշտոնանկ արվել կառավարության որոշմամբ:
Մարզպետը, իսկ Երևանում Երևանի քաղաքապետը կարող է համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու առաջարկություն ներկայացնել կառավարություն` համայնքի ղեկավարի կողմից համայնքի բյուջե փաստացի ստացված եկամուտների սահմաններում պարտադիր լիազորությունները չկատարելու կամ պետության պատվիրակած լիազորություններն անբավարար կատարելու դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ դատարանի` օրինական ուժի մեջ մտած որոշմամբ անվավեր են ճանաչվել համայնքի ղեկավարի` օրենքին կամ այլ իրավական ակտերին հակասող մի շարք որոշումները, կամ առկա է համայնքի ղեկավարի կողմից օրենքները կամ այլ իրավական ակտերը պարբերաբար խախտելու վերաբերյալ դատարանի` օրինական ուժի մեջ մտած որոշումը: Պաշտոնանկության հարց կարող է բարձրացվել համայնքի ղեկավարի լիազորություններն ստանձնելուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո:
Մարզպետը, իսկ Երևանում Երևանի քաղաքապետը համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու որոշման նախագիծն իր հիմնավորումներով կառավարություն ներկայացնելուց առաջ ուղարկում է համայնքի ղեկավարին: Համայնքի ղեկավարը, ստանալով որոշման նախագիծը, երկշաբաթյա ժամկետում գումարում է համայնքի ավագանու արտահերթ նիստ: Համայնքի ավագանին իր նիստում քննարկում է համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու մասին մարզպետի հիմնավորումները և, լսելով համայնքի ղեկավարին, ընդունում է համապատասխան հիմնավորումներով որոշում: Համայնքի ավագանու որոշումը, որին կցվում է համայնքի ղեկավարի կարծիքը, եռօրյա ժամկետում ուղարկվում է պետական լիազորված մարմին և մարզպետին: Մարզպետը, պետական լիազորված մարմնի միջոցով, կառավարություն է ներկայացնում իր հիմնավորումներով որոշման նախագիծը` կցելով համայնքի ղեկավարի կարծիքը և համայնքի ավագանու որոշումը:
Մարզպետը կարող է դատական կարգով վիճարկել համայնքի ղեկավարի` օրենքին և իրավական այլ ակտերին հակասող որոշումները:
(72-րդ հոդվածը խմբ., լրաց. 26.12.02 ՀՕ-493-Ն)