Հոդված 77. Համայնքների, միջհամայնքային միավորումների և Երևանի թաղային համայնքների միավորման նկատմամբ իրականացվող պետական վերահսկողությունը
Հոդված 77. Համայնքների, միջհամայնքային միավորումների և Երևանի թաղային համայնքների միավորման նկատմամբ իրականացվող պետական վերահսկողությունը
Պետությունը համայնքների, միջհամայնքային միավորումների և Երևանի թաղային համայնքների միավորման նկատմամբ վերահսկողություն է իրականացնում Ազգային ժողովի և կառավարության միջոցով:
Ազգային ժողովը, ի դեմս Ազգային ժողովի վերահսկիչ պալատի, ոչ ավելի, քան տարին մեկ անգամ ստուգում է պետական բյուջեից համայնքներին, միջհամայնքային միավորումներին և Երևանի թաղային համայնքների միավորմանը տրամադրված ֆինանսական միջոցների նպատակային օգտագործումը:
Կառավարությունը, ի դեմս պետական լիազորված մարմնի կամ մարզպետարանի, ոչ ավելի, քան տարին մեկ անգամ, համայնքներում և միջհամայնքային միավորումներում իրականացնում է ֆինանսատնտեսական ստուգում: Մարզպետարանն իրավական վերահսկողություն է իրականացնում համայնքի ավագանու և միջհամայնքային միավորման խորհրդի որոշումների նկատմամբ: Համայնքի ավագանու կամ միջհամայնքային միավորման խորհրդի` օրենքներին հակասող որոշումները մարզպետը կարող է բողոքարկել դատարան:
Կառավարությունը, ի դեմս պետական լիազորված մարմնի, ոչ ավելի, քան տարին մեկ անգամ, թաղային համայնքներում իրականացնում է ֆինանսատնտեսական ստուգում:
Երևանի թաղային համայնքների ավագանիների որոշումների նկատմամբ իրավական վերահսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետը: Երևանի թաղային համայնքների միավորման խորհրդի որոշումները յոթնօրյա ժամկետում ուղարկվում են պետական լիազորված մարմին, որը դրանց նկատմամբ իրականացնում է իրավական վերահսկողություն:
Ստուգումների հետևանքով վերոհիշյալ մարմինների հայտնաբերած` քրեական պատասխանատվություն առաջացնող խախտումների վերաբերյալ նյութերը պետք է փոխանցվեն դատարան կամ դատախազություն, և միայն այդ մարմինների հաղորդման հիման վրա դատախազությունը կարող է քրեական հետապնդում հարուցել և համայնքում, օրենքով սահմանված կարգով, իրականացնել ստուգում:
Ստուգումների անցկացումը համայնքներում արգելվում է ընտրություններից մեկ ամիս առաջ և մինչև դրանց պաշտոնական ավարտը: