Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-02-05-ից մինչև 2005-06-27։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԲՅՈՒՋԵՆ

Հոդված 57. Համայնքի բյուջեի ձևավորման աղբյուրները

գործել է մինչև 2005-06-27Բացել ARLIS-ում

Հոդված 57. Համայնքի բյուջեի ձևավորման աղբյուրները

Համայնքի բյուջեն ձևավորվում է համայնքների բյուջեներին` օրենքով և իրավական այլ ակտերով ամրագրվող եկամուտներից, այդ թվում`

1. Հարկային եկամուտներ`

ա) հողի հարկ` համայնքի վարչական տարածքում գտնվող հողի համար.

բ) գույքահարկ` համայնքի վարչական տարածքում գտնվող գույքի համար.

գ) եկամտահարկից մասհանումներ.

դ) շահութահարկից մասհանումներ.

ե) բնապահպանական վճարներից մասհանումներ.

զ) հողի հարկի և գույքահարկի գծով համայնքի բյուջե վճարումների բնագավառում բացահայտված հարկային օրենսդրության խախտումների համար հարկատուներից գանձվող տույժեր և տուգանքներ:

Եկամտահարկի, շահութահարկի և բնապահպանական վճարների գումարներից համայնքների բյուջեներ կատարվող մասհանումների տոկոսաչափերը սահմանվում են յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքով:

2. Տուրքեր`

ա) պետական տուրքեր, այդ թվում`

- քաղաքացիական կացության ակտեր գրանցելու, դրանց մասին քաղաքացիներին կրկնակի վկայականներ, քաղաքացիական կացության ակտերում կատարված գրառումներում փոփոխություններ, լրացումներ, ուղղումներ կատարելու և վերականգնելու կապակցությամբ վկայականներ տալու համար,

- նոտարական գրասենյակների կողմից նոտարական ծառայություններ կատարելու, նոտարական կարգով վավերացված փաստաթղթերի կրկնօրինակներ տալու, նշված մարմինների կողմից գործարքների նախագծեր և դիմումներ կազմելու, փաստաթղթերի պատճեններ հանելու և դրանցից քաղվածքներ տալու համար.

բ) տեղական տուրքեր:

3. Ոչ հարկային եկամուտներ, այդ թվում`

ա) համայնքի սեփականություն համարվող հողերի, ինչպես նաև համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող հողերի վարձակալության և օգտագործման դիմաց գանձվող վարձավճարներ.

բ) համայնքի սեփականություն համարվող հիմնարկների հաշվեկշիռներում հաշվառվող գույքի վարձակալությունից առաջացած եկամուտներ.

գ) վարչական իրավախախտումների համար տեղական ինքնակառավարման մարմինների կիրառած պատժամիջոցներից առաջացած եկամուտներ.

դ) համայնքի սեփականություն համարվող ընկերությունների տրամադրության տակ մնացած շահույթից համայնքի ավագանու որոշումներով կատարվող մասհանումներ.

ե) տեղական վճարներ.

զ) տեղական ինքնակառավարման մարմինների կողմից օրենքով գանձվող և համայնքների բյուջեների եկամուտներին հաշվանցման ենթակա այլ տեղական վճարներ.

է) համայնքի սեփականություն համարվող, ինչպես նաև տիրազուրկ, ժառանգության իրավունքով, ֆիզիկական և իրավաբանական անձանցից նվիրատվության կարգով համայնքին որպես սեփականություն անցած հիմնական միջոց կամ ոչ նյութական ակտիվ չհանդիսացող գույքի օտարումից եկամուտները.

ը) պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմինների պատվիրակած լիազորությունների իրականացման համար համայնքների բյուջեներից` ծախսերի ֆինանսավորման նպատակով պետական բյուջեից տրամադրվող հատկացումներ.

թ) տիրազուրկ, ժառանգության իրավունքով, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանցից (բացառությամբ պետության, հանրապետության այլ համայնքների, միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների տեղական ինքնակառավարման մարմինների) նվիրատվության կարգով համայնքին որպես սեփականություն անցած դրամական միջոցները:

4. Կապիտալի գործառնություններից եկամուտների` համայնքային սեփականության (այդ թվում` հողի) օտարումից ստացվող միջոցներ:

5. Պաշտոնական տրանսֆերտների ձևով ստացվող հատկացումներ, այդ թվում`

ա) պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաներ.

բ) պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ).

գ) այլ աղբյուրներից ստացվող պաշտոնական տրանսֆերտներ:

6. Համայնքի բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրներ, այդ թվում`

ա) վարկերի և փոխատվությունների ձևով ներգրավված միջոցներ, այդ թվում` տեղական ինքնակառավարման մարմինների թողարկած պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված միջոցներ: Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պարտատոմսեր թողարկելու և տեղաբաշխելու կարգը սահմանում է կառավարությունը.

ա.1) համայնքի բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը.

բ) իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության, պետական սեփականություն համարվող անշարժ գույքի (բացառությամբ հողերի), այդ թվում` անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից ստացված միջոցներն ուղղվում են`

- Երևան քաղաքի համաքաղաքային կապիտալ բնույթի ծախսերի ֆինանսավորմանը` Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող անշարժ գույքի, իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության մասնավորեցումից ստացվող մուտքերի 30 տոկոսի չափով,

- Հայաստանի Հանրապետության մարզերում գտնվող համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` տեղական ինքնակառավարման մարմիններին օրենքով վերապահված պարտադիր լիազորությունների ֆինանսավորմանը` այդ համայնքի վարչական տարածքում գտնվող անշարժ գույքի, իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության մասնավորեցումից ստացվող մուտքերի 30 տոկոսի չափով:

Երևան քաղաքում գտնվող իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության, պետական սեփականություն համարվող անշարժ գույքի, այդ թվում` անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից ստացված միջոցներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բացված հատուկ հաշվին:

Ընդ որում, համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինները և Երևանի խորհուրդը սույն մասի «գ» կետում նշված միջոցները կարող են ուղղել բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` Հայաստանի Հանրապետության կառավարության հետ համաձայնեցված ծրագրերի ֆինանսավորմանը:

(57-րդ հոդվածը փոփ., լրաց. 26.12.02 ՀՕ-493-Ն, խմբ., լրաց. 11.04.03 ՀՕ-542-Ն, խմբ. 13.12.04 ՀՕ-127-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։