Հոդված 2. Օրենսգրքի 115-րդ հոդվածում՝
Հոդված 2. Օրենսգրքի 115-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Պատժի ժամկետի՝ օրենքով սահմանված մասը լրանալու դեպքում պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը 15-օրյա ժամկետում պարտավոր է անկախ հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ներկայացման հարցը` կցելով դատապարտյալի անձնական գործի ամփոփ տեղեկանքը, դատապարտյալի անձի և վարքագծի փաստական նկարագիրը:
Նշյալ փաստաթղթերն ստանալու պահից 45-օրյա ժամկետում անկախ հանձնաժողովը պարտադիր քննում է դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ներկայացման հարցը և տալիս է դրական կամ բացասական եզրակացություն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 1.1-ին և 1.2-րդ մասերով կամ 77-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանգամանքների վերաբերյալ:
Անկախ հանձնաժողովի կողմից եզրակացություն տալուց հետո դրա պատճենը ոչ ուշ, քան յոթնօրյա ժամկետում ստորագրությամբ հանձնվում է դատապարտյալին և ուղարկվում է պատիժը կատարող հիմնարկի վարչակազմին և պատժի կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Պատիժը կատարող հիմնարկի ղեկավարը անկախ հանձնաժողովի եզրակացությունն ստանալու պահից յոթնօրյա ժամկետում այն ներկայացնում է դատարան, եթե դատապարտյալը գրավոր համաձայնություն է տալիս, որը կցվում է եզրակացությանը:
Եզրակացությանը կցվում է նաև դատապարտյալի անձնական գործի ամփոփ տեղեկանքը, դատապարտյալի անձի և վարքագծի փաստական նկարագիրը և առկայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության պրոբացիայի պետական ծառայության խորհրդատվական զեկույցը:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցն անկախ հանձնաժողովում քննարկելիս դատապարտյալն իրավունք ունի.
1) անկախ հանձնաժողովի նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին ստանալու պատշաճ ծանուցում.
2) անձամբ կամ փաստաբանի կամ օրենքով սահմանված կարգով անվճար իրավաբանական օգնություն ցույց տվող փաստաբանի միջոցով մասնակցելու անկախ հանձնաժողովում իր վերաբերյալ հարցերի քննարկմանը.
3) հայերենին չտիրապետելու դեպքում պետության միջոցների հաշվին օգտվելու թարգմանչի ծառայություններից.
4) ծանոթանալու իր վերաբերյալ անկախ հանձնաժողով ներկայացված նյութերին և անվճար ստանալու դրանց պատճենները.
5) ներկայացնելու բացատրություններ և փաստաթղթեր, հանդես գալու հայտարարություններով.
6) հայտնելու իր կարծիքը իրեն վերաբերող հարցերի քննարկման ժամանակ:».
3) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
4) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Դատապարտյալի կողմից անկախ հանձնաժողովի եզրակացությունը դատարան ներկայացնելու համաձայնություն չտալու դեպքում պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը տվյալ դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը ներկայացնում է անկախ հանձնաժողովի կողմից եզրակացություն տալուց հետո՝ երեք ամիս անց, բացառությամբ սույն օրենսգրքի 116-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:
Դատարանի կողմից պատժից պայմանական վաղաժամկետ ազատելը կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելը մերժելու մասին որոշում կայացնելու դեպքում պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը տվյալ դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը անկախ հանձնաժողով է ներկայացնում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 434-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա ժամկետը լրանալուց 45 օր առաջ, բացառությամբ սույն օրենսգրքի 116-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:».
5) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել: