Հոդված 46
Հոդված 46
Կայազորի կարգապահական մեկուսարանի պետը նշանակվում է սպայական կազմից և պատասխանատու է կարգապահական մեկուսարանում օրինականությունը պահպանելու, մեկուսացվածներին պահելու կարգ ու կանոնը, ինչպես նաև գույքը և սարքավորումները պահպանելու համար:
Կարգապահական մեկուսարանի պահակապետը ենթարկվում է նրան:
Կայազորի կարգապահական մեկուսարանի պետը պարտավոր է`
- կարգապահական մեկուսարան ընդունելիս ստուգել մեկուսացվածի համապատասխան փաստաթղթերի ձևակերպման ճշտությունը, ինչպես նաև հաշվառել և հետևել նրանց պահելու կանոնների ճշգրիտ կատարմանը (14 հավելված).
- պահել զինծառայողին մեկուսացնելու, կարգապահական մեկուսարան ընդունելու և պահելու վերաբերյալ փաստաթղթերը` ձերբակալման արձանագրության, կալանավորելու մասին որոշման կամ դատավճռի, անձնական խուզարկության արձանագրության կրկնօրինակները կամ վավերացված պատճենները և ապահովել նրա անձնական իրերի ու փաստաթղթերի առանձնացված պահումը.
- նոր պահակապետերին հանձնել մեկուսացվածների ցուցակը, զինվորներինը և սերժանտներինը` առանձին, ենթասպաներինը` առանձին, ցուցակներում ժամանակին մտցնել անհրաժեշտ փոփոխություններ.
- ոչ պակաս, քան շաբաթը մեկ ըստ խցիկների ստուգել մեկուսացվածների առավոտյան ստուգումը և երեկոյան անվանականչը.
- կարգ սահմանել մեկուսացվածներին լվացվելու, զուգարան և զբոսանքի տանելու համար` ապահովելով նրանց հսկողությունը.
- պահակապետին գրավոր կարգադրություն անել ժամկետը լրանալիս կարգապահական կարգով մեկուսացված զինծառայողներին ազատելու, ինչպես նաև կայազորի զինվորական պարետի հրահանգով աշխատանքի, բաղնիք տանելու, դատաքննչական մարմինների պահանջով հարցաքննության կամ դատարան ներկայացնելու վերաբերյալ, հաշվառման ենթարկել նրանց աշխատանքը` նշելով աշխատանքի տեղը, ժամանակը և տեսակը.
- եթե կարգապահական կարգով մեկուսացված ենթասպաները և սերժանտները, ինչպես նաև զինվորները չեն ընդգրկվել որևէ աշխատանքում, կազմակերպել և նրանց հետ անցկացնել շարային պատրաստության ու կանոնադրությունների ուսումնասիրման պարապմունքներ, դաստիարակչական աշխատանք տանել նրանց հետ.
- հետևել կարգապահական մեկուսարանի և պահակատան սանիտարական ու հակահրդեհային, լուսավորության և ջեռուցման վիճակին.
- կայազորի բժշկական ծառայության պետին հայտնել մեկուսացվածի հիվանդանալու մասին, նրան բուժհիմնարկ ուղարկելու անհրաժեշտության վերաբերյալ բժշկի եզրակացության դեպքում զեկուցել կայազորի զինվորական պարետին.
- հետևել կարգապահական մեկուսարանի, պահակատան ու պահակակետերի, խցիկների, պահակության տեխնիկական միջոցների սարքին վիճակին, ժամանակին վերանորոգելուն, միջոցներ ձեռնարկել կատարելագործելու կարգապահական մեկուսարանի սարքավորումները.
- ընդունել մեկուսացվածների առաջարկությունները, դիմումներն ու գանգատները և հանձնել հրամանատարությանը.
- ամեն օր ստուգել կարգապահական մեկուսարանի պահակային ծառայության ճշգրիտ կատարումը` այդ մասին համապատասխան նշումներ անելով պահակակետի տեղեկագրում.
- կայազորի զինվորական պարետին զեկուցել պատահարների մասին` անհապաղ, իսկ զինվորական կարգապահության վիճակի, մեկուսացվածների թվաքանակի, նոր ընդունվածների և մեկուսարանում եղածների, մեկուսարանի ազատ տեղերի առկայության մասին` ամեն օր.
- պահպանել ու հաշվառել կանոնադրությունները, ռազմագիտական ուսումնական գրականությունը և դրանք տրամադրել մեկուսացվածների հետ պարապմունքներ անցկացնելու համար.
- դիմավորել կայազորի պետին, նրա ուղղակի պետերին, կայազորի պետի տեղակալներին, զինվորական պարետին, ինչպես նաև զորքերի հրահանգավորումը (ստուգումը) ղեկավարելու եղածներին, նրանց հանձնարարությամբ եկած հրահանգչական (ստուգող) խմբի սպաներին, ներկայանալ նրանց և ուղեկցել կարգապահական մեկուսարանի տնօրինության տակ գտնվող տարածքում: