Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-05-20-ից մինչև 2022-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ, ՍՏՈՒԳՈՒՄԸ ԵՎ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԸ

Հոդված 26.1. Բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրությունը

գործել է մինչև 2022-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 26.1. Բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրությունը

1. Հանձնաժողովը օրենքով սահմանված ժամկետում իրականացնում է սույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ և 21-րդ կետերով նախատեսված անձանց բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություն։

2. Բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկում լրացման ենթակա տվյալներն են՝

1) թեկնածուի և «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով նրա ընտանիքի անդամների գույքային դրության՝ գույքի և եկամուտի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն.

2) թեկնածուի կրթության, աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկատվություն, այդ թվում՝ ուսումնական հաստատության, աշխատավայրի (նախկին և ներկա) անվանումը (անվանումները), զբաղեցրած պաշտոնը (պաշտոնները).

3) քրեական, վարչական կամ կարգապահական պատասխանատվության ենթարկված լինելու վերաբերյալ տեղեկատվություն.

4) «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով հանրային պաշտոն զբաղեցնող անձանց հետ «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով մերձավոր ազգակցությամբ և խնամիությամբ կապված լինելու վերաբերյալ տեղեկատվություն.

5) քրեական ենթամշակույթին հարելու վերաբերյալ տեղեկատվություն:

3. Բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը ներկայացնելու փաստի ուժով անձը համարվում է տեղեկացված Հանձնաժողովի՝ սույն օրենքով նախատեսված մարմիններից և անձանցից սույն օրենքով նախատեսված տեղեկություններ պահանջելու և ստանալու լիազորության մասին:

4. Բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ձևանմուշը, ինչպես նաև բարեվարքության ուսումնասիրության գործընթացի մանրամասները սահմանում է Հանձնաժողովը:

5. Սույն օրենքի իմաստով բարեվարքության ուսումնասիրությունը ներառում է՝

1) բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկում ներկայացված տվյալների արժանահավատության ստուգում.

2) անձի կողմից նախկինում քրեական, վարչական կամ կարգապահական պատասխանատվության ենթարկված լինելու հանգամանքի, այդ թվում՝ կոռուպցիոն գործարքներում ներգրավվածության, նրա կողմից վարքագծի կանոնների պահպանման, շահերի բախման, անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների խախտում կատարած լինելու հանգամանքների ուսումնասիրություն.

3) անձի վերաբերյալ զանգվածային լրատվական միջոցներում, ինչպես նաև սոցիալական ցանցերում հրապարակված տեղեկությունների ուսումնասիրություն.

4) անձի գույքային դրության` փաստացի ստացած եկամուտներին համապատասխանության, ինչպես նաև նախկինում ներկայացված հայտարարագրերի ուսումնասիրություն.

5) անձի աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկությունների ուսումնասիրություն.

6) անձի քրեական ենթամշակույթին հարելու հնարավորության ուսումնասիրություն:

5.1. Սույն օրենքի իմաստով՝ քրեական ենթամշակույթին հարելու հնարավորության ուսումնասիրությունը ներառում է թեկնածուի կամ նրա ընտանիքի անդամի կողմից քրեական ենթամշակույթ կրող անձի հետ (օրինակ՝ օրենքով գող, քրեական հեղինակություն) ազգակցական կամ ընկերական կապի առկայության, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կամ անձի խնդրանքը կատարելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը կամ անձին խնդրանքով կամ որևէ այլ հարցով դիմելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորումից կամ անձից ցանկացած այլ օգուտ ստացած լինելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կամ անձի հետ անհատական հանդիպման կամ հեռահար հաղորդակցություն ունենալու վերաբերյալ, ինչպես նաև քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կամ անձի հետ անձնական այլ կապ ունենալու վերաբերյալ տեղեկատվության ուսումնասիրություն:

5.2. Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների, Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների, դատավորների թեկնածուների հավակնորդների, առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների բարեվարքության ուսումնասիրությունը ներառում է նաև անձի (այդ թվում՝ փաստաբանական գործունեություն իրականացնող անձի)՝ որպես անհատ ձեռնարկատիրոջ, ինչպես նաև նրա հիմնադրած կամ նրա կողմից ղեկավարվող իրավաբանական անձի գործունեության օրինականության, ֆինանսական թափանցիկության ուսումնասիրություն:

6. Հանձնաժողովը սույն օրենքով նախատեսված անձի բարեվարքության ուսումնասիրությունն իրականացնում է համապատասխան օրենքներով նախատեսված ժամկետներում։

7. Հանձնաժողովը բարեվարքության ուսումնասիրության գործընթացում իրավասու է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից, պետական կազմակերպություններից կամ դրանց պաշտոնատար անձանցից, այլ անձանցից պահանջելու և ստանալու (ներառյալ՝ էլեկտրոնային հարցման եղանակով) Հանձնաժողովում քննարկվող հարցին առնչվող անձանց վերաբերյալ տեղեկություններ, փաստաթղթեր, այդ թվում՝ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ, «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքով սահմանված Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից արժեթղթերի հետ կատարված գործարքների վերաբերյալ ծառայողական տեղեկություններ, ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկություններ, ինչպես նաև վարկային բյուրոյից՝ վարկային տեղեկատվություն կամ վարկային պատմություն: Բարեվարքության ուսումնասիրության գործընթացում անձի՝ քրեական ենթամշակույթին հարելու հնարավորության ուսումնասիրության նպատակով Հանձնաժողովն իրավասու է դիմելու օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին և ստանալու տեղեկություններ։

7.1. Բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկում լրացված տվյալների և սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված տվյալների համադրության արդյունքում Հանձնաժողովն իրավասու է թեկնածուից պահանջելու և ստանալու պարզաբանումներ:

8. Բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրության գործընթացին Հանձնաժողովի որոշմամբ կարող են ներգրավվել նաև միջազգային փորձագետներ:

9. Հանձնաժողովը տեղեկատվության ուսումնասիրության և ամփոփման արդյունքում կազմում և իրավասու մարմին է ներկայացնում անձի բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացություն: Անձի (թեկնածուի) բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը հրապարակման ենթակա չէ և չի տրամադրվում այլ անձանց։ Հանձնաժողովը, ինչպես նաև անձին նշանակելու կամ ընտրելու իրավասություն ունեցող մարմինը (անձը) չեն կարող հրապարակել անձի բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությամբ իրենց հայտնի դարձած տեղեկությունները։ Եթե Հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքում բացահայտվում են առերևույթ հանցագործության հատկանիշներ, ապա այդ տեղեկությունները չեն ներառվում եզրակացության հիմնական մասում և կցվում են եզրակացությանը՝ որպես հավելված։ Հանցագործությունների կանխման կամ բացահայտման նպատակով եզրակացության հավելվածը (առկայության դեպքում) չի կարող տրամադրվել թեկնածուին:

(26.1-ին հոդվածը լրաց. 25.03.20 ՀՕ-199-Ն, 19.01.21 ՀՕ-52-Ն, փոփ., լրաց. 14.04.21 ՀՕ-339-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։