Հոդված 56. Պահեստազորում հաշվառման կարգը
Հոդված 56. Պահեստազորում հաշվառման կարգը
1. Պահեստազորում հաշվառումը զինվորական հաշվառման անբաժանելի մասն է, որի նպատակն է ապահովել խաղաղ ժամանակ պահեստազորային պատրաստության շրջանակներում քաղաքացիների ռազմական ունակությունների կատարելագործման և վերապատրաստման գործընթացի, իսկ պատերազմի ժամանակ` զորահավաքային զորակոչի պատշաճ իրականացումը:
2. Պահեստազորում հաշվառվում են`
1) ժամկետային պարտադիր կամ պայմանագրային զինվորական կամ այլընտրանքային ծառայություն անցած և համապատասխան ծառայությունից սույն օրենքով սահմանված կարգով արձակված քաղաքացիները.
2) սույն օրենքով սահմանված դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատված քաղաքացիները.
3) սույն օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասում նշված քաղաքացիները.
4) բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու ընթացքում ռազմական պատրաստություն անցած և սույն օրենքով սահմանված կարգով «լեյտենանտ» զինվորական կոչում ստացած քաղաքացիները.
5) ռազմահաշվառական մասնագիտություն ունեցող իգական սեռի քաղաքացիները.
6) Հայաստանի Հանրապետության ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, քրեակատարողական ծառայության և փրկարարական ծառայության համակարգերից արձակված քաղաքացիները` նրանց շնորհված հատուկ կոչումները (բացառությամբ զինվորական կոչումների) հաշվի առնելով.
7) 27 տարեկանը լրացած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձինք.
8) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած և զինվորական կոչում ունեցող անձինք` ունեցած զինվորական կոչումները հաշվի առնելով` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան.
9) սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու դիմաց օրենքով սահմանված կարգով վճարներ կատարած քաղաքացիները.
10) օրենքով սահմանված կարգով զինվորական հաշվառման ենթակա և սույն մասում չնշված այլ կարգավիճակ ունեցող քաղաքացիները:
3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված դեպքերում քաղաքացիները պահեստազորում հաշվառվում են տարածքային զինվորական կոմիսարի որոշմամբ: