Հոդված 73. Անցումային և եզրափակիչ դրույթներ
Հոդված 73. Անցումային և եզրափակիչ դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերը, 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 17-րդ հոդվածի 2-4-րդ մասերը, 19-րդ հոդվածի 4-6-րդ մասերը, 25-րդ հոդվածն ուժի մեջ են մտնում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 133-րդ հոդվածն ուժի մեջ մտնելու օրվանից:
3. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն օրենքով սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումները (ձեռք բերած տարկետման իրավունքը) պահպանում են իրենց ուժը:
4. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն ասպիրանտուրայում կամ դատական դպրոցում ուսումը շարունակելու համար տարկետում ստացած անձանց վրա տարածվում են «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի սեպտեմբերի 16-ի ՀՕ-250 Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերի, 12-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետի, 14-րդ հոդվածի 4-րդ մասի և 15-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության դրույթները, որոնք գործում են մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ և ուժը կորցրած են ճանաչվում 2021 թվականի հունվարի 1-ից:
5. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն ուսումնառության ընթացքում ռազմական պատրաստություն անցած և օրդինատուրայում ուսումը շարունակելու համար տարկետում ստացած անձանց վրա տարածվում են «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-380-Ն օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի դրույթները, որոնք գործում են մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ և ուժը կորցրած են ճանաչվում 2021 թվականի հունվարի 1-ից:
6. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը, «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող հաշվառված, սակայն սույն օրենքի 65-րդ հոդվածն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ բնակարանային պայմանների բարելավում չստացած զինծառայողների համար պահպանվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին բնակարանային պայմանների բարելավում ստանալու իրավունքը: Սույն մասում նշված զինծառայողները կարող են սույն օրենքի 65-րդ հոդվածն ուժի մեջ մտնելու օրվանից հետո հրաժարվել սույն մասով սահմանված իրավունքից և օգտվել սույն օրենքի 65-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված նպատակային ծրագրերից:
7. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը, «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող հաշվառված, սակայն զինվորական ծառայության ընթացքում բնակարանային պայմանների բարելավում չստացած և առողջության կամ տարիքի կամ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված նախկին զինծառայողների համար պահպանվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին բնակարանային պայմանների բարելավում ստանալու իրավունքը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
8. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի սեպտեմբերի 16-ի ՀՕ-250 օրենքը, բացառությամբ 1-ին և 2-րդ գլուխների, 7-րդ հոդվածի, 11-րդ հոդվածի 1-ին, 3-րդ, 4-րդ և 6-րդ մասերի, 12-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետի, 14-րդ հոդվածի 4-րդ մասի, 15-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության և 3-րդ մասի, 17-րդ և 18-րդ հոդվածների, «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-258 օրենքը, «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-380-Ն օրենքը, բացառությամբ 12-րդ հոդվածի 2-րդ մասի, 14-րդ հոդվածի 9-րդ մասի, 15-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության և 2.1-ին մասի, 31-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 52-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի:
9. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 133-րդ հոդվածն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած ճանաչել «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի սեպտեմբերի 16-ի ՀՕ-250 օրենքի 1-ին և 2-րդ գլուխները, 7-րդ հոդվածը, 11-րդ հոդվածի 1-ին (բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված անձանց մասով), 3-րդ և 4-րդ մասերը, 15-րդ հոդվածի 3-րդ մասը, 17-րդ և 18-րդ հոդվածները, «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-380-Ն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասը, 14-րդ հոդվածի 9-րդ մասը, 15-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունը և 2.1-ին մասը, 52-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը:
10. Սույն օրենքի ընդունումից բխող իրավական ակտերը ենթակա են ընդունման սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում:
11․
12․
(73-րդ կետը փոփ., լրաց. 04.06.19 ՀՕ-57-Ն)
(հոդվածը 08.12.22 ՀՕ-532-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ է մտնում 2023 թվականի փետրվարի 1-ից)
(08.12.22 ՀՕ-532-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հայաստանի Հանրապետության
Նախագահ
Ս. Սարգսյան
2017 թ. նոյեմբերի 29
Երևան
ՀՕ-195-Ն