Հոդված 23
Հոդված 23.
Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից առողջական վիճակի պատճառով տարկետում տալը
1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության հայտարարված զորակոչից քաղաքացուն առողջական վիճակի պատճառով տարկետում տրվում է`
1) բուժման կարիք ունենալու կամ
2) զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչվելու դեպքերում:
2. Առողջական վիճակի պատճառով բուժման կարիք ունեցող քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է երեք անգամ` մինչև մեկ տարի ժամանակով: Երրորդ անգամ տրված տարկետման ժամկետը լրանալուց հետո քաղաքացին բժշկական փորձաքննության արդյունքներով կամ ճանաչվում է պիտանի զինվորական ծառայության համար, կամ սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար և զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության, կամ ճանաչվում է զինվորական ծառայության համար ոչ պիտանի և ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից:
3. Առողջական վիճակի պատճառով պարտադիր զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչված քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է մեկ անգամ` երեք տարի ժամանակով: Տարկետման ժամկետը լրանալուց հետո քաղաքացին բժշկական փորձաքննության արդյունքներով կամ ճանաչվում է պիտանի զինվորական ծառայության համար, կամ սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար և զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության, կամ ճանաչվում է զինվորական ծառայության համար ոչ պիտանի և ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից:
4. Սույն հոդվածի 2-րդ ու 3-րդ մասերի համաձայն` պարտադիր զինվորական ծառայությունից ազատված և պահեստազորում հաշվառված քաղաքացին մինչև 27 տարին լրանալը ենթակա է բժշկական վերափորձաքննության` հինգ տարին մեկ անգամ: Բժշկական վերափորձաքննության արդյունքներով պարտադիր զինվորական ծառայության համար պիտանի զինվորական ծառայության համար կամ սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար ճանաչված քաղաքացին ենթակա է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի` ընդհանուր հիմունքներով:
5. Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից քաղաքացուն առողջական վիճակի պատճառով տարկետում տրվում է`
1) բուժման կարիք ունենալու կամ
2) զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչվելու դեպքերում:
6. Առողջական վիճակի պատճառով բուժման կարիք ունեցող՝ պահեստազորի սպայական կազմում հաշվառված քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է հինգ անգամ` մեկ տարի ժամանակով: Հինգերորդ անգամ տրված տարկետման ժամկետը լրանալուց հետո քաղաքացին բժշկական փորձաքննության արդյունքներով կամ ճանաչվում է պիտանի զինվորական ծառայության համար, կամ սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար և զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության, կամ ճանաչվում է զինվորական ծառայության համար ոչ պիտանի և ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից:
7. Առողջական վիճակի պատճառով պարտադիր զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչված՝ պահեստազորի սպայական կազմում հաշվառված քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է երկու անգամ` երեք տարի ժամանակով: Երկրորդ անգամ տրված տարկետման ժամկետը լրանալուց հետո քաղաքացին բժշկական փորձաքննության արդյունքներով կամ ճանաչվում է պիտանի զինվորական ծառայության համար, կամ սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար և զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության, կամ ճանաչվում է զինվորական ծառայության համար ոչ պիտանի և ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից:
8. Սույն հոդվածի 6-րդ և 7-րդ մասերի համաձայն պարտադիր զինվորական ծառայությունից ազատված՝ պահեստազորի սպայական կազմում հաշվառված քաղաքացին մինչև 35 տարին լրանալը ենթակա է բժշկական վերափորձաքննության` հինգ տարին մեկ անգամ: Բժշկական վերափորձաքննության արդյունքներով պիտանի զինվորական ծառայության համար կամ սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար ճանաչված՝ պահեստազորի սպայական կազմում հաշվառված քաղաքացին ենթակա է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի` ընդհանուր հիմունքներով: