Հոդված 40. Պայմանագրային զինծառայողին զինվորական պաշտոնից ազատելը
Հոդված 40. Պայմանագրային զինծառայողին զինվորական պաշտոնից ազատելը
1. Պայմանագրային զինծառայողը զինվորական պաշտոնից ազատվում է`
1) այլ պաշտոնի նշանակվելու դեպքում.
2) հաստիքների կրճատման, այդ թվում՝ ստորաբաժանման լուծարման պատճառով.
3) ատեստավորման արդյունքներով զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու կամ կարգապահական տույժի կարգով.
4) զինծառայողի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվելիս և կալանքը որպես խափանման միջոց ընտրվելիս կամ հարուցված քրեական հետապնդման շրջանակներում նրա պաշտոնավարության ժամանակավոր դադարեցման որոշում կայացնելիս.
5) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով կալանքի կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու արգելքի ձևով պատժի դատապարտվելու դեպքում.
6) հիվանդանոցային բուժման մեջ գտնվող պայմանագրային զինծառայողի` զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելիս.
7) սույն օրենքի 44-րդ հոդվածով նախատեսված դեպքում.
8) մեկ ամսից ավելի ժամկետով անհարգելի պատճառով ծառայության չներկայանալու դեպքում.
9) գերության մեջ գտնվելու դեպքում.
10) ռազմաուսումնական հաստատություններ, համապատասխան սպայական կամ սերժանտական դասընթացներ, ասպիրանտուրա, դոկտորանտուրա, կլինիկական օրդինատուրա կամ ինտերնատուրա ընդունվելու կամ վեց ամիսը գերազանցող ժամկետով Հայաստանի Հանրապետության կամ այլ պետության ռազմաուսումնական կամ այլ հաստատությունում վերապատրաստման գործուղվելու դեպքում.
11) զինվորական ծառայությունից արձակվելու դեպքում:
2. Պայմանագրային զինծառայողին զինվորական պաշտոնից ազատում է տվյալ պաշտոնին նշանակելու իրավասություն ունեցող հրամանատարը (պետը):