Հոդված 1
Հոդված 1.
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 16-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-7-րդ մասերով.
«2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն բարձրագույն սպայական կազմի զինվորական կոչումներ շնորհելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությանը կցվում են բարձրագույն սպայական կազմի զինվորական կոչում շնորհելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը և պետական լիազոր մարմնի ղեկավարի համապատասխան միջնորդությունը:
3. Հանրապետության նախագահը վարչապետի առաջարկությունն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ստորագրում է առաջարկությանը կցված հրամանագրի նախագիծը կամ այն առարկություններով վերադարձնում է վարչապետին:
4. Եթե վարչապետը հնգօրյա ժամկետում չի ընդունում Հանրապետության նախագահի առարկությունը, ապա Հանրապետության նախագահը հնգօրյա ժամկետի ավարտից հետո` եռօրյա ժամկետում, ստորագրում է հրամանագիրը կամ դիմում է Սահմանադրական դատարան:
5. Եթե Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում վարչապետի կողմից Հանրապետության նախագահին ներկայացված առաջարկությունը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին, ապա Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում ստորագրում է հրամանագիրը:
6. Եթե Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում վարչապետի կողմից Հանրապետության նախագահին ներկայացված առաջարկությունը Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին, ապա վարչապետը հնգօրյա ժամկետում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով ներկայացնում է նոր առաջարկություն:
7. Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 4-6-րդ մասերով սահմանված պահանջները, ապա Սահմանադրության 139-րդ հոդվածի համաձայն` տվյալ զինծառայողին բարձրագույն սպայական կազմի զինվորական կոչումը շնորհված է համարվում իրավունքի ուժով` սույն հոդվածի 4-6-րդ մասերով սահմանված եռօրյա ժամկետի ավարտին հաջորդող օրվանից, որի մասին վարչապետը գրավոր հայտարարություն է տարածում: Գրավոր հայտարարությունն ստորագրվում է վարչապետի կողմից և հրապարակվում Կառավարության պաշտոնական կայքէջում:»: