Հոդված 11. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչը
Հոդված 11. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչը
1. Պարտադիր զինվորական ծառայության են զորակոչվում 18-ից մինչև 27 տարեկան արական սեռի զորակոչիկները և առաջին խմբի պահեստազորի սպաները, ովքեր առողջական վիճակի պատճառով ճանաչվել են զինծառայության համար պիտանի` խաղաղ պայմաններում:
2. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու ենթակա չեն այն անձինք, որոնց նկատմամբ կատարվում է հետաքննություն (նախաքննություն, դատաքննություն) կամ ովքեր նախկինում դատապարտվել են ազատազրկման` ծանր կամ առնվազն երկու անգամ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար և ազատազրկման վայրում պատիժը կրել են 3 տարուց ոչ պակաս, ինչպես նաև, եթե կատարել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության դատախազության հաստատած ցանկում նշված հանցագործություն:
3. Շարքային կազմի զորակոչը և զորացրումը կատարվում է Հանրապետության Նախագահի հրամանագրով` տարին երկու անգամ` ապրիլ-հունիս և հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին:
4. Պահեստազորի սպաների զորակոչը և զորացրումը կատարվում է Հանրապետության Նախագահի հրամանագրով սահմանված ժամկետներում: Զորակոչից տարկետում ստացող սպաների կատեգորիաների ցանկը հաստատում է կառավարությունը:
5. Զորակոչի ենթակա շարքային կազմի և պահեստազորի սպաների թվաքանակը սահմանում է կառավարությունը:
6. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչը հայտարարվելուց հետո բոլոր զորակոչիկները, ինչպես նաև 27 տարեկանից բարձր տարիքի զորակոչիկները` սույն օրենքի 14 հոդվածի 4-րդ կետով նախատեսված դեպքում, պարտավոր են ծանուցագրում նշված ժամկետում ներկայանալ այն զինվորական կոմիսարիատ, որտեղ նրանք հաշվառված են:
7. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ժամանակ բնակության վայրին մոտ գտնվող զորամասում ծառայելու արտոնությունից օգտվում են`
ա) միայնակ անաշխատունակ հոր կամ մոր միակ զավակը.
բ) Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության, զինված ուժերում և այլ զորքերում ծառայության ընթացքում զոհված (մահացած) հայր (մայր) կամ եղբայր (քույր) ունեցող զորակոչիկները.
գ) ամուսնացած և մեկ երեխա ունեցող զորակոչիկները.
դ) երկկողմ և միակողմ ծնողազուրկ զորակոչիկները:
Բնակության վայրին մոտ գտնվող զորամաս է համարվում Երևան քաղաքի համար` մինչև 50 կմ տեղակայված զորամասը (այդպիսին չլինելու դեպքում` ամենամոտ զորամասը), իսկ մյուս բնակավայրերի համար` մինչև 30 կմ տեղակայված զորամասը (այդպիսին չլինելու դեպքում` ամենամոտ զորամասը):
8. Զինված ուժեր կամ այլ զորքեր միաժամանակ զորակոչվող եղբայրները, իրենց ցանկությամբ, ծառայության են զորակոչվում միևնույն զորամաս:
(11-րդ հոդվածը լրաց. 03.05.00 ՀՕ-57, 25.10.00 ՀՕ-104, 25.10.00 ՀՕ-106)