Հոդված 29. Պահեստազորի սպայական և ենթասպայական կազմերի վարժական հավաքներ անցնելը և զինվորական ծառայության կանչելու կարգը
Հոդված 29. Պահեստազորի սպայական և ենթասպայական կազմերի վարժական հավաքներ անցնելը և զինվորական ծառայության կանչելու կարգը
(վերնագիրը փոփ. 01.06.06 ՀՕ-128-Ն)
1. Առաջին խմբի պահեստազորայինները կարող են կանչվել վարժական հավաքների` մինչև երեք ամիս, երկրորդ խմբի պահեստազորայինները՝ մինչև երկու ամիս, իսկ երրորդ խմբի պահեստազորայինները՝ մինչև մեկ ամիս ժամկետով: Խաղաղ ժամանակ առաջին խմբի սպայական ու ենթասպայական կազմերը ռազմական հմտությունների կատարելագործման և վերապատրաստման նպատակով կարող են կանչվել վարժական հավաքների՝ մինչև 30 օր, իսկ հրամանատարաշտաբային կամ շտաբային վարժանքների ու զորախաղերի դեպքում՝ մինչև 10 օր տևողությամբ:
Առաջին խմբի պահեստազորի օդաչուական անձնակազմը, բացի սույն մասով նախատեսված վարժական հավաքն անցնելուց, առաջին խմբի պահեստազորում գտնվելիս կանչվում է նաև վարժական հավաքների` թռիչքային վարժություններ կատարելու համար, մինչև հինգ անգամ` յուրաքանչյուր դեպքում երկու ամիս ժամկետով, բայց ոչ ավելի, քան երկու ամիս` մեկ տարվա ընթացքում:
2. Պաշտպանության նախարարն իրավունք ունի անհրաժեշտության դեպքում մինչև երկու ամսով երկարաձգել պահեստազորի սպաների և ենթասպաների վարժական հավաքների ժամկետները, ինչպես նաև քանակը` չգերազանցելով սույն հոդվածի առաջին մասում սահմանված ընդհանուր ժամկետները:
3. Պահեստազորի սպաները խաղաղ ժամանակ կարող են կանչվել`
ա) զորակոչի միջոցով մինչև 3 տարի ժամկետով պարտադիր զինվորական ծառայության` կառավարության կողմից որոշվող մասնագիտությունների գծով և քանակով.
բ) պայմանագրային զինվորական ծառայության` անձնական ցանկությամբ և օրենսդրությամբ սահմանված կարգով:
(29-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 01.06.06 ՀՕ-128-Ն)