Հոդված 27. Դատարանների վճիռների, դատավճիռների և որոշումների բողոքարկումը
Հոդված 27. Դատարանների վճիռների, դատավճիռների և որոշումների բողոքարկումը
1. Դատախազը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և իր լիազորությունների շրջանակներում բողոքարկում է այն դատական ակտերը, որոնք, իր կարծիքով, հիմնավորված չեն կամ անօրինական են:
2. Դատարանների` քրեական գործերով օրինական ուժի մեջ չմտած դատական ակտը կարող է բողոքարկել դատաքննությանը մասնակցած հանրային մեղադրողը կամ վերադաս դատախազը:
3. Դատարանների` քաղաքացիական կամ վարչական գործով պետական (համայնքային) շահերին վերաբերող օրինական ուժի մեջ չմտած դատական ակտերը կարող է բողոքարկել դատական քննությանը մասնակցած դատախազը կամ վերադաս դատախազը:
4. Դատավճիռը գույքային հայցի մասով դատախազը կարող է բողոքարկել, եթե այն վերաբերում է պետական (համայնքային) շահերին:
5. Օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոք կարող են բերել միայն գլխավոր դատախազը կամ նրա տեղակալները:
6. Պետական (համայնքային) շահերին վերաբերող քաղաքացիական կամ վարչական այն գործով, որում դատախազությունը մասնակցություն չի ունեցել, օրինական ուժի մեջ մտած, ինչպես նաև օրինական ուժի մեջ չմտած դատական ակտը կարող է բողոքարկվել միայն այն դեպքում, եթե նշված գործով ներգրավված պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, ի պատասխան դատախազության հարցմանը, հայտնել է, որ չի բողոքարկելու համապատասխան դատական ակտը: Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը դատախազության՝ սույն մասով նախատեսված հարցմանը պարտավոր է պատասխանել հարցումն ստանալուց հետո` հնգօրյա ժամկետում:
7. Բողոքը պաշտպանում է բողոք բերած դատախազը, իսկ եթե բողոք բերել է վերադաս դատախազը, ապա բողոքը պաշտպանում է ինքը կամ իր հանձնարարությամբ` այլ դատախազ:
8. Վերադաս դատախազը վերաքննիչ կամ վճռաբեկ վարույթին մասնակցությունը կարող է հանձնարարել այլ դատախազի (դատախազների):
9. Դատախազի բերած բողոքը կարող է հետ վերցնել բողոք բերած դատախազը կամ վերադաս դատախազը:
10. Դատախազն իրավունք ունի դատարանում անարգել ծանոթանալու վարույթի կամ գործի նյութերին և անվճար ստանալու դրանց պատճենները:
(27-րդ հոդվածը փոփ., լրաց. 09.06.22 ՀՕ-153-Ն, խմբ., փոփ. 01.03.23 ՀՕ-104-Ն)
(01.03.23 ՀՕ-104-Ն օրենքն ունի անցումային դրույթ)