Հոդված 8. ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՎՃԱՐՈՒՄԸ և ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ
Հոդված 8. ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՎՃԱՐՈՒՄԸ և ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ
1. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների (բացառությամբ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծվող՝ ակցիզային դրոշմանիշներով պարտադիր դրոշմավորման ոչ ենթակա ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների) համար սույն օրենքով սահմանված կարգով հարկ վճարող (հարկի վճարման պարտավորություն կրող) անձանց կողմից ակցիզային հարկը վճարվում է ներմուծման օրվանից տասն օրվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Սույն կետով նշված դեպքում վճարողներն ակցիզային հարկի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության հարկային մարմիններին հաշվարկ չեն ներկայացնում:
ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ակցիզային դրոշմանիշներով պարտադիր դրոշմավորման ոչ ենթակա ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ներմուծման գործարքների մասով ակցիզային հարկի վճարման ժամկետները սահմանվում են «Անուղղակի հարկերի մասին» արձանագրությամբ և «Անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
2. Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում սեղմված բնական գազի օտարման համար սույն օրենքով սահմանված կարգով հարկ վճարող (հարկի վճարման պարտավորություն կրող) անձանց համար ակցիզային հարկի հաշվարկման ու վճարման գծով հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր ամիսը:
3. Սույն հոդվածի 2-րդ կետում նշված վճարողները յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար` մինչև դրան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, վճարում են ակցիզային հարկը և յուրաքանչյուր եռամսյակի համար` մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, համապատասխան հարկային տեսչություն ներկայացնում ակցիզային հարկի հաշվարկ` հարկային մարմնի սահմանած ձևով:
Ակցիզային հարկի հաշվարկը ներկայացվում է նաև սույն հոդվածի 5-րդ կետի «ա» ենթակետում նախատեսված դեպքում:
4. Հարկ վճարողի կողմից ակցիզային հարկի գծով սխալների ինքնուրույն հայտնաբերման և սահմանված կարգով դրանց ճշգրտման արդյունքներով կարող են ներկայացվել ճշգրտված հաշվարկներ, որոնց ներկայացման կարգը և ժամկետները հաստատում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:
5. Հայաստանի Հանրապետությունում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողների կողմից Հայաստանի Հանրապետությունում բանկային վճարմամբ ձեռք բերված կամ Հայաստանի Հանրապետություն ներմուծված ակցիզային հարկով հարկված հումքի դիմաց սույն օրենքին համապատասխան վճարված ակցիզային հարկի գումարը`
ա) այդ հումքից պատրաստված` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների արտահանման դեպքում ենթակա է վերադարձման` սույն օրենքի 9 հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում, իսկ ԵՏՄ անդամ պետություններ արտահանման դեպքում՝ «Անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում.
բ) բացառությամբ սույն հոդվածի 6-րդ կետում նշված դեպքի, պակասեցվում է դրանց համար դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի հիման վրա` հաշվետու ժամանակաշրջանում վճարման ենթակա ակցիզային հարկի ընդհանուր գումարից:
6. Հայաստանի Հանրապետությունում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողների կողմից Հայաստանի Հանրապետությունում բանկային վճարմամբ ձեռք բերված կամ Հայաստանի Հանրապետություն ներմուծված ակցիզային հարկով հարկված հումքի դիմաց սույն օրենքին, իսկ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծված՝ ակցիզային հարկով հարկված հումքի դիմաց՝ «Անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան վճարված ակցիզային հարկի գումարի` այդ հումքից պատրաստված ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար հաշվարկված ակցիզային հարկի գումարը գերազանցող մասը հաշվանցման կամ վերադարձման ենթակա չէ:
6.1. Հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողների կողմից Հայաստանի Հանրապետությունում ձեռք բերված կամ Հայաստանի Հանրապետություն ներմուծված` ակցիզային հարկով հարկման ենթակա հումքի դիմաց սույն օրենքին, իսկ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծված՝ ակցիզային հարկով հարկված հումքի դիմաց՝ «Անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան վճարված ակցիզային հարկի գումարը` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար հաշվարկված ակցիզային հարկի գումարին գերազանցելու դեպքում, գերազանցող մասը, բացառությամբ սույն օրենքի 8 հոդվածի 6-րդ կետով և 9 հոդվածով սահմանված դեպքերի, հաշվանցվում է հետագա հաշվետու ժամանակաշրջաններում` սույն օրենքի համաձայն վճարման ենթակա ակցիզային հարկի գումարների հաշվին:
7. որպես հումք ձեռք բերված` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար օրենքի համաձայն հարկային հաշիվ համարվող հաշվարկային փաստաթղթում առանձնացված ակցիզային հարկի գումարը հաշվանցվում է սույն օրենքով սահմանված դեպքերում և կարգով:
8. Սույն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում ակցիզային հարկը վճարվում է ակցիզային դրոշմանիշերի վերադարձման ժամկետը լրանալու կամ տարածքային հարկային տեսչությունների կամ տարածաշրջանային մաքսատան կողմից դրոշմանիշերը հետ չընդունվելու օրվան հաջորդող 10-օրյա ժամանակահատվածում:
Վնասված ակցիզային դրոշմանիշերը սահմանված կարգով տարածքային հարկային տեսչություններ կամ տարածաշրջանային մաքսատներ վերադարձվելու (վերջիններիս կողմից հետ ընդունվելու) դեպքերում վերադարձման ենթակա ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման համար նախկինում պետական բյուջե վճարված գումարը նվազեցվում է նույն ակցիզային դրոշմանիշերի տպագրության համար պետության կատարած ծախսերի չափով:
Ակցիզային դրոշմանիշերի յուրաքանչյուր նմուշի տպագրության համար պետության կատարած ծախսերի չափի վերաբերյալ տեղեկանքը հարկ վճարողին տրվում է համապատասխանաբար հարկային և մաքսային մարմինների կողմից` հարկ վճարողի պահանջով: Տեղեկանքը տրվում է հարկ վճարողի դիմումի ստացմանը հաջորդող 15-րդ օրվանից ոչ ուշ:
9. Համատեղ գործունեության պայմանագրով համատեղ գործունեության գործերի վարումը օրենքով սահմանված կարգով հարկերը հաշվարկելու և վճարելու պարտավորություն ստանձնած մեկ մասնակցի կողմից վարվելու դեպքում համատեղ գործունեության շրջանակներում իրականացված գործարքների մասով ակցիզային հարկի առանձնացմամբ հարկային հաշիվները դուրս են գրվում հարկերը հաշվարկելու և վճարելու պարտավորություն ստանձնած անձի կողմից:
Համատեղ գործունեության պայմանագրով մեկից ավելի անձանց կողմից գործերի վարում նախատեսված լինելու դեպքում համատեղ գործունեության մասով իրականացված գործարքների մասով առանձին մասնակցի կողմից ակցիզային հարկի առանձնացմամբ հարկային հաշիվներ կարող են դուրս գրվել հարկերը հաշվարկելու և վճարելու պարտավորությունը ստանձնած անձի անունով` համատեղ գործունեության բոլոր մասնակիցների համապատասխան գրավոր համաձայնության առկայության դեպքում:
10. Առանց իրավաբանական անձ ձևավորելու համատեղ գործունեության իրականացման համար տրամադրվող ներդրումներին վերաբերող՝ ձեռք բերված հումքի դիմաց վճարված ակցիզային հարկի գումարները ենթակա չեն հաշվանցման կամ վերադարձման, բացառությամբ սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով սահմանված դեպքի: Սույն կետին համապատասխան հաշվանցման ոչ ենթակա ակցիզային հարկի այն գումարները, որոնք նախկինում հաշվանցվել են, վերաձևակերպվում և նվազեցվում են հաշվանցվող գումարներից այն հաշվետու ժամանակաշրջանում, որում կատարվել է ներդրումը:
(8-րդ հոդվածը լրաց. 14.12.01 ՀՕ-280, 25.12.03 ՀՕ-64-Ն, լրաց., փոփ. 25.12.06 ՀՕ-251-Ն, փոփ. 30.04.08 ՀՕ-59-Ն, խմբ. 29.10.09 ՀՕ-202-Ն, լրաց., փոփ. 22.12.10 ՀՕ-211-Ն, լրաց. 19.12.12 ՀՕ-250-Ն, 17.12.14 ՀՕ-244-Ն, 29.10.15 ՀՕ-116-Ն)
(8-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 8-րդ մասերը 24.11.15 ՀՕ-157-Ն օրենքի 3-րդ հոդվածի փոփոխությամբ և խմբագրությամբ ուժի մեջ կմտնեն 01.01.18 թ.)