Հոդված 7. ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 7. ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՈՒՄԸ
1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման կարգ:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող՝ ԱՏԳ ԱԱ-2203, 2204, 2205, 2206, 2207, 2208, 2402 ծածկագրերին դասվող ապրանքների ներմուծման կամ հանրապետության տարածքում մաքսային և հարկային հսկողության ու հաշվառման կարգ, այդ թվում` իրացման քանակների հաշվառման հատուկ կարգ և պահանջներ, նշված ապրանքների դրոշմավորման, դրոշմանիշերի ձևին, տրամադրմանը, օգտագործմանը, վերադարձմանը, ինչպես նաև դրոշմավորված ապրանքների իրացմանը ներկայացվող պահանջներ:
1.1 . Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ապրանքների դրոշմավորման համար ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու համար հարկային տեսչություն ներկայացվում են՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձևին համապատասխան դիմում՝ 2 օրինակից.
2) ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման համար վճարված գումարը հաստատող փաստաթղթի պատճենը.
3) հաշվետվություն` նախկինում ձեռք բերված ակցիզային դրոշմանիշերի օգտագործման մասին, հարկային մարմնի սահմանած ձևով.
4) արտադրողների (ներառյալ` շշալցում իրականացնողների) կողմից որպես հումք ձեռք բերված սպիրտի ձեռքբերման հաշվարկային փաստաթղթերի պատճենները.
5) լիցենզիայի և տարեկան պետական տուրքի վճարման անդորրագրի ու համապատասխանության սերտիֆիկատի (պարտադիր լինելու դեպքում) պատճենները: Լիցենզիայի և տարեկան պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենները կարող են չներկայացվել, եթե դրանք տվյալ տարվա համար մեկ անգամ արդեն ներկայացվել են: Համապատասխանության սերտիֆիկատը գործողության յուրաքանչյուր ժամանակահատվածի համար ներկայացվում է մեկ անգամ: Այս դեպքում սույն կետում նշված փաստաթղթերին կից ներկայացվող գրությունում նշվում են այն գրության ամսաթիվը և համարը, որին կից ներկայացվել են այդ պատճենները:
1.2 . Ակցիզային դրոշմանիշերը տրամադրվում են սույն հոդվածի 1.1 -րդ մասում նշված փաստաթղթերի և արտադրողների մոտ հարկային տեսչությունների կողմից արտադրական կարողությունների ուսումնասիրության վերաբերյալ կազմված տեղեկանքի հիման վրա: Հարկային տեսչությունն ակցիզային դրոշմանիշերը տրամադրում է փաստաթղթերը ներկայացնելու օրվան հաջորդող յոթ աշխատանքային օրվա ընթացքում: Ակցիզային դրոշմանիշեր չեն տրամադրվում, եթե դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ ակցիզային հարկի գծով գերավճարը քիչ է պահանջվող դրոշմանիշերի համար վճարման ենթակա գումարից, կամ արտադրական հզորությունները չեն համապատասխանում պահանջվող դրոշմանիշերի քանակին: Այս դեպքում հայտը կարող է բավարարվել մասնակի՝ գերավճարի գումարին կամ արտադրական հզորություններին համապատասխան:
1.3 . Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ոգելից խմիչքի և ծխախոտի արտադրանքի մանրածախ առևտրի ոլորտում իրացման համար տարաների թույլատրելի չափերը:
2. Հարկ վճարողների համար ակցիզային դրոշմանիշների ձեռքբերման համար վճարված գումարը համարվում է հաշվարկված ակցիզային հարկի կանխավճար, իսկ օրենսդրությամբ սահմանված կարգով ակցիզային հարկին փոխարինող հաստատագրված վճար վճարողների համար` հաստատագրված վճարներից նվազեցման ենթակա գումար, և չի կարող հաշվանցվել այլ հարկային պարտավորությունների հաշվին, բացառությամբ դրոշմավորման կարգով նախատեսված դեպքերի:
3. Չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերի վերադարձը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ժամկետից ուշացնելու կամ սույն հոդվածի 4-րդ մասում սահմանած դեպքերում տարածքային հարկային տեսչությունների կամ տարածաշրջանային մաքսատան կողմից հետ չընդունվելու դեպքերում չվերադարձված կամ հետ չընդունված ակցիզային դրոշմանիշերի թվին, տեսակին և տարողությանը համապատասխան պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների համար սույն օրենքով սահմանված կարգով վճարվում է ակցիզային հարկ:
4. Հարկ վճարողի կողմից վերադարձվող ակցիզային դրոշմանիշերը տարածքային հարկային տեսչությունների կամ տարածաշրջանային մաքսատան կողմից չեն ընդունվում, եթե չեն պահպանվել հետևյալ պայմանները՝
ա) ակցիզային դրոշմանիշերը պետք է փակցված լինեն առանձին էջերի վրա՝ առանց ծալքերի և անհարթությունների.
բ) պետք է պարզ երևան ակցիզային դրոշմանիշի սերիան և դրա կենտրոնական մասը.
գ) ակցիզային դրոշմանիշի պատռվածքի դեպքում պատռված մասերը պետք է միացված լինեն.
դ) վերադարձվող յուրաքանչյուր ակցիզային դրոշմանիշի մակերեսը (այդ թվում՝ հավաքված առանձին մասերից) պետք է կազմի իր սկզբնական չափի առնվազն 60 տոկոսը:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի սահմանած նմուշի դրոշմանիշերը կիրառության մեջ են դրվում և կիրառությունից հանվում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Այդ դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների իրացումը թույլատրելու ժամկետը չի կարող պակաս լինել երկու տարուց՝ սկսած դրոշմանիշերը կիրառության մեջ դնելու պահից, կամ 6 ամսից` դրան հաջորդող նմուշի դրոշմանիշերը կիրառության մեջ դնելու պահից:
6. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` ակցիզային դրոշմանիշերով պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորումը պարտադիր պայման է մաքսային մարմինների կողմից նշված ապրանքները «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով բաց թողնելու համար, բացառությամբ սույն օրենքի 6-րդ հոդվածի «դ» կետով նախատեսված դեպքի:
7. Արգելվում է ակցիզային դրոշմանիշերի օտարումը կամ փոխանցումը (տրամադրումը, հատկացումը) այլ անձանց, բացառությամբ «ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմով արտահանված ակցիզային դրոշմանիշերն օտարերկրյա պայմանադիր կողմին փոխանցելը:
8. Ակցիզային դրոշմանիշերով պարտադիր դրոշմավորման ենթակա ներմուծվող ապրանքների դրոշմավորումը կատարվում է նախքան այդ ապրանքները Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծելը, բացառությամբ վերադրոշմավորման կամ բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված և ժառանգության իրավունքով պետությանն անցած ապրանքների դրոշմավորման դեպքերի: Հայաստանի Հանրապետություն ներմուծվող դրոշմավորման ենթակա ապրանքների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դրոշմավորման համար պատասխանատու է ներմուծողը:
9. Ակցիզային դրոշմանիշերը կարող են տրամադրվել միայն Հայաստանի Հանրապետությունում գրանցված կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին:
10. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու համար ներմուծողը վերադաս մաքսային մարմին է ներկայացնում.
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձևի դիմում` ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու համար.
բ) օտարերկրյա պայմանադիր կողմի հետ կնքված պայմանագրի պատճենը, որի հիման վրա կատարվելու է պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների ձեռքբերումը և ներմուծումը.
գ) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձևի հաշվետվություն` դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նախկինում տրամադրված ակցիզային դրոշմանիշերի օգտագործման մասին:
11. Վերադաս մաքսային մարմինն ուսումնասիրում է ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու մասին դիմումը և դիմումին կից ներկայացված փաստաթղթերը և 5-օրյա ժամկետում ընդունում է որոշում ակցիզային դրոշմանիշեր տրամադրելու մասին: Ակցիզային դրոշմանիշերը ներմուծողին տրամադրվում են հատկացվող դրոշմանիշերի թվին համապատասխան` ներմուծողի կողմից վճարած գումարի վճարումը հավաստող փաստաթղթի առկայության դեպքում, մեկօրյա ժամկետում:
Ակցիզային դրոշմանիշերը ներմուծողին տրամադրվում են 90-օրյա ժամկետով: Վերադաս մաքսային մարմինը մինչև 90-օրյա ժամկետի ավարտն օտարերկրյա պայմանադիր կողմի հետ կնքված պայմանագրի չկատարման կամ մասնակի կատարման դեպքում ներմուծողի դիմումի հիման վրա երկարաձգում է ակցիզային դրոշմանիշերի տրամադրման ժամկետը` դիմումում նշված ժամկետով, բայց ոչ ավելի, քան 90 օր:
Ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու համար դիմումը մերժվում է, եթե ներմուծողը թերի է ներկայացրել սույն կետով նախատեսված փաստաթղթերը, կամ նրա մոտ կան դրոշմանիշեր, որոնց օգտագործման մասին հաշվետվությունը սահմանված ժամկետում չի ներկայացվել վերադաս մաքսային մարմին, կամ կան դրոշմանիշեր, որոնց վերադարձման ժամկետը լրացել է, և չի իրականացվել օրենքով սահմանված պարտադիր վճարների կատարումը:
Վերադաս մաքսային մարմինն ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու դիմումը կարող է մերժել, եթե ներմուծողի մոտ առկա են նախկինում ձեռք բերված ծխախոտի արտադրանքի 5 միլիոն հատը և ալկոհոլային խմիչքի 300 հազար հատը գերազանցող ակցիզային դրոշմանիշեր:
12. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող պարտադիր դրոշմավորման ենթակա էթիլային սպիրտի և ալկոհոլային խմիչքի արտադրանքի համար նախատեսված ակցիզային յուրաքանչյուր դրոշմանիշի ձեռքբերման համար վճարվում է 100 դրամ, ծխախոտի արտադրանքի համար` 25 դրամ, բացառությամբ բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված և ժառանգության իրավունքով պետությանն անցած ապրանքների:
13. Հայաստանի Հանրապետությունում արտադրվող պարտադիր դրոշմավորման ենթակա էթիլային սպիրտի արտադրանքի համար նախատեսված ակցիզային յուրաքանչյուր դրոշմանիշի ձեռքբերման համար վճարվում է 100 դրամ, ալկոհոլային խմիչքի արտադրանքի համար` 50 դրամ, ծխախոտի արտադրանքի համար` 25 դրամ, բացառությամբ բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված և ժառանգության իրավունքով պետությանն անցած ապրանքների դրոշմավորման համար ակցիզային դրոշմանիշերի:
(7-րդ հոդվածը լրաց. 14.12.01 ՀՕ-280, 25.12.03 ՀՕ-64-Ն, 30.04.08 ՀՕ-58-Ն, 30.04.08 ՀՕ-59-Ն, 30.09.08 ՀՕ-170-Ն)
(7-րդ հոդվածի 2-րդ մասը 07.10.10 ՀՕ-126-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.01.2014 թ.)