Հոդված 3. ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ և ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ
Հոդված 3. ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ և ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ
1. Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներն են գարեջուրը, խաղողի և այլ գինիները, սպիրտը (բացառությամբ կոնյակի սպիրտի) և սպիրտային խմիչքները, ծխախոտի արդյունաբերական փոխարինիչները, սիգարները, սիգարելաները և սիգարետները` ծխախոտով կամ դրա փոխարինիչներով, բենզինը, հում նավթը և նավթամթերքները, դիզելային վառելիքը, նավթային գազերը, սեղմված բնական գազը և գազանման այլ ածխաջրածինները (բացառությամբ սեղմված չհամարվող բնական գազի), քսայուղերը):
Սույն օրենքի իմաստով սեղմված բնական գազ է համարվում ԱՏԳ ԱԱ 2711 21 ապրանքային դիրքին դասվող բնական գազը, որը ստացվում է ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեություն իրականացնող անձանց կողմից մի քանի փուլով (խառնուրդի մաքրում, խոնավության և այլ աղտոտիչների հեռացում ու սեղմում) գազի մշակման արդյունքում՝ առանց բնական գազի բաղադրության փոփոխության:
2. Հայաստանի Հանրապետությունում ակցիզային հարկ վճարում են վերոհիշյալ ապրանքները (բացառությամբ սեղմված բնական գազի) ներմուծող կամ արտադրող (ներառյալ` շշալցնող կամ այլ կերպ տարայավորող) իրավաբանական (այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձանց Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով գրանցված ներկայացուցչությունները և մասնաճյուղերը) և ֆիզիկական անձինք: Սեղմված բնական գազի դեպքում ակցիզային հարկ վճարող են համարվում ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեություն իրականացնող իրավաբանական (այդ թվում` Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով գրանցված օտարերկրյա իրավաբանական անձանց ներկայացուցչությունները և մասնաճյուղերը) և ֆիզիկական անձինք:
3. Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով պետական գրանցում ստացած անձանց հետ կնքված պայմանագրերով և նրանց կողմից տրված հումքից (այդ թվում` շշալցման կամ այլ տարաներով տարայավորման) հանրապետության տարածքում արտադրվող (պատրաստվող, շշալցվող) ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար ակցիզային հարկի հաշվարկման և վճարման պարտավորությունը կրում են այդ անձինք (պատվիրատուները):
4. Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով պետական գրանցում չստացած անձանց հետ կնքված պայմանագրերով և նրանց կողմից տրված հումքից (այդ թվում` շշալցման կամ այլ տարաներով տարայավորման) հանրապետության տարածքում արտադրվող (պատրաստվող, շշալցվող) ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար ակցիզային հարկի հաշվարկման և վճարման պարտավորությունը կրում են դրանք արտադրող (պատրաստող, շշալցնող) անձինք:
5. Որպես գրավի առարկա գրավառուին հանձնված ապրանքների տնօրինման իրավունքը օրենսդրությամբ սահմանված կարգով գրավառուին անցնելու դեպքում ակցիզային հարկի վճարման պարտավորությունը կրում է գրավատուն, եթե վերջինս սույն օրենքի համաձայն համարվում է հարկ վճարող:
6. Առանց իրավաբանական անձ ձևավորելու համատեղ գործունեություն իրականացվելու դեպքերում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների օտարման մասով ակցիզային հարկ վճարող է համարվում հարկերը հաշվարկելու և վճարելու պարտավորություն ստանձնած անձը:
7. Օրենքով սահմանված դեպքերում և կարգով ակցիզային հարկի հաշվարկման և վճարման պարտավորությունը կարող է դրվել այլ անձանց վրա կամ սահմանվել համապարտ պարտավորություն՝ հարկային պարտավորությունների կատարման մասով:
(3-րդ հոդվածը փոփ., լրաց. 26.12.08 ՀՕ-28-Ն, լրաց., փոփ. 19.12.12 ՀՕ-250-Ն, փոփ. 22.05.14 ՀՕ-24-Ն, փոփ., լրաց. 29.10.15 ՀՕ-116-Ն)