Հոդված 47. Ռեզիդենտների շահութահարկի կանխավճարները
Հոդված 47. Ռեզիդենտների շահութահարկի կանխավճարները
1. Տարվա ընթացքում հարկատուն պարտավոր է կատարել շահութահարկի կանխավճարներն` սույն հոդվածով սահմանված կարգով:
Ընթացիկ տարում շահութահարկի նվազեցման (այդ թվում` ժամկետային) արտոնությունից օգտվող հարկատուների համար սույն հոդվածով սահմանված կարգով որոշվող կանխավճարների մեծությունը նվազեցվում է տվյալ տարվա շահութահարկի նվազեցման չափով (տոկոսով)` արտոնությունից օգտվելու ժամանակաշրջանում: Շահութահարկի վճարման ժամկետի հետաձգման արտոնությունից օգտվող հարկատուների համար հաշվարկված և հետաձգված շահութահարկի գումարներին համապատասխան կանխավճարների կատարումը հետաձգվում է մինչև նախորդ տարիներին վերաբերող գումարների ստացման հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ժամանակաշրջանը:
2. Կանխավճարների մուծումները կատարվում են յուրաքանչյուր ամիս, նախորդ տարվա շահութահարկի փաստացի գումարի և (կամ) շահութահարկի հաշվարկային մեծության մեկ տասնվեցերորդի չափով` տվյալ ամսվա քսանհինգից (իսկ եթե դա համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվանից) ոչ ուշ:
Բացառությամբ սույն հոդվածի 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված դեպքերի, ընթացիկ տարվա կանխավճարների հաշվարկման համար հիմք է հանդիսանում նախորդ տարվա հարկվող շահույթի նկատմամբ կիրառվող դրույքաչափով հաշվարկված շահութահարկի գումարի և սույն օրենքի 52-րդ հոդվածին համապատասխան` նախորդ տարում օտարերկրյա պետություններում ստացված եկամտից վճարված շահութահարկի հաշվանցվող գումարների դրական տարբերությունը, ինչպես նաև նախորդ տարվա պարզեցված հարկի և (կամ) հաստատագրված վճարի մեջ շահութահարկին բաժին ընկնող գումարները` հաշվի առնելով շահութահարկի վճարման ժամկետի հետաձգման արտոնությունից օգտվող հարկատուների համար սույն հոդվածի 1-ին կետով սահմանված առանձնահատկությունը:
Սահմանված ժամկետներում կանխավճարային մուծումներ չկատարելու դեպքում հարկային տեսչության մարմիններն այդ կանխավճարային գումարների և դրանց գծով հաշվարկված տույժերի վերաբերյալ պահանջներ են ներկայացնում օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Նոր հիմնադրված հարկատուն կարող է շահութահարկի կանխավճարներ չկատարել մինչև հաջորդ տարվա ապրիլի 25-ը` այդ մասին նախօրոք հայտնելով հարկային տեսչության մարմնին:
4. Այն հարկատուն, որը նախորդ տարում հարկվող շահույթ չի ունեցել, կամ որի նախորդ տարվա շահութահարկի գումարը չի գերազանցել 500 հազար դրամը, կամ որը նախորդ տարում օրենքով սահմանված կարգով չի համարվել ԱԱՀ վճարող, կարող է շահութահարկի հաշվարկը ներկայացնելուց հետո շահութահարկի կանխավճարներ չկատարել:
5. Մինչև նախորդ տարվա փաստացի շահութահարկի գումարի հաշվարկումը, հարկատուն շահութահարկի կանխավճարները յուրաքանչյուր անգամ կատարում է նախորդ տարվա վերջին կանխավճարի գումարից ոչ պակաս չափով:
Նախորդ տարվա փաստացի շահութահարկի գումարները հայտնի դառնալուց հետո շահութահարկի հաշվարկի ներկայացմանը հաջորդող առաջին կանխավճարային մուծման ժամանակ կատարվում է մինչև հաշվարկի ներկայացումը տվյալ տարվա ընթացքում կատարված կանխավճարների գումարների ճշտում` տարվա սկզբից աճող հանրագումարով և սույն հոդվածի 2-րդ կետում նշված չափերով:
6. Նախորդ տարվա նկատմամբ ընթացիկ տարվա հարկվող շահույթը պակաս նախատեսելու դեպքում հարկատուն ամսական կանխավճարի մեծությունը որոշում է ինքնուրույն` շահութահարկի հաշվարկների ներկայացման ժամկետից ոչ ուշ` այդ մասին գրավոր հայտնելով հարկային տեսչության մարմիններին: Կանխավճարի տարեկան հանրագումարը տվյալ տարվա փաստացի շահութահարկի 75 տոկոսից պակաս լինելու դեպքում հարկատուն վճարում է տույժ` փաստացի ստացված շահութահարկի մեկ տասնվեցերորդի և տվյալ ամսվա փաստացի կատարված կանխավճարի տարբերության գումարի նկատմամբ` կանխավճարի վճարման համար սույն օրենքի 47 հոդվածի 2-րդ կետով սահմանված օրվանից մինչև հարկային տեսչության մարմնին փաստացի շահութահարկի գումարը հայտնի դառնալու (շահութահարկի հաշվարկը ներկայացնելու) օրը:
(Մասը հանվել է 26.12.00 ՀՕ-128)
(Մասը հանվել է 26.12.00 ՀՕ-128)
7. Հաշվետու տարվա ավարտից հետո հարկատուն, ելնելով հաշվարկված հարկվող շահույթից, հաշվարկում է շահութահարկի գումարը` դրան հաշվանցելով տվյալ հաշվետու տարվա համար կատարված կանխավճարների գումարները:
8. Եթե հաշվետու տարվա փաստացի շահութահարկի գումարը պակաս է տվյալ տարվա համար կատարված կանխավճարների հանրագումարից, ապա դրանց տարբերությունը ենթակա է վերադարձման` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33 հոդվածի համաձայն: Այս դեպքում կանխավճարների գումարների նկատմամբ հաշվարկված տույժերի հաշվարկը դադարեցվում է հարկային տեսչության մարմնին փաստացի շահութահարկի գումարը հայտնի դառնալու (շահութահարկի հաշվարկը ներկայացնելու) օրը, բայց ապրիլի 25-ից ոչ ուշ: Կանխավճարների նկատմամբ հաշվարկված տույժերի գումարները վերահաշվարկման կամ վերադարձման ենթակա չեն:
9. Եթե կատարված կանխավճարների հանրագումարը պակաս է տվյալ հաշվետու տարվա փաստացի շահութահարկի գումարից, ապա վերահաշվարկ է կատարվում միայն շահութահարկի գծով, և հարկատուն պարտավոր է առաջացած տարբերությունը վճարել պետական բյուջե: Այս դեպքում կանխավճարների գծով տույժերի հաշվարկը դադարեցվում է հարկային տեսչության մարմնին փաստացի շահութահարկի գումարը հայտնի դառնալու (շահութահարկի հաշվարկը ներկայացնելու) օրը: Շահութահարկի գումարի վճարումն ուշացնելու համար տույժերի հաշվարկը սկսվում է ապրիլի 25-ից` շահութահարկի գումարի չվճարված մասի նկատմամբ, «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածով նախատեսված չափերով:
(47-րդ հոդվածը լրաց., փոփ. 28.12.98 ՀՕ-269, փոփ. 26.12.00 ՀՕ-128, լրաց. 11.12.02 ՀՕ-487-Ն, 21.08.08 ՀՕ-147-Ն)